Հանման (ժուժկալման, աբստինենտային) համախտանիշ (լատ.՝ abstinentia՝ զրկանք, ժուժկալություն բառից, ոչ գրական՝ «լոմկա»), հոգեկան և մարմնական ախտանիշների համակցություն, որն առաջանում է թմրամիջոցներից կախվածությամբ տառապող անձանց մոտ թմրամիջոցի գործածումը դադարեցնելու կամ գործածվող օրական չափաբաժնի նվազեցման հետևանքով (ալկոհոլից կախվածությամբ («ալկոհոլիզմ») տառապող անձանց դեպքում՝ ալկոհոլի գործածումը դադարեցնելուց հետո. այսպես կոչված «վերապրուկ», «պախմելիայի համախտանիշ»)։ հանման համախտանիշը հանդիսանում է կախվածության համախտանիշի բաղկացուցիչ մասը (F1х.2)[1]։

Առաջացումը խմբագրել

Արտահայտված հանման համախտանիշ սովորաբար դիտվում է ալկոհոլի, քնաբեր և հանգստացնող որոշ հոգեներգործուն նյութերի (օրինակ՝ բարբիտուրատներ, բենզոդիազեպինային տագնապամարիչներ), ափիոնատիպ նյութերի (օրինակ՝ հերոին, մորֆին, ացետիլացված ափիոն), հոգեխթանիչների (օրինակ՝ մեթամֆետամին, ֆենամին, կոկաին, նիկոտին) շարունակական գործածման և կախվածության զարգացման դեպքում։

հանման համախտանիշը թմրամիջոցներ կանոնավոր (մշտական) գործածող անձի մոտ առաջացած կախվածության համախտանիշի առկայության մասին վկայող ախտանիշների համակցություն է, այլ ոչ թե թմրամիջոցի մեկանգամյա (կախվածության համախտանիշ չունեցող անձի մոտ) գործածման ազդեցության ավարտին հաջորդող վիճակ։ Օրինակ՝ խթանիչների ազդեցությանը սովորաբար հաջորդում է (բնորոշ է ամֆետամինին) արտահայտված ընդհանուր թուլություն, անուժություն՝ պայմանավորված ոչ թե թմրամիջոցի գործածման դադարեցմամբ, այլ թմրամիջոցի տոքսիկ ազդեցությունների, ինչպես նաև խթանիչ թմրամիջոցների ազդեցության հետևանքով առաջացող շարժողական ակտիվության արդյունքում զարգացող էներգետիկ ռեսուրսների հյուծմամբ։

Տարբեր նյութերի գործածման դեպքում հանման համախտանիշի առաջացումը, կախված զարգացման արագությունից, աճման կարգով ունի հետևյալ տեսքը. կաննաբինոիդներ, ալկոհոլ, հանգստացնող և խթանիչ նյութեր, օփիոիդներ և կոկաին[2]։

Ափիոնատիպ նյութերից կախվածությամբ տառապող անձանց մոտ ափիոնատիպ նյութերի գործածումը դադարեցներլուց կամ գործածվող օրական չափաբաժնի քանակի նվազեցման դեպքում առաջացող հանման համախտանիշին Հայաստանում, ինչպես նաև ԱՊՀ երկրներում հաճախ անվանում են ոչ գրական բառով՝ «լոմկա» (ռուսերեն՝ «ломать» («կոտրտող» ցավերի ոչ գրական բնութագրման արդյունքում) բառից)։

Ընթացքը խմբագրել

Կախվածության համախտանիշ առաջացնող հոգեներգործուն նյութերի յուրաքանչյուր դասի գործածման դեպքում զարգացող հանման համախտանիշները միմյանցից տարբեր են՝ տարբեր ախտանիշների և խանգարումների դրսևորումներով։ Ափիոնատիպ նյութերից կախվածության դեպքում առաջացող հանման համախտանիշին բնորոշ են քրտնարտադրությունը, փորլուծությունը, անընդհատ հորանջելու ցանկությունը, ամբողջ մարմնի (հատկապես՝ վերջույթների) արտահայտված «կոտրտող» («ջարդող») բնույթի ցավերը, անքնությունը, արցունքահոսությունն ու քթարտադրությունը, ինչպես նաև՝ ափիոնատիպ նյութեր գործածելու «անհաղթահարելի» հիվանդագին (կոմպուլսիվ) պահանջը (ցանկությունը)։

Ալկոհոլից կախվածության դեպքում հանման համախտանիշը դրսևորվում է մարմնի դողով, սարսուռով, արտահայտված քրտնարտադրությամբ, քնի խանգարումներով, սրտխառնոցով և փսխմամբ, գլխացավով կամ գլխապտույտով՝ ուղեկցվելով ալկոհոլ գործածելու «անհաղթահարելի» հիվանդագին կոմպուլսիվ պահանջով (ցանկությամբ)։ Ալկոհոլային հանման համախտանիշը երբեմն զուգորդվում է ցնցումային նոպաներով, երբեմն էլ՝ բարդանում հոգեկան խանգարումներով՝ ցնորքներով, զառանցական մտքերով, դելիրիումով («Սպիտակ տենդ»)։

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. F1х.3 Абстинентное состояние (синдром отмены) // Международная статистическая классификация болезней и проблем, связанных со здоровьем. 10 пересмотр = International Statistical Classification of Diseases and Related Health Problems: Tenth Revision. — М.: Медицина, 2003.- http://psysphera.narod.ru/MKB.html
  2. Огурцов П. П., Мазурчик H. В. Лечение хронического гепатита С у лиц с наркотической зависимостью // Гепатологический форум. — 2007. — № 3.