Միջինօվկիանոսային լեռնաշղթա

Միջինօվկիանոսային լեռնաշղթաներ, օվկիանոսի մահճի ստորջրյա բարձրացումներ՝ քարոլորտի սալերի ակտիվ տարաշարժման (սպրեդինգի) և օվկիանոսային տիպի երկրակեղևի վերարտադրության զոնաներում։ Հայտնի են բոլոր օվկիանոսներում, առաջացնում են Միջինօվկիանոսային լեռնաշղթայի համաշխարհային համակարգ, հայտնաբերվել են 20-րդ դարի 50-ական թվականների վերջում։ Միջինօվկիանոսային լեռնաշղթայի ընդհանուր երկարությունը 60 հազ. կմ է։ Միջինօվկիանոսային լեռնաշղթայի համակարգը Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում հետամտվում են Լապտևների ծովի շելֆից մինչև Շպիցբերգենի շրջանը, նրա շարունակությունն է Միջինատլանտյան լեռնաշղթան՝ համանուն օվկիանոսում։ Դեպի արևմուտք նրանից առանձնանում է Ամերիկաանտարկտիկական լեռնաշղթան, որը Հնդկական օվկիանոսում փոխարինվում է Հնդկաօվկիանոսային լեռնաշղթայով։ Վերջինն այդ օվկիանոսի կենտրոնում միակցվում է միջօրեականի ուղղության Արաբահնդկական և Հր-Արլ. Ավստաանտարկտիկական լեռնաշղթաների հետ։ Վերջին շարունակությունը Հարավխաղաղօվկիանոսյան բարձրացումն է, որն իր հերթին փոխարինվում է Արևելախաղաղօվկիանոսյան բարձրացումով, որը դեպի հյուսիս անցնում է Կալիֆոռնիական նեղուցը և հատվում է Սան-Անդրիասի բեկվածքով։ Դեպի հյուսիս նմանատիպ ստորջրյա բարձրացում նորից հանդես է գալիս Կանադայի մերձափին մոտ։ Միջինօվկիանոսային լեռնաշղթայի լայնությունը մի քանի հարյուր կմ-ից մինչև 1000-1500 կմ է, բարձրությունը՝ օվկիանոսի հատակից մինչև 3-4 կմ երբեմն դուրս են ելնում հրաբխային ծագման կղզիների տեսքով։ Լեռնաշղթաների կատարային զոնան (լայնությունը մինչև 100 կմ) աչքի է ընկնում խիստ մասնատված ռելիեֆով, մանրաբլոկային կազմությամբ և ամենաերիտասարդ նստվածքներով՝ միայն իջեցված բլոկներում։ Լեռնաշղթաների առանցքի երկարությամբ ձգվում է ռիֆտային հովիտ՝ 25-30 կմ լայնությամբ։ Հովտի հատակի ճեղքում գտնվում են երիտասարդ հրաբխային կոներ։ Նստվածքներն այստեղ բացակայում են։ Լեռնաշղթաների առանցքների հետ կապված են ոչ խոր և համեմատաբար թույլ երկրաշարժեր։ Լեռնաշղթաների լանջերը բնորոշվում են ավելի հանգիստ ռելիեֆով, նրանք ծածկված են նստվածքների համատարած շերտով, որի հաստությունը դեպի եզրերը մեծանում է, իսկ կտրվածքները դառնում են ավելի լրիվ՝ ի հաշիվ ավելի հին հորիզոնների։ Միջինօվկիանոսային լեռնաշղթաները հատված են բազմաթիվ լայնական բեկվածքներով՝ տրանսֆորմ բեկվածքներով, որոնցով լեռնաշղթաների առանցքները տեղաշարժված են (հատակագծում) մինչև մի քանի հարյուր կմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։