Շուռտվիական մեխանիզմ, մեխանիզմ, որը փոխակերպում է շարժման մեկ ձևը մեկ այլ ձևի․ օրինակ, հավասարաչափ պտտական շարժումը՝ համընթացի, անհավասարաչափը՝ պտտականի, ճոճվողի և այլն։

Պարզ շուռտվիկային մեխանիզմ, մխոցային շոգեմեքենայի անիմացիա

Շուռտվիական մեխանիզմի պտտվող օղակը, որն ունի շուռտվիկի կամ ծնկաձև լիսեռի ձև, կանգնակի և մյուս օղակի հետ կապված է պտտվող կինեմատիկական զույգերով։ Օղակների շարժման բնույթից կախված՝ տարբերում են հարթ քառօղակ շուռտվիական մեխանիզմներ, որոնք էլ բաժանվում են երեք խմբի.

  1. քառօղակ հոդակապավոր (շուռտվիկային և շուռտվիկա-լծակային, շուռտվիկասողանային, շուռտվիկա-կուլիսային)
  2. հարթ բազմօղակ
  3. տարածական քառօղակ ու բազմօղակ։

Շուռտվիկային մեխանիզմները կիրառվում են՝ մխոցավոր շարժիչներում, կոմպրեսորներում, պոմպերում, մամլիչներում և այլ մեքենաներում։ Շուռտվիկային մեխանիզմի շարժաթևերի բարդ շարժումը հարթության մեջ կիրառվում է խմորահունցիչի, ձյունաբարձիչի և այլ մեքենաների աշխատանքային օրգանների հաղորդակի համար։

Հարթ բազմօղակ շուռտվիական մեխանիզմները կիրառում են, օրինակ, գայլիկոնիչ գլխիկի մի քանի իլերի հաղորդակի համար, դարբնոցային մամլիչներում սողանների վրա մեծ ուժերի ստացման համար, լայնատաշ հաստոցների շարժումների հաղորդակներում։

Տարածական քառօղակ շուռտվիական մեխանիզմները կիրառում են առանցքի շուրջը լծակի տատանողական շարժման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 602