Վայոց ձորի մարզային գրադարան
Վայոց ձորի մարզային գրադարան, պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ), մշակութային, տեղեկատվական, կրթական գործունեություն իրականացնող կազմակերպություն՝ Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր քաղաքում[1]։ Հիմնադրվել է 1922 թվականին[2]։ Գտնվում է Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի փողոց, 1 հասցեում։ Հաստատությունը տեղակայված է Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի երկրորդ և երրորդ հարկերում։ Գործում է մշակույթի նախարարության ենթակայության ներքո։
Երկիր | Հայաստան |
---|---|
Տեսակ | մարզային գրադարան |
Հիմնվել է | 1922 |
Տեղադրություն | Եղեգնաձոր |
Հասցե | Եղեգնաձոր Մոմիկի փող., 1 շենք |
Հավաքածուներ | |
Չափ | 66563 (2021 թ. հունվարի 1) |
Այլ տվյալներ | |
Տնօրեն | Արփինե Ավագյան |
Կայք | vayotsdzor.reglib.am |
Պատմություն
խմբագրելՎայոց ձորում առաջին գրադարանը գործել է Գլաձորի համալսարանում, որը ժամանակին համարվել է «Երկրորդ Աթենք պանծալի»[3]։ Անցյալում Վայոց ձորում եղած հատուկենտ գրադարաններ գործել են եկեղեցիներում և մատչելի են եղել միայն հոգևոր դասին։ Վայոց ձորի մարզային գրադարանի պատմության սկիզբ է համարվում 1922 թվականի հուլիսը, երբ Եղեգնաձորի շրջկենտրոնում բացվեց խրճիթ-ընթերցարան, որի տնօրեն դարձավ Մկրտիչ Սարգսի Հովհաննիսյանը։ 1925 թվականին խրճիթ-ընթերցարանի բազայի վրա հիմնվեց գրադարան, որի առաջին վարիչը դարձավ Արշակ Շուշանյանը։ 1936 թվականին վարիչ նշանակվեց Խորեն Նալբանդյանը, 1940 թվականին՝ Հեղինե Հովհաննեսի Ստեփանյանը, 1945 թվականին՝ Մաղո Եփրեմի Եփրեմյանը, նույն տարում՝ Սիրուշ Սմբատի Մանուկյանը, 1946 թվականին՝ Յուղիկ Սիմոնի Հովհաննիսյանը, 1947 թվականին՝ Արգամ Ասատուրի Դովլաթյանը, 1954 թվականին՝ Մանվել Ղազարի Խաչատրյան, 1956 թվականին՝ Գեղամ Լիպարիտի Հարությունյանը, 1957 թվականին՝ Արաքսյա Համբարձումի Բադալյանը։ ՍՄԿԿ Կենտկոմի 1974 թվականի որոշման համաձայն շրջանային, մանկական և գյուղական գրադարանների բազայի հիման վրա 1977 թվականի հունվարից ստեղծվեց ԳԿՀ (Գրադարանների կենտրոնացված համակարգ), որի տնօրեն նշանակվեց Դոնարա Վաղարշակի Դավթյանը։ 1984 թվականին տնօրեն նշանակվեց Կորյուն Հայկի Սաֆարյանը։
1997 թվականին Կենտրոնական գրադարանը վերանվանվեց «Վայոց ձորի հանրապետական գրադարան»։ 2000 թվականին տնօրեն նշանակվեց Ռոզա Արտուշի Լևոնյանը։ ՀՀ կառավարության 06.06.02 թ. N 886-Ն որոշման համաձայն, 2003 թվականին «Վայոց ձորի հանրապետական գրադարանը» վերակազմավորվեց «Վայոց ձորի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի։
Գրադարանը առանց սահմանափակումների ձևավորում և օգտվողներին է տրամադրում ազգային, արտասահմանյան տպագիր արտադրանքի հավաքածուն, իրականացնում է գրադարանային տեղեկատվական-մատենագիտական աշխատանք, գրադարանից օգտվողներին տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն, ընթերցողներին մատուցում գրադարանային տարբեր բնույթի ծառայություններ, իրականացնում է տպագիր արտադրանքի հավաքածուի համալրում՝ ձեռքբերումների, նվիրաբերումների, գնման, փոխանակումների միջոցով։
Գրքերի ֆոնդ
խմբագրելՄինչև 1946 թվականը գրադարանային ֆոնդը կազմել է 1700 միավոր։ 1946-47 թվականներին այն կազմել է 2230 միավոր։ 1947-54 թվականներին գրադարանային ֆոնդը կազմել է 8980 միավոր, 1947-76 թվականներին՝ 32000 միավոր, 1997 թվականին՝ 56016 միավոր, 2003 թվականին՝ 55595 միավոր։ 2018 թվականի հուվարի 1-ի դրությամբ, գրադարանն ուներ 65814 պահպանության միավորից բաղկացած հավաքածու, իսկ արդեն 2021 թվականի հունվարի 1-ի դրությոմբ 66563 միավոր գրքեր, պարբերական մամուլ, տեսալսողական նյութեր, էլեկտրոնային տեղեկատվության միջոցներ։ Գործունեության առարկան ազգային, արտասահմանյան տպագիր արտադրանքի հավաքածուի պահպանումն է, համալրումը, մշակումը, գրադարանային, տեղեկատվական, մատենագիտական սպասարկման կազմակերպումը, գրադարանների զարգացման գիտական և մեթոդական աջակցության ապահովումը։
Կառուցվածք
խմբագրելԿազմակերպության կառուցվածքը բաղկացած է ներքին կառուցվածքային ստորաբաժանումներից[4]՝ տնօրենություն, հաշվապահություն, համալրման, մշակման, գրադարանային գործի ավտոմատացման և առցանց աշխատանքների համակարգման բաժին, սպասարկման և գրադարանային հավաքածուի պահպանման բաժին, մանկական բաժին, տնտեսական բաժին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Վայոց ձորի մարզպետարան». vdzor.mtad.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Կարապետյան, Արմեն (20.12.2016). «Վայոցձորցին շարունակում է ընթերցել». Հայաստանի Հանրապետություն.
- ↑ Հարությունյան, Խորեն (2008). Եղեգնաձոր. Երևան: Երևան. էջեր 232–234.
- ↑ Հակոբյան, Սամվել (2011). Հայաստանի մարզերը / Վայոց ձորի մարզ. Երևան: Ս. Հակոբյան. էջ 26. ISBN 9789939538990.