Տերմիտներ
Տերմիտներ (իսպ.՝ Isoptera), միջատների կարգ։ Մոտ են խավարասերներին և աղոթարարներին։ Տերմիտներին բնորոշ է հասարակական կենսաձևը, միևնույն տեսակի սահմաններում տարբեր անհատների բազմակերպությունը (սեռական և «կաստայական» բազմաձևություն)։ Ապրում են մի քանի հարյուրից մինչև մի քանի միլիոն անհատից բաղկացած համայնքներով, գետնափոր կամ վերգետնյա, մինչև 15 մ բարձրությամբ (որոշ արևադարձային տեսակներ) տերմիտաբներում։ Համայնքը կազմված է էգից, արուից («թագավորական զույգ»), ապաճած սեռական գեղձերով երկսեռ խոշոր ու մանր «զինվորներից» և «աշխատավորներից» (որոշ տեսակներ չունեն «զինվորներ»)։ Աշխատավոր անհատները համայնքին ապահովում են սննդով, բույն են պատրաստում։ «Զինվորները» կատարում են պաշտպանական ֆունկցիա։ Աշխատավոր Տերմիտների մարմնի երկարությունը 2-15 մմ է, «զինվորներինը»՝ մինչե 20 մմ, գերզարգացած ձվարաններով էգինը՝ մինչև 140 մմ։ Հասուն սեռական անհատներն ունեն 2 զույգ երկար թևեր, որոնց դեն են նետում ամուսնական թռիչքից հետո։ «Աշխատավոր» և «զինվոր» Տերմիտներ թևեր չունեն, նման են թրթուրների։ «Զինվորներին» բնորոշ է հզոր ծնոտներով մեծ գլուխը։ Տերմիտների բերանը կրծող տիպի է։ Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ։ Ցուրացնում են բնափայտի բջջանյութը (Տերմիտների մեծամասնության սննդի հիմնական աղբյուրը)։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d3/Coptotermes_formosanus_shiraki_USGov_k8204-7.jpg/250px-Coptotermes_formosanus_shiraki_USGov_k8204-7.jpg)
Որոշ Տերմիտներ սնվում են միայն սնկերով (հիմնականում բորբոսասնկեր)։ «Թագավորական զույգի» կյանքի տևողությունը մինչև մի քանի տասնամյակ է․ համայնքը կարող է շարունակել իր գոյությունը շատ տասնամյակներ։ էգը կյանքի ընթացքում դնում է շուրջ 150 միլիոն ձու։ Տերմիտներ քայքայում են բնափայտը, փչացնում թուղթը, կաշվե իրերը, գյուղատնտեսական մթերքները։ Հողում ապրող տերմիտներ նպաստում են հողառաջացմանը։ Հայտնի է տերմիտների ավելի քան 2600 տեսակ՝ տարածված հիմնականում արևադարձային երկրներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 677)։ ![]() |