Վաչե (ծննդյան և մահվան թվականները անհայտ), Արցախի և Ուտիքի գահերեց իշխան (V դար)։ Հայկական աղբյուրներում հաճախ անվանվում է «Աղվանից թագավոր»։ Առանշահիկների տոհմից։ Մայրը եղել է պարսկուհի, ինքն ամուսնացել է Սասանյան արքա Հազկերտ 2–րդի քրոջ դստեր հետ։ Վարդանանց հետ առերես ընդունել է զրադաշտականություն։ Սկզբում ենթարկվել է պարսից արքունիքին, Պերոզ արքայի (459–484) հրամանով կառուցել Պարտավ (Պերոզապատ) քաղաքը, որը պետք է դառնար Չողի (Դարբանդի) պարսիկ մարզպանի նստավայրը։ Այնուհետև, չհանդուրժելով Պերոզի սաստկացող բռնատիրությունը, ապստամբել է, հրաժարվել զրադաշտականությունից և երկրից դուրս քշել պարսիկներին։ Երբ Պերոզը բանակ է ուղարկել Վաչեի դեմ, նա անցել է անդրկուրյան Աղվանք, դաշնակցել տեղի ցեղերի հետ և նրանց օգնությամբ պարտության մատնել նվաճողներին։ Պերոզը նախ խաղաղության առաջարկով նամակ է հղել Վաչեին, ապա կաշառքով նրա դեմ հանել խայլանդուրներին (լեռնաբնակ ժողովուրդ) և հոներին։ Մեկամյա կռիվներից հետո Պերոզը ստիպված հաշտվել է Վաչեի անկախության հետ։ Այնուհետև Վաչեն լքել է (մոտ 464 թվականին) աշխարհիկ կյանքը և զբաղվել քարոզչությամբ։ Ըստ ավանդության, Վաչեի ճգնակեցության վայրում հետագայում կառուցվել է Ավետարանոց (այժմ՝ գ․ Չանախչի) ավանը։ Վաչեին ներբողական երկու թուղթ է հղել Հայոց կաթողիկոս Գյուտ Ա Արահեգացին (461–478

Վաչե
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 283