Ցիկլոպարաֆիններ, ցիկլոալկաններ, օղակաձև կառուցվածքով մոլեկուլներ ունեցող սահմանային ածխաջրածիններ։ Ցիկլոպարաֆինի ընդհանուր բանաձևն է CnH2n։ Մոլեկուլները բաղկացած են իրար միացած մեթիլենային խմբերից (–CH2–), այդ պատճառով անվանվում են նաև բազմամեթիլենային ածխաջրածիններ կամ բազմամեթիլեններ։ Հատկություններով նման են սահմանային ածխաջրածիններին։ Պարզագույն ներկայացուցիչը ցիկլոպրոպանն է, որը ջրում չլուծվող գազ է (եռում է 32,8 °C–ում)։ Ունի չհագեցած ածխաջրածինների հատկությունները, օգտագործվում է նարկոզի համար։ Ցիկլոբութանը (քառամեթիլեն) թույլ հոտով, անգույն գազ է (եռում է 12,9 °C–ում), ջրում չի լուծվում։ Նրա ֆտորածանցյալը՝ ութֆտորցիկլոբութանը (C4F8) օգտագործվում է որպես ֆրեոն։ Ցիկլոպենտանը (հնգամեթիլեն) և ցիկլոհեքսանը (վեցամեթիլեն) բնորոշ հոտով, անգույն հեղուկներ են, փոքր քանակներով պարունակվում են նավթերում (նավթեններ)։ Ցիկլոհեքսանը բազմաթիվ նյութերի (ցիկլոհեքսանոլ, կապրոլակտամ, ադիպինաթթու, պոլիամիդներ ևն) ստացման հումք է։ Այն ստանում են բենզոլի կատալիտիկ հիդրմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 157