Վանուատուի ազգային թանգարան

թանգարան Պորտ Վիլա քաղաքում

Վանուատուի ազգային թանգարան, գտնվում է Պորտ Վիլա քաղաքի Վանուատուի մշակութային կենտրոնում։ Թանգարանը ընդգրկում է ցուցասրահներ, որոնք ներկայացնում են Խաղաղ օվկիանոսի հարավային մասում գտնվող կզղիների մշակույթն ու պատմությունը։ Վանուատուի թանգարանը համարվում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ազգային, մշակութային արժեքավոր հաստատություններից մեկը, որոնք, ի հեճուկս եվրոպական թանգարանագիտության սկզբունքներին, մշակում են աշխատանքի նոր նորմեր՝ շեշտը դնելով ավանդական պրակտիկայի վրա։

Վանուատուի ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան
Երկիր Վանուատու
ՏեղագրությունՇեֆա
Ղեկավարության նստավայրՊորտ Վիլա, Վանուատու
Կայքvanuatuculturalcentre.gov.vu

Պատմություն խմբագրել

Վանուատուի մշակութային կենտրոնը հիմնադրվել է 1959 թվականին[1] և ի սկզբանե նախագծվել է այնպես, որ ընդգրկի նաև թանգարան։ 1960 թվականին ստեղծվում է Ղեկավարման խորհուրդ, որի մեջ մտնում էին անդամներ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Վանուատուից[2]։ Առաջին տարիներին թանգարանը կենտրոնացած էր հիմնականում գաղութատիրական շրջանը ներկայացնող ցուցասրահների ներկայացման վրա։ 1989 թվականին թանգարանի ղեկավարումը մասնագիտությամբ մարդաբան Կիրկ Հաֆմանից անցավ Ջեք Կեյթադիին[2]։

Պաշտոնական բացում խմբագրել

1995 թվականին մշակութային կենտրոնն ու թանգարանը տեղափոխվում են նոր կառուցված շենք[2]։ Վերջինս ուներ 45 մետր երկարություն ու 20 մետր լայնություն, նրա ճարտարապետական ոճը վերցված էր հյուսիսային կղզիների ճարտարապետական կառույցներից[3]։ Պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1995 թվականի նոյեմբերի 17-ին, որին հաջորդեցին մշակութային ու ծիսական քառօրյա միջոցառումներ։ Անցկացված փառատոնը մայրաքաղաքում հավաքեց հասարակության տարբեր շերտերին և ցույց տվեց, որ թանգարանը նրանց բոլորի սեփականությունն է։ Փառատոնի շրջանակներում իրականացվեց նաև Կաստոմի (նշանակում է՝ ազգային մշակույթ) ընծայման արարողություն։ Թանգարանի բացման օրը ևս պատահական չէր ընտրվել․ նոյեմբերի 17-ը նշվում էր որպես Մշակույթի ազգային օր[3]։

Թանգարանի շենք խմբագրել

Թանգարանը տեղակայված է ընդհանուր կառույցում, որը ներառում է ցուցասրահ, որտեղ էլ ներկայացվող ցուցանմուշները պարբերաբար փոխվում են[2]։ 2003 թվականից թանգարանն ունի արխիվային հատված, որը հայտնի է Տաբուի սենյակ անունով, որտեղ պահպանվում են ազգային մշակույթին առնչվող առարկաներ, դրանք ցուցադրելու գործընթացը ևս իրականացվում է ազգային ավանդույթներին համապատասխան։ Վանուատուի թանգարանն ընդգրում է նաև պահեստ, որում պահվող ցուցանմուշները կամ փխրուն են ցուցադրության համար, կամ էլ վերջնականապես չեն ուսումնասիրվել[2]։

Հասարակական գործունեություն խմբագրել

Թանգարանում գործում է Կաստոմի (ազգային մշակույթի) դպրոց, որտեղ Վանուատուի երիտասարդներին դասավանդում են ազգային արվեստ ու պատմություն[4]։ 2020 թվականին թանգարանը կազմակերպեց Վանուատուի հնագիտական պեղումները ներկայացնող ցուցահանդես[5]։ 1990-ականների ցուցանմուշների թվում են ժամանակակից արվեստի նմուշներ, ազգային կենցաղը ներկայացնող սրահներ[2]։

