Տարրական մասնիկների դետեկտորներ
Դետեկտորներ տարրական մասնիկների, տարրական մասնիկների, ռենտգենյան և գամմա ճառագայթների հայտնաբերման, գրանցման և դրանց բնութագրական մեծությունների (տարածական կամ ժամանակային կոորդինատներ, արագություն, էներգիա, զանգված ևն) որոշման սարքեր։ Դետեկտորների աշխատանքի հիմքում ընկած են այն երևույթները, որոնք միջավայրով ճառագայթների կամ տարրական մասնիկների անցման հետևանք են։ Դետեկտորի աշխատանքային նյութում առաջանում են գրգռված և իոնացված ատոմներ, որոնք որոշակի պայմաններում հայտնաբերվում և գրանցվում են։ Որոշ դետեկտորներում գրանցվում են մասնիկի անցման ժամանակ առաջացած էլեկտրամագնիսական ճառագայթումները։ Դետեկտորներից ստացվող լուսային, էլեկտրական կամ այլ ազդանշանները գրանցվում են հետագա մշակման համար կամ օգտագործվում ուրիշ սարքավորումների աշխատանքը կառավարելու համար։
Դետեկտորների կարևոր բնութագրերից են արդյունավետությունը, ժամանակային լուծունակությունը և մեռյալ ժամանակը։
- Առաջինը ցույց է տալիս աշխատանքային ծավալում մասնիկի գրանցման հավանականությունը։
- Ժամանակային լուծունակությունը ցույց է տալիս հետագա օգտագործման համար պիտանի ելքի ազդանշանի ձևավորման ամենակարճ ժամանակամիջոցը։
- Մեռյալ ժամանակը այն ամենակարճ տևողությունն է, որ անհրաժեշտ է դետեկտորին հաջորդ գրանցմանը պատրաստ լինելու համար՝ առանց արդյունավետության նվազման։
Մյուս բնութագրերից են տարածական լուծունակությունը՝ մասնիկի տարածական կոորդինատների որոշման ճշտությունը ցույց տվող մեծություն, և էներգետիկ լուծունակությունը՝ մասնիկի անցման կամ կլանման հետևանքով տվյալ դետեկտորում անջատված էներգիայի որոշման հարաբերական ճշտությունը (տոկոսներով արտահայտված)։
Տարրական մասնիկների պարզագույն դետեկտորներ են.
- Իոնացման խցիկը
- Համեմատական հաշվիչը
- Գեյգեր-Մյուլլերյան հաշվիչը
- Կայծային հաշվիչը
- Կայծային խցիկը
- Ստրիմերային խցիկը
- Կիսահաղորդչային դետեկտորը
- Սցինտիլյացիոն հաշվիչը
- Չերենկովյան հաշվիչը (տես Վավիլով-Չերենկովի էֆեկտ)
- Անցումային ճառագայթման դետեկտորը
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տարրական մասնիկների դետեկտորներ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 356)։ |