Ցիանիդի արտահոսք Բայա Մարեում

Ցիանիդի արտահոսք Բայա Մարեում, էկոլոգիական աղետ, որ տեղի է ունեցել 2000 թվականի հունվարի 30-ի գիշերը Ռումինիայի Բայա Մարե քաղաքում։ Արտահոսքի հետևանքով ցիանիդով աղտոտված ջուրը թափվել է Սոմեշ գետ, իսկ այնուհետև Տիսա և Դանուբ գետեր։ Աղետի հետևանքով Հունգարիայի ու Հարավսլավիայի ջրային օբյեկտներում սատկել է մեծ քանակի ձուկ։ Աղետը համարվում է Եվրոպայում տեղի ունեցած երկրորդ ամենածանր էկոլոգիական աղետը Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո[1]։

Տիսա գետում սատկած ձկներ

Նախապատմություն խմբագրել

Ոսկու արդյունահանմամբ զբաղվող «Aurul» ընկերությունը եղել է ավստրալիական «Esmeralda Exploration» ընկերության ու Ռումինիայի կառավարության համատեղ սեփականությունը։ Ընկերությունը հայտարարել է, որ կարող է մաքրել նախկինում այդ վայրում ոսկու արդյունահանմամբ զբաղված ընկերությունների թողած թափոնները։ Մնացորդների մշակման ու ցիանավորման միջոցով դրանցում առկա ոսկու առանձնացման նպատակով ընկերությունն այդ թափոնները տեղափոխել է Բոզինտա Մարեի մոտ գտնվող ամբարտակի մոտ[2]։

Ամբարտակի ճեղքվելը խմբագրել

2000 թվականի հունվարի 30-ի գիշերը ամբարտակը ճեղքվել է, ինչի հետևանքով 100 հազար խոր. մետր ծավալով ջուրը, որ աղտոտված էր ցիանիդով[3], թափվել է Սոմեշ գետ[1][2]։ «Esmeralda Exploration» ընկերությունը հայտարարել է, որ ամբարտակի ճեղքման պատճառը եղել է առատ տեղացած ձյունը[1]։

Հետևանքներ խմբագրել

 

Արտահոսքից հետո Սոմեշ գետում ցիանիդի պարունակությունը գերազանցում էր թույլատրելի մակարդակը ավելի քան 700 անգամ։ Սոմեշը թափվում է Տիսա, որ մեծությամբ երկրորդ գետն է Խորվաթիայում։ Տիսան էլ իր հերթին թափվում է Դանուբ, որ երկրորդ ամենաերկար գետն է Եվրոպայում։ Արդյունքում աղտոտվում է ջուրը, որ օգտագործում էին Հունգարիայի շուրջ երկուսուկես միլիոն քաղաքացիներ[1]։ Ցիանիդից բացի՝ գետում են հայտնվել ծանր մետաղներ, որ տևական բացասական ազդեցություն են գործել գետի ջրի վրա[1]։

Տիսա գետի այն հատվածում, որտեղ հայտնվել էր աղտոտված ջուրը, ոչնչացվել է ողջ կենդանական համակարգը։ Տիսա գետի հարավայի՝ Սերբիայում գտնվող հատվածում ոչնչացել են ջրային կենդանիների 80 %-ը։ Տիսա գետից հանվել է ընդհանուր առմամբ 650 տոննա սատկած ձուկ[1]։

Աղետի հետևանքով տուժել են ձկների շուրջ 62 տեսակներ, այդ թվում՝ պաշտպանության տակ գտնվող 20 տեսակ։ Խորվաթիայում կամավորների կողմից կազմակերպվել է սատկած ձկները հանումը գետից, որպեսզի դա չուտեն այլ կենդանիեր, որոնք կարող էին տարածել վարակը[1]։

Երբ աղտոտված ջուրը հասնում է Դանուբ, նրանում ցինաիդի քանակը գերազանցում է թույլատրված չափը 20-50 անգամ[4]։

2002 թվականին, ըստ հունգարացի ձկնորսների, Տիսա գետում ձկների քանակը հինգ անգամ ավելի քիչ էր, քան եղել է մինչ արտահոսքը[3]։

Երկրորդ արտահոսք խմբագրել

Ցիանիդով աղտոտված ջրի արտահոսքից հինգ շաբաթ անց տեղի է ունենում ծանր մետաղներ պարունակող ջրի արտահոսք, ինչի հետևանքով Տիսա գետում է հայտնվում 20 հազար խոր. մետր ջուր, որ պարունակում էր ցինկ, կապար ու պղինձ[5]։

Արձագանքներ խմբագրել

Բրետ Մոնտգոմերին՝ «Esmeralda Exploration» ընկերության ղեկավարության անդամներից մեկը, հայտարարել է, որ աղետի հետևանքները ներկայացվում են «խիստ չափազանցված», իսկ ձուկը, ըստ նրա, սատկել է ոչ թե արտահոսած ցիանիդի, այլ գետի սառցակալման հետևանքով առաջացած թթվածնի անբավարարության պատճառով[1]։

Ավելի ուշ ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ Խորվաթիայի ու Սերբիայի լրատվամիջոցների՝ աղետի բացասական հետևանքների մասին տարածած տեղեկատվությունը ունեցել է քաղաքական պատճառներ[6]։

Ռումինիայի կառավարությունը գետի մոտ ցիանիդի պահպանությունը համարել է «խելագարություն» և հայտարարել, որ վթարի ժամանակ եղանակային պայմաններն եղել են սովորական[1]։

2000 թվականի փետրվարի կեսերին, երբ աղտոտված ջուրը հասել է Դանուբի այն հատվածին, որ հոսում է Ռումինիայի տարածքով, երկրի կառավարությունը ժամանակավորապես արգելել է ձկան որսը գետում և գետի ջրի օգտագործումը որպես խմելու ջուր[6]։

Բնապահպանական մի շարք կազմակերպություններ, որոնց շարքում էին Գրինփիսն ու «Friends of the Earth» կազմակերպությունները, հայտարարել են, որ այդ աղետը ևս մեկ ապացույց է այն բանի, որ պիտի արգելել օգտակար հանածոների արտահանման այն մեթոդները, որոնք վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար[6]։

Ռումինիայի խորհրդարանում երեք անգամ ներկայացվել է ոսկու ցիանավորումն արգելող օրինագիծ, բայց դրանցից ոչ մեկը չի ընդունվել[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Death of a river», BBC, February 15, 2000
  2. 2,0 2,1 «Romania’s poison dump», BBC, May 19, 2000
  3. 3,0 3,1 «Map: Pollution hotspots», BBC, December 13, 2004
  4. «Hungary appeals for ecological help», BBC, February 15, 2000
  5. «Hungary demands action over pollution», BBC, March 14, 2000
  6. 6,0 6,1 6,2 «Firm rejects cyanide damage claims», BBC, February 16, 2000
  7. Horațiu Pepine (2013 թ․ նոյեմբերի 12). «A treia încercare de interzicere a cianurilor». Deutsche Welle.

Արտաքին հղումներ խմբագրել