Վեչե (հին սլավոներեն՝  վետ-խորհուրդ), ժողով հին և միջնադարյան Ռուսիայում ընդհանուր կարևորագույն հարցեր քննարկելու համար։ Առաջացել է սլավոնների ցեղային ժողովներից։ Հին ռուսական պետության կազմավորմամբ ֆեոդոլական ավագանին Վեչեի միջոցով սահմանափակում էր իշխանի իշխանությունը։ Վեչեն Ռուսիայում լայն տարածում է գտել ֆեոդոլական մասնատվածության ժամանակաշրջանում (11-րդ դարի 2-րդ կես-12-րդ դար

Նովգորոդյան երկրի վեչե

Տարեգրություն խմբագրել

Տարեգրության մեջ վեչեն առաջին անգամ հիշատակվում է Բելգորոդում՝ 997 թվականին, Նովգորոդյան երկրում՝ 1016 թվականին, Կիևում՝ 1068 թվականին, Վոլինի Վլադիմիրում՝ 1097 թվականին, Ռոստովում՝ 1157 թվականին են։ Վեչեին էր պատկանում պատերազմի և հաշտության, իշխանների հրավիրման ու հեռացման, վարչական, դատական և ռազմական վարչության բարձրագույն ներկայացուցիչների ընտրության, տարբեր իշխանությունների և երկրների հետ հարաբերություններ հաստատելու, պայմանագրեր կնքելու, օրենքներ ընդունելու իրավունքը և այլն։ Ժողովրդական ժողովները սովորաբար հրավիրվում էին վեչեի զանգի միջոցով իշխանության ներկայացուցիչների կամ քաղաքացիների նախաձեռնությամբ, չէին կրում պարբերական բնույթ, ունեին իրենց մշտական հավաքատեղին։ Վեչեում որոշումներն ընդունվում էին ոչ թե քվեարկությամբ, այլ բոլոր մասնակիցների հավանություն արտահայտող բացականչություններով։ «Ավագ» քաղաքների վեչեների որոշումները պարտադիր էին «կրտսեր» քաղաքների, «արվարձանների» համար (օրինակ, Պսկովի վաչեն ենթարկվում էր Նովգորոդին մինչև Պսկովի առանձնանալը)։ Վեչեներ էին հրավիրում նաև խոշոր քաղաքների առանձին թաղամասերում։ Վեչեն իսկական ժողովրդական իշխանություն չէր․ փաստական իշխանությունը պատկանում էր ֆեոդոլական ավագանուն և քաղաքային վերնախավին։ Նովգորոդում գոյություն ուներ հատուկ «տերերի խորհուրդ», որի անդամներն էին ֆեոդոլական ավագանու ներկայացուցիչները, նրանց էլ պատկանում էր իրական իշխանությունը քաղաքում։ Հյուսիս-Արևմուտքում Ռուսիայում, ուր քաղաքները թուլացել էին մոնղոլ-թաթարական ավերիչ արշավանքների հետևանքով, ամրացող մեծ իշխանական իշխանությունը արդեն 14-րդ դարի վերջին վերացրեց վաչեն, թեև դասակարգային պայքարի սրման ժամանակ ժողովրդական ժողովները քաղաքներում հաճախ ընդունում էին վեչեի բնույթ (ապստամբությունները Տվերում 1293 և 1327 թվականին, Մոսկվայում 1382, 1445 և 1547 թվականին, և այլն)։ Վեչեի կարգը առավել հարատևեց Նովգորոդյան (մինչե 1478) և Պսկովյան (մինչև 1510) ֆեոդոլական հանրապետություններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 378