Տրանսֆորմատային ենթակայան

Տրանսֆորմատային ենթակայան, փոփոխական հոսանքի լարման բարձրացման կամ իջեցման և սպառողների միջև էլեկտրաէներգիայի բաշխման էլեկտրական ենթակայան։ Տրանսֆորմատային ենթակայանի կազմի մեջ մտնում են տրանսֆորմատորներ (երկ– և եռափաթույթ), ավտոտրանսֆորմատորներ (սովորաբար եռաֆազ), բաշխիչ հարմարանքներ էլեկտրական, ավտոմատ կառավարման ու պաշտպանության հարմարանքներ, ինչպես նաև օժանդակ սարքավորում։ Տարբերում են իջեցնող և բարձրացնող տրանսֆորմատային ենթակայաններ։ Իջեցնող ենթակայանները էլեկտրական ցանցի առաջնային լարումը փոխակերպում է ավելի ցածր երկրորդային լարման։ Այն կարող է էլեկտրաէներգիա մատակարարել շրջանին կամ առանձին ձեռնարկություններին, ավաններին և այլն (տեղային ենթակայան)։ Բարձրացնող ենթակայանը սովորաբար կառուցվում է էլեկտրակայաններին կից և ծառայում գեներատորների արտադրած լարումն ավելի բարձր լարման փոխակերպելու համար։ Ըստ կոնստրուկտիվ կատարման տարբերում են բաց (շենքից դուրս), փակ (շենքի ներսում) և փոխադրովի ենթակայաններ։ Լայնորեն կիրառում են կոմպլեկտային ենթակայաններ (բաց և փակ), որոնցում ամբողջ սարքավորումը զետեղված է մետաղական կարկասներում կամ պահարաններում։

Խորհրդային տարիներից մնացած գործող ենթակայան Երևանի կենտրոնում


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 86