Փայտամշակման հաստոց, փայտի և փայտանյութերի մշակման համար նախատեսված տեխնիկա։ Ըստ կատարվող աշխատանքի բնույթի փայտամշակման հաստոցներ կարող են լինել փայտակտրիչ (սղոցիչ, ֆրեզիչ, խառատային, ռանդիչ և այլն), ճկիչ, հավաքման (դետալները սոսնձելու, դրանք բութակներով միացնելու համար և այլն), սոսինձ քսել ու, վերջնամշակման (շինվածքները ներկելու, ներկված մակերևույթը ողորկելու համար և այլն)։ Առավել տարածված փայտակտրիչ փայտամշակման հաստոցներ, ըստ մասնագիտացման, լինում են ընդհանուր նշանակման (լայնորեն կիրառվում են տնտեսության տարբեր բնագավառներում) և հատուկ (միայն որոշակի արտադրություններում իրականացվող աշխատանքների համար)։ Ոչ մեծ արհեստանոցներում սովորաբար օգտագործվում են բազմակի գործողության (համակցված և ունիվերսալ) հաստոցներ։ Առանձին խումբ են կազմում բազմակի գործողության ավտոմատները և կիսաավտոմատները, ագրեգատային հաստոցները, ավտոմատ գծերը և հաստոց-կոմբայնները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։