Վակուումային նյութեր

Վակուումային նյութեր, վակուումային ապարատներում և սարքերում կիրառվող նյութեր։ Բաժանվում են հետևյալ հիմնական խմբերի, կոնստրուկցիոն նյութեր, գազակլանիչներ, վակուումային յուղեր և նյութեր, որոնք կիրառվում են որպես վակուումային պոմպերի և վակուումաչափերի աշխատանքային հեղուկներ, մածիկներ, քսուքներ, լաքեր և ցեմենտներ։ Վակուումային նյութերին ներկայացվող հիմնական պահանջներն են հագեցած գոլորշու ցածր ճնշումը աշխատանքային ջերմաստիճանների դեպքում և հեշտ գազազրկման հնարավորությունը։ Վակուումային սարքերի թաղանթների համար օգտագործվող վակուումային նյութեր բացի այդ պետք է լինեն պակաս գազանցիկ։ Վակուումային նյութերին ներկայացվող մյուս պահանջները պայմանավորված են նրանց կիրառման ոլորտով (տես Վակուումային տեխնիկա)։ Օրինակ, վակուումային լամպերում օգտագործվող նյութերը պետք է օժտված լինեն բավականաչափ ամրությամբ՝ բարձր ջերմաստիճանների դեպքում և լինեն լավ մեկուսիչներ կամ հաղորդիչներ։ Մետաղներն օգտագործում են իրանների, պոմպերի, վենտիլների, թաղանթների, էլեկտրոդների, գազակլանիչների պատրաստման համար։ Ապակուց պատրաստում են փորձանոթներ, խողովակներ, լամպեր են, սինթետիկ նյութերից և ռետինից՝ խողովակներ, միջադիրներ են։ Վակուումային քսուքները և մածիկները ծառայում են անջատովի և հաստատուն միացումները խտացնելու, լաքերը՝ ճեղքերը խցելու և մակերևույթները պատելու, ցեմենտները՝ լամպերը ցոկոլավորելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 240 CC BY-SA icon 80x15.png