Հավաքածու խմբագրել

 
Ազգային թանգարան, Պորտ Վիլա

Վանուատուի ազգային թանգարանի հավաքածուն ներառում է երկրի տարածքին առնչվող հնագիտական և էթնոգրաֆիկ օբյեկտներ, ինչպես նաև կենսաբանական ու երկրագիտական նմուշներ[1]։ Հավաքածուի մեջ ընդգրկված են դիմակներ[6], գոնգեր, կանոեներ, խեցեղեն, կենդանիների և թռչունների ցուցանմուշներ յուրաքանչյուր կղզուց, ինչպես նաև բնիկների նյութական մշակույթը նկարագրող հնագիտական առարկաներ[1]։ Երկրագիտական հավաքածուն ներառում է կրիաների մեիոլանիդ ընտանիքին պատկանող տեսակների ոսկորներ, որոնք հայտնաբերվել են Թեոումայում կատարված պեղումների արդյունքում։ Հնագիտական հավաքածուն ներառում է լուսանկարների արխիվ, այդ թվում ցեղապետ Ռոյ Մատայի գերեզմանի պեղումներից լուսանկարներ[7]։ Ֆոտոնկարների մեկ այլ արխիվում պահվում են կղզիներում արված ավազապատկերներ, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում[2]։

Թվային հավաքածու խմբագրել

Թվային հավաքածում կարևոր նշանակություն ունի թանգարանի գործունեության մեջ՝ սկսած 1976 թվականից, երբ գործարկվեց Բանահյուսության ծրագիրը։ Այս ծրագրի շրջանակներում Վանուատուի բնակիչներին սովորեցնում են հավաքագրել բանավոր ավանդությունները[8]։ 1990 թվականին ծրագրի շրջանակներում թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց պատմած արդեն իսկ հազարավոր բանավոր ավանդություններ հավաքագրվեցին և թվայնացվեցին։

Հետազոտություններ խմբագրել

1994 թվականին թանգարանը սկսեց երկարատև համագործակցություն Ավստրալիայի ազգային համալսարանի հետ՝ լուծելու համար հնագիտական ցուցանմուշների հետ կապված մի շարք խնդիրներ[9]։ Հետազոտական գործունեության շրջանակներում պեղումներ են իրականացվել Էրրոմանգո, Մալուկու կղզիներում (1995), Էֆատեում (1996-1999), Թեոումայում (2004-2006)[10]։ 2002 թվականին գերմանացի նկարիչ Ինգո Կյուլը մասնակցեց Մշակութային կենտրոնի արշավին, որից հետո նրա աշխատանքները ցուցադրվեցին Վանուատուի ազգային թանգարանում, իսկ 2004-2005 թվականներին՝ Բեռլինի Էթնոգրաֆիկ թանգարանում[11]։ 2006 թվականին թանգարանում անցկացվեց խոշոր կոնֆերանս, որը Վանուատուի մշակութային ժառանգությանը վերաբերող, երկրում անցկացվող առաջին միջազգային կոնֆերանսն էր[10]։

Թանգարանագիտություն խմբագրել

Վանուատուի ազգային թանգարանը չի հետևում եվրոպական թանգարանային նորմերին։ Թանգարանը մեծ աշխատանք է իրականացնում կղզու տարբեր համայնքների հետ, որպեսզի արձանագրի նրանց միջև կապերն ու դրանց նշանակությունը[2]։ Խոսելով թանգարանի աշխատանքի մասին Կիրկ Հաֆմանը ընդգծում է թանգարանի յուրահատուկ, հոգևոր գործունեության կարևորությունը։ Նա նշում է, որ Վանուատուի մշակույթում կան շատ ասպեկտներ, որոնք համարվում են տաբու, և արտաքին աշխարհը չունի կարիք դրանք ընկալելու, անգամ իրավունք չունի ճանաչելու, և այդ սահմանափակումներին պետք է հետևել[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «National Museum of Vanuatu». museu.ms (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Geismar, Haidy; Tilley, Christopher (2003). «Negotiating Materiality: International and Local Museum Practices at the Vanuatu Cultural Centre and National Museum». էջեր 170–188. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  3. 3,0 3,1 3,2 Huffman, Kirk W. (1996). «"Up and Over": The Opening of the Vanuatu Cultural Centre Complex's New National Museum Building». էջեր 47–56. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  4. «Kastom stories and Sand Drawing». museu.ms (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  5. «An Exciting New Exhibition At The National Museum». Vanuatu Daily Post (անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  6. «Wate Mohbat». museu.ms (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  7. «National Museum of Vanuatu». Lonely Planet (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին. {{cite web}}: Text "Attractions" ignored (օգնություն); Text "Port Vila, Vanuatu" ignored (օգնություն)
  8. Bolton, Lissant (1994). «The Vanuatu Cultural Centre and Its Own Community». էջեր 67–78. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  9. Bedford, Stuart; Spriggs, Matthew; Wilson, Meredith; Regenvanu, Ralph (1998). «The Australian National University—National Museum of Vanuatu Archaeology Project: A Preliminary Report on the Establishment of Cultural Sequences and Rock Art Research». էջեր 165–193. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  10. 10,0 10,1 Taylor, J.; Thieberger, Nick (2011). «Working Together in Vanuatu: Research Histories, Collaborations, Projects and Reflections» (English). ANU Press. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Südsee-Wellen». www.smb.museum. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.