Րաֆֆի (քանդակ)

Արա Սարգսյանի քանդակներից

«Րաֆֆու քանդակ», 1957 թվականին Արա Սարգսյանի կողմից ստեղծած մեծ վիպասան Րաֆֆու բրոնզե դիմաքանդակը։ Այն համարվում հայ արձակագրի կերպարի լավագույն վերարտադրությունը բովանդակ հայ արվեստում։ Դիմաքանդակը ցուցադրված է Երևանի Գրականության և արվեստի թանգարանում և Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում[1]։

Րաֆֆի
տեսակքանդակ
քանդակագործԱրա Սարգսյան
տարի1957
բարձրություն67 սանտիմետր
լայնություն62 սանտիմետր
խորություն42 սանտիմետր
նյութբրոնզ
գտնվելու վայրԱրա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

Նկարագրություն խմբագրել

Այս քանդակում շոշափելիության աստիճանի առկա է իմաստությունը, առկա է խելացի, արգելքներ չճանաչող ուժը, որը, սակայն, հակված է ոչ թե ֆիզիկական (դա Րաֆֆուն անարժան է), այլ խոհական դրսևորումների։ Կա այս քանդակում մի համապարփակ հոգեկան լիություն, կրքոտ միտք՝ հեռու սառն ու անտարբեր հայեցողությունից։ Այս կիրքը ներքին շարժում է, որն իր հիանալի աջակցությունն է գտել արտաքին գործոններում․ գրողն իր գլուխը դանդաղ ու սահուն շարժումով շրջել է մի փոքր ձախ, և այդ շրջվածքը խաչաձևվել է թիկնոցի ծվենի դեպի աջ ընթացող սրընթաց սլացքի հետ ու կերպարին ներքին դինամիկա հաղորդել, առանց խախտելու նրա խաղաղ վեհությունը[2]։

Դառնություն կա Րաֆֆու հայացքում, սիրտ կեղեքող մտորում։ Վիշտն ու իմաստությունը ակոսել են նրա առնականորեն գեղեցիկ դեմքը և վրան դրոշմել դրամատիկ պաթոս, որը ոչ թե ճչացող դիմակ է, այլ հոգուց է գալիս[2]։

Այդ ներքին լիությունը, հախուռն միտքը, դրամատիկ պաթոսն է, որ քանդակագործը կարողացել է տեսնել և արտահայտել Րաֆֆու դիմագծերում, դրանք դարձրել հեղինակային մտահղացման առանցքը և ստեղծել վառ անհատականություն ունեցող, խորապես հոգեբանական մի կերպար։ Նայելով այդ քանդակին՝ կարելի է համոզվել, որ այստեղ արձանացած իմաստությունն ու ներքին կիրքն են, որ ընդունակ են եղել կյանք տալու Սամվելին ու Սարհատին, Մուրադին ու Կարոյին[2]։

Հարկ է նշել, որ քանդակի վերոհիշյալ բոլոր այդ բարեմասնությունները դիմացից կամ երեք քառորդ դիրքից դիտելիս առավել ամբողջական են արտահայտված, իսկ երբ այն դիտվում է պրոֆիլից համեմատաբար քիչ են արտահայտված։ Բայց դա թերություն չէ։ Արձանագործության հանճարեղ կոթողներն անգամ իրենց առավել շահավետ դիտման կետերն ունեն։ Նույնիսկ պարտադիր չէ, որ քանդակը հավասարաչափ դիտելի լինի բոլոր կողմերից, եթե դա նախատեսված չէ բաց հրապարակի կենտրոնում դրվելու համար, իսկ «Րաֆֆին» կամերային նշանակություն ունի։ Քանդակի կոմպոզիցիոն սխեման, որ կառուցված է գլխի և թիկնոցի հակադարձ շարժման վրա, շատ արտահայտիչ է, ծեփվածքը՝ ազատ ու դարձյալ էտյուդային, որի շնորհիվ առաջ եկած ռելիեֆությունը լույսի ու ստվերի ուժգնորեն հակադրվող բծեր է ստեղծում դեմքի վրա՝ շեշտելով իմաստունի խորշոմները[2]։

Քննադատություն խմբագրել

Որոշ գիտնականներ, չըմբռնելով այս գործի առանձնահատկությունները, մանավանդ կերպարի հղացման և ներկայացման սկզբունքը, որ ճշմարիտ արվեստի խմորն ունի իր մեջ և, ըստ երևույթին, Րաֆֆուն շփոթելով իր վեպերի հերոսների՝ Սամվելի ու Սարհադի հետ, եղավ ժամանակ, երբ քանդակագործին հաշիվ տվեցին, թե ինչու նրա աշխատանքում «չկա» Րաֆֆու ռոմանտիկ կիրքը, և այդ իսկ պատճառով փորձեցին արհամարհանքի առարկա դարձնել մեր քանդակագործության այս ճշմարիտ գեղարվեստական արժեքը[2]։

Այդպիսի քննադատները հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հրաշունչ երգչին, հայ գրականության ռոմանտիզմի ամենակարկառուն ներկայացուցչին պատկերացնում են միայն սուր ճոճելիս կամ «ի զեն» կանչելիս, ասես պլակատից տեղափոխված քանդակ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արա Սարգսյան, Բոսֆորի ափից մինչև անմահություն, ՎարդՀրատ ՍՊԸ, 2017։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Վահան Հարությունյան, Արա Սարգսյան, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1975, էջեր 104-106։