Անտուան Բերեզովսկի-Օլգինսկի

(Վերահղված է Տ. Օլգենինից)

Անտուան Բերեզովսկի-Օլգինսկի (ռուս.՝ Антуан Березовский-Ольгинский) հայտնի նաև Տ. Օլգենին (Т.Ольгенин) ծածկանվամբ, ռուս հրապարակախոս, Պետերբուրգի «Բիրժեիե վեդոմոստի» ("Биржевые ведомости") թերթի թղթակից։

Այցելել է Բալկաններ, ականատես եղել պատերազմական գործողություններին։ 1912 թվականի վերջին և 1913 թվականի սկզբին եղել է Թիֆլիսում։ Իր դասախոսություններում անդրադառնալով հայկական հարցին Օլգենինը նշել է, որ դա հերթական քաղաքական հարցն է (բալկանյան խնդիրներից հետո), որը պետք է լուծվի։ Եղել է Արևմտյան Հայաստանում և ուսումնասիրել արևմտահայերի սոցիալ-տնտեսական և քաղաքական վիճակը։ Իր տպավորությունները ներկայացրել է «Անհետացող Հայաստանը» խորագիրը կրող հոդվածաշարով, որը տպագրվել է «Բիրժևիե վեդոմոստիում»։ Օլգենինի գործունեությունից անհանգստացած՝ թուրքական իշխանությունները մեղադրել են նրան հակաթուրքական քարոզչության մեջ և հարկադրել հեռանալ երկրից։ Օլգենինը Թիֆլիսում և Բաքվում հանդես է եկել հայկական հարցի մասին դասախոսություններով՝ նշելով, որ Հայաստանը տնտեսական, քաղաքական և ռազմական առումներով չափազանց էական դեր է խաղում Ռուսաստանի համար, ուստի «Հայկական հարցը լուծելու նախաձեռնությունը պետք է իր վրա վերցնի Ռուսաստանը։ Այդ են պահանջում ինչպես նրա պետական շահերը, այնպես էլ նրա բարոյական պարտքը։ Ռուսաստանը պետք է ուղղի իր անցյալի սխալները, եթե այսօր էլ Հայկական հարցը չստանա իր լուծումը, ռուսական պետությանը ապագայում կսպառնա շատ մեծ վտանգ... հապաղումն այս հարցում մահացու հարված կլինի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հայերի համար» («Բաքվի ձայն», 11.6.1913)։

Գրականություն խմբագրել

  • Զաքարյան Ա, Ռուս հրապարակախոս Տ. Օլգենինը Հայաստանի և Հայկական հարցի մասին, ՊԲՀ, 1989, N4։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։