Տանձենի խառնված
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ վարդածաղկավորներ
Ընտանիք վարդազգիներ
Ցեղ տանձենի
Տեսակ Տանձենի խառնված
Լատիներեն անվանում
Pyrus complexa


Տանձենի խառնված (լատին․՝ Pyrus complexa), վարդազգիների ընտանիքին պատկանող տանձենի ցեղի ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Տերևաթափ, փոքր ծառ է՝ 6-10 մ բարձրությամբ և 10-20 սմ բնի տրամագծով։ Սաղարթը անկանոն է, խոնարհված։ Ճյուղերը փշապատ են, մուգ շագանակագույն։ Ընձյուղները սկզբում սարդոստայնանման աղվամազով են ծածկված, այնուհետև համարյա մերկանում են։ Բողբոջները բավականին խոշոր են, ձվաձև կամ կոնաձև, մուգ դարչնագույն, կարմրող։ Տերևները օվալաէլիպսաձև են կամ համարյա ձվաձև, 6,5-8 սմ երկարությամբ և 3,5-4 սմ լայնությամբ, կարճ սրածայր, կարճացած ընձյուղների վրա ավելի նեղ երկարավուն, քան երկարացած ընձյուղների վրա, երկու կողմից մոխրավուն կամ սպիտակավուն թաղիքանման մազմզուկներով պատված, խոշոր սղոցաեզր։ Տերևակոթունները կարճ են, 1,5-2 սմ երկարությամբ, թաղիքամազմզուկապատ։ Վահանիկները բազմածաղիկ են։ Պտուղները կլորավուն են, տափակ, մանր, 2-3 սմ տրամագծով, դեղնավուն։ Պտղակոթերի երկարությունը հավասար է կամ մի փոքր գերազանցում է պտղի երկարությանը[1]։

Տիպիկ հայկական էնդեմ է, որը Հայաստանի սահմաններից դուրս չի հանդիպում։ Տարածված է Զանգեզուրի անտառներում, Մեղրու շրջանի Մուլք և Տաշտուն գյուղերի շրջակայքում, անտառների եզրերին, այգիների մոտ, ստորինից մինչև միջին լեռնային գոտի[1]։

Նկարագրություն

խմբագրել

10 մ բարձրությամբ փշիկներով ծառ է։ 6,5-8 սմ երկարությամբ, 3,5-4 սմ լայնությամբ աղեղնասղոցաեզր, երկու կողմից խիտ թաղիքե թավոտությամբ, վերևում՝ կարճ սրացած, սպիտակավուն, կոթերը՝ թավոտ տերևները էլիպսաձև են։ 2-3 սմ տրամագծով դեղնավուն, տափակացածկլորավուն, մանր, կոթերը բարակ են, պտղին հավասար երկարությամբ[2]։

Տարածվածություն

խմբագրել

Հանդիպում է Գեղամի (Միլլի գետի կիրճ), Դարեղեգիսի (Խաչիկ, Եղեգիս գետի կիրճ) և Մեղրու (Գուդեմնիս, Վանք, Ջինդարա, Մուլք, Վահրավար) ֆլորիստիկական շրջաններում[2]։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1200-2100 մ բարձրությունների վրա, լայնատերև անտառներում անտառների եզրերին։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-սեպտեմբերին[2]։

Պահպանություն

խմբագրել

Վտանգված տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Համարվում է Հայաստանի էնդեմիկ։ Արեալը խիստ մասնատված է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէր[2]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 343։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.