Սևերիոսյաններ, քրիստոսաբանական վարդապետության հետևորդներ, որի հիմնադիրը Սևերիոս Անտիոքացին է (465–538) հակաքաղկեդոնական պայքարի ամենանշանավոր աստվածաբաններից մեկը։ 512–518 թվականներին եղել է Անտիոքի պատրիարքը։ Բյուզանդական կայսր Հուստինոս Առաջինի (518–527) օրոք, երբ վերսկսվել են հալածանքները Քաղկեդոնի ժողովը մերժողների դեմ, Սևերիոս Անտիոքացին 518 թվականին մի շարք հայտնի եպիսկոպոսների հետ աքսորվել է Ալեքսանդրիա։ Աքսորյալների մեջ էր նաև Հալիկառնասի Հուլիանոս եպիսկոպոսը, որի հետ Սևերիոս Անտիոքացին վեճի է բռնվում Տիրոջ մարմնի անապականության շուրջ։ Ըստ Սևերիոս Անտիոքացու՝ Տիրոջ մարմինն ապականացու է, կամ Հիսուս Քրիստոսը սովորական մարդկանց պես ակամա և հարկադրաբար է կրել մարդկային կրքերը։

Սևերիոս Անտիոքացի

Ապականության և անապականության եզրերն այդ վիճաբանության մեջ կիրառվում էին ոչ թե Տիրոջ մարմնի քայքայման կամ ոչ քայքայման իմաստով (բոլորն էլ համաձայն էին, որ Տիրոջ մարմինը ենթակա չէ մեղքի և քայքայման), այլ Փրկչի մարդկային ընդունակության ակամա և կամովի լինելու իմաստով։ Հարցն այն մասին էր, թե որքանով են Քրիստոսին բնորոշ մարդկային, այսպես կոչված անմեղ (անանգոսնելի, անպարսավելի) կրքերը տխրություն, երկյուղ, սով, ծարավ և այլն, որոնք դիտարկվում են որպես մեղքի հետևանքային վիճակներ։ Հայ եկեղեցին կտրականապես մերժել է Սևերիոս Անտիոքացու ապականության ուսմունքը։ 6-8-րդ դարերում ապականության հետևորդների դեմ սուր պայքար է ծավալվել, որը եզրափակվել է 726 թվականի Մանազկերտի եկեղեցական ժողովով։ Ըստ եկեղեցու հայրերի Քրիստոսը մարդկային կրքերը կրում է կամավորապես և ոչ «ի հարկէ», առանց բնության, բռնադատվածության։ Քրիստոսի երկրային կյանքը փրկական տնտեսություն է և զերծ պատահականություններից։ Քրիստոսը մեր փրկության համար կրել է բոլոր մարդկային տկարությունները և ազատորեն անցել մարդկային կրքերի միջով դատապարտելով մեղքը մարմնի մեջ և ազատելով մարդկանց մեղքի իշխանությունից։ Սևերիոս Անտիոքացու գործերը մեծ մասամբ պահպանվել են (125 ճառ, 400 նամակ), հիմնականում ասորերեն թարգմանություններով, սակայն ամբողջությամբ հրատարակված չեն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: