Տեսանելիություն
Տեսանելիություն մթնոլորտային, մթնոլորտում տեսանելիության հեռավորություն, դիտողից այս կամ այն պղտորության օդային շերտով բաժանված առարկաները տեսնելու հնարավորություն։ Տարբերում են ցերեկային, մթնշաղային, գիշերային, նաև լուսատուների և սեփական լույսից զուրկ մարմինների մթնոլորտային տեսանելիություններ։ Բնութագրվում է տեսանելիության հեռավորությամբ, դա այն հեռավորությունն է, որից սկսած՝ առարկան մթնոլորտի օդի պղտորության պատճառով դառնում է աչքի համար ոչ նշմարելի։ Օդում գտնվող փոշու հատիկները, ջրի մանրատար կաթիլներն ու բյուրեղները, ցրելով լույսը, տեսանելիությունը նվազեցնում են մինչև մի քանի կմ, երբեմն՝ մի քանի տասնյակ մ (մառախուղի, տեղումների, փոթորիկների, մրրկափոշու և այլ դեպքերում)։
Հայաստանում մթնոլորտային տեսնելիության առավելագույն արժեքներ դիտվում են հիմնականում ձմռանը՝ արկտիկական օդային զանգվածների թափանցումից հետո, նվազագույն արժեքներ՝ ամառային ամիսներին՝ կապված արևադարձային օդային զանգվածների ներթափանցման հետ, որոնք անապատային շրջաններից բերում են մեծ քանակությամբ փոշի, հատկապես Արարատյան դաշտում դիտվում է մթնոլորտային տեսնելիության նվազում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |