Սպիտակաթև ջրածիծառ

թռչունների տեսակներ

Սպիտակաթև ջրածիծառ (լատին․՝ Chlidonias leucopterus), ջրածիծառների ընտանիքի թռչուն։

Սպիտակաթև ջրածիծառ
Գիտական դասակարգում
Թագավորություն կենդանիներ
Ընտանիք ջրածիծառներ
Լատիներեն անվանում
Chlidonias leucopterus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Տարածվածություն

Chlidonias leucopterus

Արտաքին տեսքը խմբագրել

Բնադրողվող է, տարածված։ Մարմնի երկարությունը 20-23 սմ է, թևերի բացվածքը՝ 63-67 սմ, կենդանի զանգվածը՝ 74 գ։ Բնադրման շրջանում հասուն թռչնիի մարմինը սև է, դաստակաթևը, գոտկատեղը, ներքնապոչը և պոչը՝ սպիտակ, թափահարողները՝ մոխրագույն, թևատակը՝ սև շերտերով։ Ոտքերը բաց կարմիր են, կտուցը՝ կարճ, սևավուն։ Փետրավորման շրջանում փետրածածկը սև ու սպիտակ թվացյալ խայտերով է։ Հետբնադրման շրջանում մարմինը սպիտակ է, մեջքը, թևերը՝ մոխրագույն, ականջին կա փոքր սև բիծ, գագաթին՝ սև բիծ։ Երիտասարդի թասակը սևավուն է, մեջքը՝ մուգ դարչնագույն-մոխրագույն, թևավերևը՝ մոխրագույն՝ արտաքին և հետին մուգ եզրերով։

Կենսակերպը խմբագրել

Խիստ երամային թռչուն է։ Սովորաբար չի խուսափում մարդկանց ներկայությունից։ Թռիչքը՝ թևերի դանդաղ և խոր թափահարումներով։ Արձակում է ցածր տոնայնության ծվծվոցներ։ Հաճախ, թևերը վեր բարձրացրած և առանց թափահարումների, ազատ անկում է կատարում ջրի մեջ և, մինչև ուսերը սուզվելով, կտուցով ջրից դուրս է հանում որսին։ Բնակվում է ձկնաբուծական լճակներում, լճերում, դանդաղահոս գետերում։ Սնվում է ջրային անողնաշարավորներով, մանր ձկներով։ Գարնանային վերադարձը՝ ապրիլի վերջ-մայիսի սկզբին։ Աշնանային չուն՝ մինչև նոյեմբերի վերջը։ Կենսակերպը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի։

Սերունդը և նրա խնամքը խմբագրել

Բնադրազույգերը ձևավորվում են մայիսի սկզբից։ Բույնը լողացող հարթակ է՝ եղեգնուտում, կամ ոչ խոր փոսիկ՝ գետնին։ Դնում է 35 մմ տրամագծով, բաց դարչնադեղին՝ սև պտերով 2-3 ձու։ Երիտասարդ թռչունները հայտնվում են հուլիսի առաջին կեսից մինչև չուի երամներ կազմելը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։