Տեստաչչո
Տեստաչչո (իտալ.՝ Monte Testaccio), հայտնի է նաև որպես Monte dei cocci, արհեստական լեռ Հռոմի հարավ-արևմուտքում։ Այն համարյա ամբողջովին կազմված է ամֆորաների բեկորներից (սկսած Հռոմեական կայսրության ժամանակաշրջանից)։ Համարվում է հին աշխարհի աղբավայրերից մեկը[1][2]։ Տեղակայված է Հռոմի նույնանուն շրջանում, Տիբեր գետի արևելյան ափին։
Տեստաչչոյի ամֆորաների բեկորների արձանագրությունները համարվում են մակագրությունների խոշոր հավաքածու, որը հանդիսացել է Հռոմեական կայսրության տնտեսության հետազոտության աղբյուր։ Այս գտածոների շնորհիվ ստացվել է ստույգ տեղեկություններ հին հռոմեական խոհանոցի գլխավոր արտադրանքներից մեկի՝ ձիթայուղի մասին։
Հռոմեական կայսրության անկումից հետո բլուրը դառնում է համաժողովրդական ժամանցի վայր, և ստանում հոգևոր և ռազմական նշանակություն։ Ներկայումս բլրի հետազոտությամբ զբաղվում են իսպանացի գիտնականները։
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրելՏեստաչչո բլուրը գտնվում է Տիբեր գետի ափին, Հռոմի հարավարևելյան մասում, նույնանուն շրջանում, Ավրելիանոսի պատի ներսում, Ցեստիոսի բուրգին կից։ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում այստեղ էին գտնվում Գալբիի պահեստները, որտեղ պահվում էր պետության կողմից վերահսկվող ձիթայուղի պահուստը[3]։ Այստեղ էր գտնվում նաև նավամատույցը (emporia), ծովային զինանոցներ (navalia), կոմերցիոն և բանկային հաստատություններ, մարմարի, կապարի և ցորենի վաճառակետեր և մաքսակետեր։
Այսօր բլուրը զբաղեցնում է 20000 քառ. մետր տարածք, ծավալը կազմում է շուրջ 550000 խորանարդ մետր։ Այն ունի եռանկյուն տեսք[4][5]։
Բլրի բարձրությունը կազմում է 50 մետր, բայց հավանաբար ավելի բարձր է եղել կայսրության ժամանակաշրջանում[4], նոր ժամանակաշրջանում ամֆորաների բեկորները օգտագործվել են շինարարության մեջ, և հետևաբար նրա ծավալը փոքրացել է[6]։
Անվանում
խմբագրելԼեռան ներկայիս անվանումը՝ Monte Testaccio, Monte Testaceo, առաջացել է լատիներեն testa՝ «խեցու բեկոր» բառից։ Ժողովուրդը բլուրն անվանում է Monte dei Cocci։ Իտալերեն Cocci նշանակում է «բեկոր»[5]։
Անտիկ աղբյուրներում բլրի մասին որևէ հիշատակում չի պահպանվել, նույնիսկ Հռոմի շրջանների ցանկում այդ մասին չկա։ Դրա վերաբերյալ ամենահին պահպանված գրությունը թվագրվում է 8-րդ դարին։ Այն գտնվում է Սանտա Մարիա ին Կոսմեդին բազիլիկի սյունասրահի բարձրաքանդակի վրա։ Նրանում հիշատակվում է Տեստաչչո վայրում դիակոնիայի կալվածքը։ Հնարավոր է, որ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում աղբավայրը անվանում էին «Testacium» կամ «mons Testacius»[7]։
Բլրի հետազոտության պատմություն
խմբագրելՏեստաչչոյի ամֆորաների մակագրությունների ուսումնասիրությունները Թեոդոր Մոմմզենի հրամանով հանձնարարվում է Հենրիխ Դրեսսելին։ 1872 թվականի հունվարին սկսվում են առաջին հնագիտական պեղումները։ Մի անձրևոտ օր Դրեսսելը մի քանի բեկորի վրա հայտնաբերում է մակագրություններ, գրված սև թանաքով, որը հնարավոր է լինում կարդալ և վերծանել։ Այդ օրվանից ի վեր Տեստաչչոն այլևս աղբավայր չէր, այլ արձանագրությունների արխիվ[5]։
1878 թվականին Դրեսսելն իր «Ricerche sul Monte Testaccio» հետազոտությունները հրապարակում է «Annali» գերմանական հնագիտական ինստիտուտում, իսկ մակագրությունների արխիվը հրապարակվում է «Corpus Inscriptionum Latinarum»-ի 15-րդ համարում։ Դրեսսելն ուսումնասիրել է շուրջ 3000 մակագրություն ամֆորաների բռնակների, և շուրջ 1000 մակագրություն հենց ամֆորաների վրա։ Դրանք արվել են արտադրողների, գրագիրների, նավերի նավապետների և մաքսավորների կողմից[6]։
Դրեսսելի հիմնական բացահայտումը ամֆորաների վերաբերյալ դարձավ այն ենթադրությունը, որ դրանք արտադրվել են հռոմեական Բետիկ գավառում (ներկայիս Իսպանիայի տարածք)։ Բացի դրանից նա նաև նշել է, որ ամֆորաների մեծ մասը օգտագործվել է ձիթայուղ տեղափոխելու համար։ Դրեսսելը կազմել է ամֆորաների առաջին մակագրական աղյուսակը[5]։
Չնայած նրան, որ Դրեսսելը այդ գրվածքներն անվանում էր «չնչին մակագրություններ», սակայն ստացված տեղեկությունը դարձավ Հռոմեական կայսրության առևտրի և սննդարտադրությանը վերաբերող կարևոր ուսումնասիրություն[5]։
Հենրիխ Դրեսսելի հետազոտությունից հետո, բլրի ուսումնասիրությունը վերսկսում է 1968 թվականին։ Բարսելոնյան համալսարանի վիմագրագետ Էմիլիո Ռոդրիգես Ալմեիդան սկսում է ուսումնասիրություններ անցկացնել բլրի մակերևույթին և առաջ է բերում այն վարկածը, ըստ որի, Տեստաչչոն առաջացել է ամֆորաների բեկորների բեռնաթափելու իրար հաջորդող երկու ժամանակաշրջաններում՝ 2-րդ դարում և 3-րդ դարում Blázquez Martínez, J. M. Excavaciones españolas en el Monte Testaccio.Nuevos datos..։
1989 թվականին մի խումբ իսպանացի հետազոտողներ Ալմեիդայի և Մարտինեսի գլխավորությամբ (José Marίa Blázquez Martίnez, Real Academia de la Historia, Մադրիդ), հռոմեական «Լա Սապիենցա» համալսարանի հետ համատեղ սկսում են պեղումներ անցկացնել բլրի վրա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Claridge, 1998.
- ↑ Thüry, 2001, pp. 36-37.
- ↑ Lancaster, 2005, p. 81.
- ↑ 4,0 4,1 Peña2, 2007, pp. 300-306.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Mount of amphorae. The Mount Testaccio in Rome (англ.). Exhibition. Проверено 6 июля 2012.Архивировано из первоисточника 24 сентября 2012.
- ↑ 6,0 6,1 Lanciani, 1897, p. 254.
- ↑ Thüry, 2001, p. 37.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեստաչչո» հոդվածին։ |