Վաղինակ Բյուրատ

հայ հրատարակիչ, թարգմանիչ, մշակույթի գործիչ

Վաղինակ Սմբատի Բյուրատ (սեպտեմբերի 10 (22), 1886, Զեյթուն, Օսմանյան կայսրություն - 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հրատարակիչ, թարգմանիչ, մշակույթի գործիչ։ Հայ հրապարակախոս, արձակագիր Սմբատ Բյուրատի որդին։

Վաղինակ Բյուրատ
Ծնվել էսեպտեմբերի 10 (22), 1886
ԾննդավայրԶեյթուն, Օսմանյան կայսրություն
Մահացել է1972
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԱրամյան-Ունճյան վարժարան և Մուրադ-Ռափայելյան վարժարան
Մասնագիտությունհրատարակիչ և թարգմանիչ

Կենսագրություն խմբագրել

Վաղինակ Բյուրատը ծնվել է 1886 թվականի սեպտեմբերի 10(22)-ին Զեյթունում։ Սովորել է նախ Կ. Պոլսի Արամյան վարժարանում, ապա՝ Կահիրեում՝ հոր հիմնադրած կրթարանում, Ալեքսանդրիայի շվեյցարական դպրոցում և Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ 1909 թվականին Կ. Պոլսում հոր հետ հիմնադրել է հրատարակչատուն և գրքեր հրատարակել «Ժամանակակից մատենաշար»-ով։ Մինչև 1914 թվականը տպագրել է 32 անուն գիրք, հիմնականում՝ արևմտահայ ժամանակակից գրողների (Գրիգոր Զոհրապ, Լևոն Շանթ, Արշակ Չոպանյան, Տիգրան Չյոկյուրյան և ուրիշներ) ստեղծագործություններ։

1914 թվականին թուրք. իշխանությունը բռնագրավել է տպարանը։ Բյուրատը հրատարակչական գործը վերսկսել է 1920 թվականին և մինչև 1924 թվականը տպագրել ևս 21 անուն գիրք։

Եղել է ֆրանսիական «Մարին» օրաթերթի թղթակցի անձնական թարգմանը։

1925 թվականին Կ. Պոլսից հեռացել է՝ հրատարակչական գործը հանձնելով Սիրիայի հրատարակչական ընկերությանը։ 1936 թվականին Բեյրութում վերսկսել է տպագրական գործը և մինչև 1941 թվականը լույս ընծայել 41 անուն գիրք՝ իր հրատարակությունների թիվը հասցնելով 94-ի, այդ թվում՝ Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը (պատկերազարդ) և Ժ. Լերմինայի «Մոնտե Քրիստոյի որդին» ստվարածավալ (6 հատոր) երկը՝ իր թարգմանությամբ։

1946 թվականին Ա. Իսահակյանի միջնորդությամբ և պետական հրավերով հայրենադարձել է։

Օգտվելով Կ. Պոլսի պատրիարքարանի արխիվի նյութերից՝ պատրաստել է «Պանթյուրքիզմ և քեմալական շրջան», «Իմ հուշերը արևմտահայ գրողների մասին» ուսումնասիրությունները. ձեռագրերը հանձնել է ԳԱԹ-ին, որոնք ընտրողաբար տպագրվել են («Իմ կյանքի հուշերից», 1999[1], «Ընտիր էջեր», 2002)։

Վաղինակ Բյուրատը մահացել է 1972 թվականին Երևանում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։