Ցիգարյան ոչխար, կիսանրբագեղմ, բրդամսատու և մսաբրդատու ոչխարների ցեղ։ Բուծվել է հնագույն ժամանակներում (ծագումը ճշտված չէ)։ Ցիգարյան ոչխարներն արտաքնակազմով և բրդի որակով նման են մեգինոսներին Եվրոպա ներմուծվել է Փոքր Ասիայից (Ռուսաստան՝ 19-րդ դարի սկզբներին)։ Բրդամսատու տիպի խոյերի կենդանի զանգվածը 85-95, մաքիները՝ 45-50 կգ։ Բուրդը 48-56 որակի, երկարությունը 8-10 սմ, խոյերի բրդատվությունը՝ 6,5-7,5, մաքիներինը՝ 3,5-4,5 կգ։ Լվացված բրդի ելքը 56-58% է։ Մսաբրդատու տիպի կենդանիներն ավելի խոշոր են։ Բուրդը 46-56 որակի, երկարությունը 10-12 սմ, խոյերի բրդատվությունը 7,5-8,5, մաքիներինը՝ 4-4,5 կգ է։ Բուրդը տեխնիկական մահուդի և տրիկոտաժե գործվածքների համար լավագույն հումք է։ Ցիգարյան ոչխարները վաղահաս են, լավ բտվում են և կլիմայավարժվում տարբեր պայմաններում։ Ցեղը բուծում են Բուլղարիայում, Հունգարիայում, Հարավսլավիայում, Ռումինիայում, ԽՍՀՄ-ում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։