Տափանում, հողի ցաքանում, հողի մակերևութային շերտի նստեցումը կամ հարթեցումը տափանների (ցաքանների) միջոցով։ Տափանումը ագրոտեխնիկական միջոցառում է նախապես վարած կամ փխրեցված հողի նախացանքային կամ ետցանքային մշակման համակարգում։ Տափանումը կանխում է փուխր հողի ստորին շերտերից խոնավության գոլորշիացումը և նպաստում ջրային գոլորշիների կոնդենսացմանը վերին շերտերում, ստեղծում է նպաստավոր պայմաններ մեքենաների անխափան աշխատանքի համար, լավացնում հողի և սերմերի միջև եղած շփումը, ապահովում սերմերի համահավասար խորություն։ Չորային պայմաններում ետցանքային տափանման շնորհիվ վերականգնվում է վարելաշերտի մազական ծակոտկենությունը, այն նպասաում է մազանոթային ջրի բարձրացմանը դեպի ցանված շերտերը։ Տափանումը պայմաններ է ստեղծում աշնանացանների հաջող ձմեռման համար, կանխում դեռևս թույլ թփակալման հանգույց ունեցող բույսերի արտամղումը, ինչպես նաև քամու էրոզիան։ Տափանումից հետո, եթե հողը շատ է նստել և առկա է խոնավության ինտենսիվ գոլորշիացումը, ապա դաշտի մակերևույթը սովորաբար փոցխվում է կարճատամ փոցխերով կամ քարշակներով։

Տրակտորին կցված տափան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 629