Վերակառուցողը (պատմվածք)

«Վերակառուցողը (Պ. Ստեցյուկի հետազոտությունների մասին)» (ռուս.՝ «Реконструктор (Об исследованиях П. Стецюка)»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որը գրվել է 1990 թվականին։ Այս պատմվածքի համար հեղինակն արժանացել է «Մեծ օղակ-90» գրական մրցանակի[1]։

Վերակառուցողը
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1990

Բովանդակություն խմբագրել

«Վերակառուցողը» պատմվածքը գրված է որպես Պ. Ստեցյուկի «Հրեղեն տարիների հիշողություն» հորինված գեղարվեստական գրքի գրախոսություն։ Այդ գիրքը գաղտնազերծված ռազմական արխիվների հիման վրա պատմում է Ստալինի իրական անձի մասին (աշխատության մեջ՝ Իոսիֆ Անդրեևիչ Ստալին)։ «Գրախոսությունը» պարունակում է մեծ հեգնանք և հոռետեսություն՝ կապված Պ. Ստեցյուկի աշխատության հետ։ Հեղինակը նշում է, որ այս գիրքը քիչ հետաքրքրական է և ձանձրույթ է առաջացնում, խորհուրդ է տալիս այն չկարդալ և միևնույն ժամանակ ասում է, որ գիրքը կարդալ, այնուամենայնիվ, արժե[2]։

Պատմվածքը գրված է կեղծ գիտական ոճով՝ Վլադիմիր Նաբոկովի բազմաթիվ հնարքների կիրառմամբ։ Պ. Ստեցյուկի գրքի մեջբերումներում «գրախոսողը» տեղադրում է սեփական ծաղրական մեկնաբանությունները։ «Վերակառուցողը» պատմվածքում շարադրվող պատմությունը ակնհայտորեն անհավանական է, բայց մանրամասների մեծ քանակը (ամսաթվերը, ազգանունները, հասցեները, արխիվային փաստաթղթերի հղումները) ստեղծում է իսկության պատրանք։ Պելևինը խաղում է իր ընթերցողի հետ, որը ցանկանում է իմանալ ֆանտաստիկ գաղտնիք։ Իսկ «Վերակառուցողը» պատմվածքը փաստերի կեղծման եղանակների ցուցադրում է[2]։

«Հրեղեն տարիների հիշողություն» գրքում Պ. Ստեցյուկը պատմում է Մինսկի ռադիոգործարանում պատրաստված առեղծվածային պողպատե խողովակի մասին, որի հետևից ձգվում են մի շարք գրոտեսկային մահեր։ Այնուհետև գալիս է այն բացահայտումը, որ մեկ Ստալինի փոխարեն եղել է նրա յոթ նմանակ, որոնք ապրել են մեկուսացված ստորգետնյա ապաստարանում և այնտեղից ղեկավարել են։ Իշխանությունը ստորգետնյա ապաստարանում ապահովում էր Մինսկի ռադիոգործարանի արտադրած թունավոր ասեղներով խողովակի միջոցով։ Բերվում են այդ ստալինների կենսագրությունների մանրամասները և նրանց հարբած դեբոշների ազդեցությունը երկրում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Երկրի ընդհատակյա ղեկավարներից վերջինը Նիկիտա Խրուշչովն էր։ Սակայն նրա վերգետնյա նմանակը խաբում է իրական Խրուշչովին և ստորգետնյա ապաստարանը այնտեղ գտնվողների հետ ծածկում բետոնով[2]։

Պատմվածքի վերջում «Հրեղեն տարիների հիշողությունը» ստեղծագործությունը հորինված լինելու մասին ակնարկ կա, ինչպես նաև տրվում է այս ամբողջ պատմության մետաֆիզիկական մեկնաբանությունը[2]։

Հրապարակումներ խմբագրել

«Վերակառուցողը» պատմվածքն առաջին անգամ լույս է տեսել 1990 թվականին[3] «Գիտություն և կրոն» ամսագրի չորրորդ համարում[4], ինչպես նաև ընդգրկվել է Պելևինի հեղինակային առաջին՝ «Կապույտ լապտեր» ժողովածուում (1991)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Олизько Н. С. Паратекст Виктора Пелевина // Вестник Нижневартовского государственного университета. 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Титаренко Е. А. Гипер- и метатекстовые маркеры в прозе В. Пелевина (на материале ранних рассказов) // Русская филология: Вестник Харьковского национального педагогического университета имени Г. С. Сковороды. — 2016. — № 3 (58)
  3. Пальчик Ю. В. Диссертация на тему «Взаимодействие эпических жанров в прозе Виктора Пелевина». 2003
  4. Виктор Пелевин. Реконструктор // Наука и религия. — 1990. — № 4. — С. 58-59.

Արտաքին հղումներ խմբագրել