Գաստրոֆիլոզ, միասմբակավորների ինվազիոն (ներթափանցող) հիվանդություն։ Հարուցիչները Gastrophilus ցեղի ստամոքսային բոռերն են։ Բոռի էգերը ձվադրում են կենդանու թիակների հատվածում, պարանոցին, պոչին, շրթունքներին, այտերին, ծնոտներին։

Նկարագրություն

Քորվելիս կենդանին լիզում է բոռերի ձվերը։ Բերանի խոռոչում ձվերից զարգանում են թրթուրներ։ 2-3 շաբաթ անց թրթուրները կերի հետ թափանցում են ստամոքս, որտեղից (2-10 ամիս անց) կղանքի հետ դուրս են գալիս արտաքին միջավայր, ապա հարսնյակավորվում են հողում։ Հաստատվելով մարսողական համակարգի պատի մեջ՝ թրթուրները վնասում են այն, խախտում ստամոքսի և աղիների շարժողության ու հյութազատության ֆունկցիաները, առաջացնում ստամոքսաղիքաբորբի, խիթի, սակավարյունության երևույթներ՝ կենդանին նիհարում է։ Առավել ծանր է ընթանում մատղաշի գաստրոֆիլոզը։ Ախտորոշում են մազածածկույթի վրա բոռերի ձվերի և ուղիղ աղիի վերջնային հատվածում թրթուրների հայտնաբերմամբ։

Բուժում

Բոռերի թռիչքն ավարտվելուց 1 ամիս անց կերի հետ տալիս են քլորոֆոսի 5%-անոց լուծույթ (ստամոքսից թրթուրները հեռացնելու համար), բերանի խոռոչի ողողում քլորոֆոսի 2%-անոց լուծույթով կամ եռքլոր մետաֆոս–3-ի 1%-անոց էմուլսիայով, ըմպանի և ուղիղ աղիի ողողում քլորոֆոսի 1%-անոց լուծույթով։

Կանխարգելում

Բոռերի զանգվածային թռիչքի օրերին ձիերին ցերեկը պահում են ձիանոցում, արածեցման ժամանակ կենդանու մարմինը ցողում են քլորոֆոսի 1%-անոց լուծույթով։ 30 օրը մեկ ձիերին տեղափոխում են նոր արոտավայրեր, որոնք կրկին օգտագործում են 2 ամիս անց։

Պատկերասրահ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։