Տումիի հուշարձանները

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Տումիի հուշարձանները, Տումին գյուղ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանում, որի տարածքում կան մի շարք պատմական և մշակութային հուշարձաններ։

Իգակոց կամ Հայկազն խմբագրել

Իգակոց կամ Հայկազն, հին գյուղատեղի, գտնվում է Տոմուց արևելք, Իշխանագետի ափին։ Մատուռը՝ կից փոքրիկ սրահով ավերված է։ Շուրջը խոշոր տապանաքարերով գերեզմանատունն է։ Նկատելի են բնակատեղիի հետքերը։ Կործանվել է 15-րդ դարի վերջին[1]։

Սուրբ Հովհաննես եկեղեցի խմբագրել

Սուրբ Հովհաննես եկեղեցին գտնվում է Տումի գյուղում, ուղղանկյուն դահլիճի հորինվածքով հուշարձան է՝ կառուցված 17-րդ դարում։

Ղլենքար խմբագրել

Ղլենքարը (բերդ) գտնվում է Տումի գյուղից 6-7 կմ արևմուտք, հյուսիսից հարավ թեքված բարձր, անմատչելի ժայռի վրա։ Ենթադրվում է, որ Գորոզ բերդը եղել է այս ժայռազանգվածի գագաթին։ Բերդի մուտքի մոտ, հյուսիսային կողմում, նկատելի են պարսպի մնացորդներ, սեղանի մեծությամբ բազմաթիվ հղկված քարերի կույտեր, բնակատեղեր և պաշտպանական օժանդակ այլ շինությունների հետքեր։ Ենթադրվում է, որ ամրոցը գաղտնի դուռ է ունեցել, որի տեղն անհայտ է եղել։ Բերդը թունգերով ջուր է ստացել 800 մետր ցած գտնվող աղբյուրից։

Թաղալ աղբյուր խմբագրել

Թաղալ աղբյուրը գտնվում է Ղլենքարից հյուսիս, բերդի թիկունքում, բերդից 800 մետր ցած։ Տեղացիների վկայությամբ այս աղբյուրը (որի ջուրը տարին բոլոր ունի 4 աստիճան) հնում թշնամիներից քողարկվել, թաքցվել և հատուկ թունգերով գետնի տակով բարձրացվել է մինչև Գորոզ բերդի մուտքը։ Աղբյուրի անվանումը կապված է թաղված, քողարկված աղբյուր լինելու հանգամանքի հետ։

Խտտրոխութ խմբագրել

Խտտրոխութը խոշոր հնավայր է, որը գտնվում է Տոմուց 3 կմ արևմուտք։ Այստեղ են գտնվում հին, կործանված եկեղեցու փլատակները, տնատեղերի հիմնապատերը և ընդարձակ գերեզմանատան հողմնահարված տապանաքարերը։

Վարդապետի աղբյուր խմբագրել

Վարդապետի աղբյուրը հուշարձան է Խտտրոխութի արևելյան լանջին։

Ստեփնոցենց խութ խմբագրել

Ստեփնոցենց խութը գտնվում է Տումի գյուղի հյուսիսային մասում, մոտ 4 կմ հեռավորության վրա, բլրի գագաթին, որտեղ կան հին գյուղատեղիի ավերակներ, գերեզմանաքարեր, ցաք ու ցրիվ թափված խաչքարեր։ Տումեցիները փլված եկեղեցին և բլուրը կոչում են Ստեփանոսի անունով։

Մկրտչի տեփեր խմբագրել

Մկրտչի տեփերը հին գյուղատեղի է և ամառանողներ։ Հնավայրը գտնվում է Ծավեր կոչվող անտառի և Դիզափայտ լեռան ալպյան մարգագետինների գոտու միջև, Տոմուց-Խանձաձոր գնացող ճանապարհի աջ կողմում։

Կարմիր քարի շինատեղ խմբագրել

Կարմիր քարի շինատեղը տարածվում է Տոմուց դեպի արևմուտք, սղոցարանի մոտ։

Խաչին արտ խմբագրել

Խաչին արտը գյուղատեղի է, որը գտնվում է Տոմուց դեպի արևելք, Գտչավանք գնացող ճանապարհի աջ կողմում։ Այստեղ կան հին եկեղեցու ավերակներ, խաչքարեր, բնակատեղիի հետքեր։

Հայկազնի կամուրջ խմբագրել

Հայկազնի կամուրջը միակամար կամուրջ է՝ կառուցված Իքյակ գետի վրա։ Պահպանված վիմագրության համաձայն՝ այն 18-րդ դարի հուշարձան է, որով անցնող ճանապարհը Վարանդա գավառակը կապում է Գտչավանքի և Կատարովանքի հետ։

Յոթ դռնանի խմբագրել

Յոթ դռնանին ավերակ վանք է, որը գտնվում է Տոմուց վերև, Թաղալ աղբյուրի մոտակայքում։

Բաղնիք արքունականք խմբագրել

Բաղնիք արքունականը գտնվում է Տոմուց դեպի Ճոխտպռվածառի վանքը տանող ճանապարհի վրա, Քեֆաձորում, անտառափեշ բացատում, հանքային աղբյուրի մոտ։ Այստեղ է գտնվել Դիզակի իշխանության առողջարանը, բաղնիք-բուժարանը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Շահեն Մկրտչյան, «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները», «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1985.