Ստելերոպսիս Մաղաքյանի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Գոճմակազգիներ
Տեսակ Ստելերոպսիս Մաղաքյանի
Լատիներեն անվանում
Stelleropsis magakjanii


Ստելերոպսիս Մաղաքյանի (լատին․՝ Stelleropsis magakjanii), գոճմակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

10-15 սմ բարձրությամբ, բազմաթիվ ուղիղ կանգնած չճյուղավորված, հիմքի մասում՝ փայտացող ցողուններով կիսաթփիկ բույս է։ 8-12 մմ երկարությամբ, էլիպսաձև, մերկ, թխակապույտ տերևները մանր են։ Ծաղիկները մանր են, արտաքինից կարմրավուն խողովակով՝ հավաքված համարյա գլխիկանման ծաղկաբույլերում[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում, Խաչիկ և Գնիշիկ գյուղերի շրջակայքում։ Հայաստանից բացի, տեսակը հանդիպում է Նախիջևանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է վերին լեռնային գոտում` ծովի մակարդակից 1800-2000 մ բարձրությունների վրա, մարգագետնատափաստանում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղակալում՝ հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված հողատարածքների յուրացման և կլիմայի փոփոխության պատճառով աճելավայրերի պայմանների փոփոխության հետ, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.