Փարիզի համաձայնագրեր (1954)

Փարիզի համաձայնագրեր 1954, ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի, Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի ներկայացուցիչների կողմից ԳՖՀ–ի հետ ստորագրված (հոկտեմբերի 23-ին) ռազմական, քաղաքական և այլ փաստաթղթերի ամբողջություն։ Ուժի մեջ են մտել 1955 թվականի մայիսի 5-ին։ Հիմնականներն են․ 1․ ԳՖՀ–ում օկուպացիոն ռեժիմի վերացման մասին ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Արմ․ Գերմանիայի ստորագրած արձանագրությունն ու համաձայնագիրը, 2․ ՆԱՏՕ–ի շրջանակներում ռազմա-քաղաքական Արևմտաեվրոպական դաշինքի ստեղծման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի և ԳՖՀ–ի ստորագրած արձանագրությունները, 3․ ԳՖՀ–ի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին այդ խմբավորման անդամ պետությունների արձանագրությունը։ Փարիզի համաձայնագրերը էապես մեղմացրին արևմտագերմանական ռազմաարդյունաբերական պոտենցիալի սահմանափակումները, օրինականացրեցին ԳՖՀ-ի սպառազինումը։ ԳՖՀ-ի կառավարությունը ապօրինի կերպով հռչակվեց ամբողջ գերմանական ժողովրդի «միակ ներկայացուցիչը» միջազգային գործերում։ Ի խախտումն Պոտսդամի կոնֆերանս 1945 թվականի որոշումների ստորագրված Փարիզի համաձայնագրերը ուժեղացրին միջազգային լարվածությունը։ Այդ համաձայնագրերի դեմ վճռաբար հանդես եկան ԽՍՀՄ, ԳԴՀ և սոցիալիստ, մյուս երկրները, եվրոպական պետությունների խաղաղասեր հասարակայնությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։