Տանձենի սովորական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Տանձենի
Տեսակ Տանձենի սովորական
Լատիներեն անվանում
Pýarm communis


Տանձենի սովորական (լատին․՝ Pýarm communis), վարդազգիների ընտանիքի, տանձենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ հզոր ծառեր են մինչև 20-30 մ բարձրությամբ և 50-80 սմ բնի տրամագծով։ Ճյուղերը փշավոր են։ Բողբոջները և ընձյուղները մերկ են, հազվադեպ մազմզուկապատ։ Տերևները համարյա կլոր են, 2-5-7 սմ երկարությամբ և 1,5-2,5 սմ լայնությամբ, կլորավուն հիմքով, սղոցաեզր, նոր բացված ժամանակ թեթևակի մազմզուկապատ, այնուհետև մերկ, կամ միայն ջղերի ուղղությամբ մազմզուկապատ, վերևի կողմից փայլուն, ներքևի կողմից գունատ-անփայլ, չորացնելիս խիստ սևանում են։ Ծաղիկները միայնակ են կամ հավաքված վահաններում, բաժակաթերթիկները մնում են պտղի վրա, պատված են թաղիքանման աղվամազով։ Պտուղները կլորավուն են կամ սեղմված, 3-4 սմ տրամագծով, կոթունավոր, որը պտուղների երկարությունը գերազանցում է 2-3 անգամ։

Սովորական վայրի տանձենին ապրում է 150-300 տարի, իսկ կուլտուրական սորտերի կյանքի տևողությունը 25-30 տարուց չի անցնում։ Այս բույսերին բնորոշ է խիտ, առատ ճյուղավորությունը, առատ փշերը, մանր, բարակ տերևները, ուժեղ վեգետատիվ աճը, մանր, աննշան, տտիպ պտուղները, կոշտ, քարակերպ բջիջներով առատ պտղամսով, որը կարելի է ուտել միայն գերհասունացման ժամանակ։ Ներկայումս ամբողջ աշխարհում հայտնի են տանձենու ավելի քան 5000 սորտեր, որոնցից ԱՊՀ-ում շրջանացված են 150-ը։ ՀՀ-ում շրջանացված են հիմնականում այն տեսակները, որոնք ստացվել են Գյումրիի լեռնային պտղաբուծական կայանում և բերվել են երկրի այլ շրջաններից (ամառային տեսակներ՝ Լյուբիմիցա Կլապպա, Լետնիյ, Վիլյամս, Ռուսսկայա Մալգորժատկա, Բեսսեմյանկա, Սուռոգատ Սախարա, Բերե Կոզլովսկայա, աշնանային տեսակներ՝ Օսեննյայա Դեկանկա, Անտառային գեղեցկուհի, Բերե զելյոնայա, Բերգամոտ կրասնի Օսեննի, Բերե Օկտյաբրյա, Լեռնային գեղեցկուհի, Պամյատ Միչուրինա, ձմեռային սորտեր՝ Բերե զիմնյայա Միչուրինա, Գյումրիի ուշահաս, Ելենա և այլն)։

Տանձենու կուլտուրական տեսակները բավականին պահանջկոտ բույսեր են։ Խնձորենու հետ համեմատած դրանք ավելի ջերմասեր են և պակաս ցրտադիմացկուն։ Ազնվագույն, լավ տեսակները հեռանկարային չեն բարձրլեռնային շրջանների համար, որտեղ օդի նվազագույն ջերմաստիճանը իջնում է -26 °C-ից։ Բացված ծաղիկները ոչնչանում են արդեն -2-3 °C ցրտերի դեպքում, իսկ երիտասարդ, չփայտացած ընձյուղները ցրտահարվում են -2-3 °C ցրտերի դեպքում, իսկ երիտասարդ, չփայտացած ընձյուղները ցրտահարվում են -5-6 °C սառնամանիքների դեպքում։ Ամառային տեսակների հաջող մշակման համար պահանջվում է 130, իսկ աշնանային և ձմեռային տեսակների համար՝ 150-180 անսառնամանիքի օրեր։ Արժեքավոր պտղատու տեսակ լինելու հետ միասին սովորական տանձենին նաև հրաշալի դեկորատիվ բույս է, որը հատկապես աչքի է ընկնում ծաղկման շրջանում, ապրիլին և աշնանը, երբ հասունանում են պտուղները և տերևները ձեռք են բերում գեղեցիկ գունավորում։ Կարելի է տնկել խմբերով, ծառուղիներում, փողոցների տնկարկներում և որպես սոլիտեր։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Արևելյան Եվրոպայում, Միջին Ասիայում, Արևմտյան Եվրոպայի լեռներում, Կովկասում։ Ենթադրվում է, որ վայրի վիճակում տարածված է եղել նաև Հայաստանում։ Ներկայումս հանդիպում է միայն մշակության մեջ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (1), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (336)։