Պոլիամիդներ, սինթետիկ պոլիմերներ, որոնք մակրոմոլեկուլի շղթայում պարունակում են ալիֆատիկ և արոմատիկ ռադիկալներին միացած ամիդային խմբեր՝ ։ Մեծ մասամբ սպիտակ, եղջերանման, թափանցիկ բյուրեղական նյութեր են, երբեմն՝ մածուցիկ հեղուկներ (խեժեր)։ Ալիֆատիկ Պոլիամիդների հալած ջերմաստիճանը 150—265°С է, արոմատիկ Պոլիամիդներինը՝ 400°С-ից բարձր։ Ջերմապլաստիկ, թեթև, մեխանիկական բարձր ամրության, առաձգական, մաշտակայուն, ջերմակայուն և քիմիապես կայուն նյութեր են։ Չեն լուծվում ջրում, թթուների, ալկալիների, մարմինների լուծույթներում, լուծվում են խիտ ծծմբական թթվում, մրջնաթթվում, կրեզոլում։ Պոլիամիդները ստանում են պոլիմերման (ալակտոններից՝ օղակի բացումով), ամինակարբոնաթթուների, երկկարբոնաթթուների, նրանց էսթերների և երկամինների պոլիկոնդենսման ռեակցիաներով։ Պոլիամիդները օգտագործվում են հիմնականում մանրաթելեր և թաղանթներ ստանալու, նաև մեքենաների մասեր (ատամնանիվներ, գնդառանցքակալներ ևն) պատրաստելու համար։ Պոլիամիդային մանրաթելերն ստանում են 15000—30000 մոլեկուլ զանգված ունեցող Պոլիամիդներից։ Այդ թելերը կայուն են ձգման, շփման, հարվածների, քիմիական ու կենսաբանական բազմաթիվ ազդակների նկատմամբ և օգտագործվում են գործվածքեղենի, ավտոդողերի, ռետինատեխնիկական իրերի, ձկնորսական ցանցերի, ճոպանների և այլ արտադրության համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 352
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլիամիդներ» հոդվածին։