Ցիտոքրոմներ, շնչառական ֆերմենտներ, երկաթ պարունակող բարդ սպիտակուցներ, որոնց պրոսթետիկ (ոչ սպիտակուցային) մասը կազմում է հեմը (հեմոպրոտեիդներ)։ Առաջինը նկարագրել է շոտլանդացի գիտնական Մաք Մաննը (1886), իսկ նրանց դերը կենդանի բջիջներում բացահայտել է Դ․ Քեյլինը (1926, Անգլիա)։ Հայտնի են շուրջ 30 ցիտոքրոմներ։ Լայնորեն տարածված են բուսական, կենդանական և մանրէների բջիջներում։ Կարևոր դեր են կատարում կենդանի օրգանիզմներում ընթացող բազմաթիվ պրոցեսներում (բջջային շնչառություն, ֆոտոսինթեզ, միկրոսոմային օքսիդացում)։ Կենդանի բջիջներում իրականացնում են էլեկտրոնների և (կամ) ջրածնի աստիճանական տեղափոխությունն օքսիդացվող օրգանական նյութերից մոլեկուլային թթվածնի։ Պրոցեսի ընթացքում առաջանում է էներգիայով հարուստ միացություն՝ ադենոզինեռֆոսֆորաթթու։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։