Տրաֆալգարյան ճակատամարտ 1805, ծովամարտ անգլիական և ֆրանս–իսպանական նավատորմների միջև հոկտեմբերի 21-ին, Տրաֆալգար հրվանդանի մոտ, Իսպանիայի ատլանտյան ափին գտնվող Կադիս քաղաքի մոտ։ 1805-ի օգոստոսին անգլիացի էսկադրան (27 գծանավ) ծովակալ Նելսոնի հրամանատարությամբ Կադիսում պաշարեց ծովակալ Վիլնյովի ֆրանս–իսպանական էսկադրան (33 գծանավ)։ Նապոլեոն I-ի հրամանով ֆրանս–իսպանական էսկադրան հոկտեմբերի 20-ին դուրս եկավ ծով՝ Միջերկրական ծով անցնելու նպատակով։ Վիլնյովը, ձգտելով խուսափել մարտից, չէր մշակել հակառակորդի հետ հանդիպման դեպքում գործողությունների ծրագիր։ Նելսոնի պլանի համաձայն 15 անգլիական նավեր Ք․ Քոլինգվուդի հրամանատարությամբ գլխավոր հարվածը պետք է հասցնեին հակառակորդի վերջապահ նավախմբին (12 նավ), իսկ 12 նավեր Նելսոնի հրամանատարությամբ պետք է գրոհեին թշնամու կենտրոնը (11 նավ) և կաշկանդեին նրա ուժերը։ Հոկտեմբերի 21-ի արշալույսին Վիլնյովը, տեղեկանալով անգլիական նավերի հայտնվելու մասին, հրամայեց շրջվել դեպի հյուսիս։ Շրջադարձի ժամանակ կորսվեց շատ ժամանակ, և խախտվեց զորակարգը։ Ժամը 12։30-ին Քոլլինգվուդը ճեղքեց վերջապահ նավախումբը և անջատեց 16 նավ՝ նշանակալի վնասներ հասցնելով նրանց։ Ժամը 13-ին Նելսոնը ճեղքեց հակառակորդի կենտրոնը և կտրեց այն առաջապահ նավախմբից, որը շարունակում էր շարժվել դեպի հյուսիս, և մեծ ուշացումով սկսեց մոտենալ կենտրոնին օգնության։ Մարտը, որ տևեց 5 և կես ժամ, ավարտվեց ֆրանս–իսպանական նավատորմի կատարյալ ջախջախումով, դաշնակիցները կորցրին 18 նավ և 7 հազար մարդ, անգլիացիների կորուստն էր 1700 մարդ։ Մարտում մահացու վիրավորվեց ծովակալ Նելսոնը։ Անգլիական նավատորմի հաղթանակն ապահովեց նրա տիրապետությունը ծովում, Ֆրանսիայի դեմ մղվող պատերազմում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|