Ստվերաչափ, ժամանակը ցույց տվող գործիքներ Հին Հայաստանում։ Դրանք աղյուսակներ էին, որոնցում տրված էին առարկաների ստվերի երկարության փոփոխությունները տարվա օրերի ընթացքում[1]։

Անանիա Շիրակացին տվել է Հայաստանի միջին լայնության համար ստվերաչափ կազմելու կանոնը[2]։

Ինչպես արեգակնային ժամացույցների վրա, այնպես էլ ստվերաչափ աղյուսակներում թվերի փոխարեն գրված են հայկական այբուբենի տառերը. առաջին ինը տառերը նշանակում են միավորներ, հաջորդ ինը տառերը՝ տասնավորներ և այլն[1]։ «Արևելքը» նշվում էր Ա (1) տառով, իսկ կեսօրին սլաքը կանգնած էր Զ (6) տառի վրա։ Անշարժ ստվերաչափերից բացի ստեղծվում էին նաև շարժական՝ ծովագնացների և հովիվների համար ստվերաչափեր։ Գոյություն են ունեցել ստվերաչափերի պատրաստման հատուկ հրահանգներ, օրինակ, նավի համար։ Սակայն ելնելով անմիջապես ժամացույցի անունից ենթադրվում է, որ նրանք չեն աշխատել են գիշերային ժամերին և կիսաաշխատող էին անձրևոտ, մառախլապատ եղանակի, ինչպես նաև ձյան ժամանակ։

Ստվերաչափերի հիմքում ընկած է այն իրողությունը, որ ուղղաձիգ առարկաների ստվերն օրվա տարբեր ժամերին ունենում է տարբեր երկարություն։ Քանի որ տարվա ընթացքում փոփոխվում է նաև օրվա տևողությունը, որը հետևանք է Արեգակի բարձրության փոփոխության, ուստի ստվերի երկարությունը կախված է նաև տարվա եղանակներից. միևնույն ժամին ստվերը ամռանը լինում է կարճ (նվազագույն երկարությունը՝ ամառային արևադարձի օրը), իսկ ձմռանը՝ երկար (առավելագույնը լինում է ձմեռային արևադարձի օրը)[1][3]։

Ստվերաչափով ժամանակը ճշտելու համար պետք է ձախ ձեռքը ափով վերև բերել հորիզոնական դիրքի, իսկ ցուցամատը ուղղել արևելք-արևմուտք կողմ։ Հետո հարկավոր է ծեղիկ վերցնել և մեծ մատով պահել այն ուղղաձիգ դիրքում ափի միջին գծի առջև։ Ծեղիկի ստվերը ցույց է տալու ցերեկային ժամը հետևյալ կերպ. եթե ստվերը ընկնում է մինչև ցուցամատի ծայրը, ապա հիմա առավոտվա 6-ն է, եթե ստվերը միջին մատի ծայրին է՝ ապա ժամի 7-ն է, եթե «սլաքը» հասել է մատենամատին՝ ժամի 8-ն է, ճկույթին՝ 9-ն է, ճկույթի միջին մասին՝ 10-ը, ճկույթի հիմքին՝ 11-ը։ Կեսօրին ստվերը ընկնելու է ափի միջին գծի ուղղությամբ։ Օրվա երկրորդ կեսին պետք է օգտագործել աջ ձեռքը և հաշվառել ժամանակը հակառակ ուղղությամբ։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ջուլիետա էյնաթյան. Տոմարագիտություն
  2. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1, էջ 363
  3. Իբրև օրինակ` երկրորդ նկարում բերված է Մաշտոցի անվան Մատենադարանի թիվ 2001 ձեռագրի 58ա թերթում զետեղված ստվերաչափը