Ամբողջատիրություն կամ տոտալիտարիզմ (ծագում է լատին․՝ totalis, ամբողջ, լատին․՝ totalitas - լիակատար բառերից), ավտորիտար իշխանության ձև. բնորոշ կողմերն են՝ սահմանադրական իրավունքների և ազատությունների փաստացի վերացումը, հասարակական կյանքի լիակատար ենթարկումը իշխանության շահերին և համատարած (տոտոալ) վերահսկության հաստատումը հասարակության նկատմամբ, քաղաքական ընդդիմության և այլախոհների հանդեպ բռնարարքների լայնածավալ կիրառումը[1]։

ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը

Ամբողջատիրության բովանդակությունը խմբագրել

1920-1930-ական թվականներին Եվրոպայի որոշ երկրներում հաստատվեց կառավարման մի համակարգ, որն իր բնույթով բռնատիրական էր։ Պետությունն իր վերահսկողությունը հաստատեց կյանքի բոլոր բնագավառներում՝ քաղաքականություն, տնտեսություն, կրոն, մշակույթ, մամուլ և այլն։ Նման վարչակարգերը ստացել են ամբողջատիրություն՝ տոտալիտարիզմ անվանումը։ Այդ ճանապարհով ընթացան Իտալիան, Գերմանիան և ԽՍՀՄ-ը։ Դրանցում նպաստավոր պայմաններ էին ստեղծել ծայրահեղական ուժերի համար՝ գրավելու իշխանությունը։ Ճիշտ է՝ ամբողջատիրական վարչակարգերը տարբերվում էին միմյանցից, բայց ունեին մի շարք ընդհանուր հատկանիշներ.

  • Հասարակությունում անհատը անվերապահորեն ենթարկվում էր մեծամասնությանը՝ հրաժարվելով սեփական մղումներից։
  • Պետությունը ճանաչվում էր իբրև միակ ստեղծագործ ուժը, որն ազգին առաջնորդում էր դեպի «պայծառ ապագա»։
  • Գոյություն ուներ միակ մեկ ճշմարիտ կուսակցություն, որն ուղղություն էր տալիս պետությանն ու ազգին։
  • Անհատից, ազգից, պետությունից ու կուսակցությունից վեր կանգնած էր առաջնորդը։

Տարօրինակ էր, բայց ճշմարտություն՝ առաջնորդները հանդես էին գալիս ազատության և ժողովրդավարության անունից։ Այդպիսիք էին Բենիտո Մուսոլինին (Իտալիա), Ադոլֆ Հիտլերը (Գերմանիա) և Իոսիֆ Ստալինը (ԽՍՀՄ)։

 
Բենիտո Մուսոլինին և Ադոլֆ Հիտլերը

Ֆաշիզմն Իտալիայում խմբագրել

Ֆաշիզմն ամբողջատիրության տարատեսակներից է։ Ֆաշիզմի հայրենիքն Իտալիան է։ Բենիտո Մուսսոլինին հիմնել էր իր «Մարտական միությունը» (ֆաշիստական կուսակցություն), որի նպատակն էր «ապահովել իտալական ազգի բարօրությունը»։ Քայքայված երկրում նման գաղափարը հրապուրիչ էր։ Ուստի կարճ ժամանակում ֆաշիստները շահեցին հասարակ իտալացիների համակրանքը։ 1922 թվականին Մուսսոլինին դարձավ Իտալիայի վարչապետը։ Սկզբում նա կառավարում էր ըստ սահմանադրության, սակայն շուտով վերածվեց բռնապետի։ Արդեն 1925 թվականի օրենքով խորհրդարանն իրավունք չուներ օրենքներ ընդունելու առանց նրա հավանության։ Շուտով բոլոր քաղաքական կուսակցությունները, բացի ֆաշիստականից, հայտարարվեցին օրենքից դուրս։ Մուսոլինին ճանաչվեց երկրի առաջնորդ՝ դուչե։ Նա մշակեց տնտեսվարական մի նոր համակարգ։ Իտալական տնտեսության հիմնական ճյուղերը միավորվեցին ընկերությունների մեջ։ Դրանց անդամները՝ բանվորները, ճարտարագետները, կառավարիչները, մասնակցում էին կառավարմանն ու շահույթի բաշխմանը։ Ընկերությունների աշխատանքը համակարգելու համար ստեղծվեց «Արտադրական միությունների ազգային խորհուրդը»։ Այն ֆաշիստական կուսակցության և կառավարության վերահսկողության ներքո էր։ Մտցվեց ութժամյա աշխատանքային օր, բարձրացվեց միջին աշխատավարձը ծավալվեց բնակարանաշինություն և այլն։ Մուսսոլինին հայտարարում էր, թե նպատակ ունի վերականգնելու Հին Հռոմի փառքը։ 1936-1939 Իտալիան բռնազավթեց Եթովպիան (Աֆրիկայում) և Ալբանիան (Բալկաններում)։ Պատրաստվում էր հարվածն ուղղել Հունաստանի դեմ։ Նպատակն էր «Միջերկրական ծովը վերածել իտալական լճի»։ Նպատակին հետամուտ՝ Իտալիան 1936 թվականին ռազմական համագործակցության պայմանագիր կնքեց Գերմանիայի հետ։ Ծնվեց «Բեռլին-Հռոմ» ռազմատենչ քաղաքական առանցքը, որին հետագայում միացավ Ճապոնիան։

Նացիոնալ-սոցիալիզմը Գերմանիայում խմբագրել

Ամբողջատիրական վարչակարգը Գերմանիայում ձևավորվեց ավելի ուշ՝ 1930-ական թվականներիմ։ Սակայն արմատները գալիս էին հետպատերազմյան հիմնախնդիրներից։ Գերմանիան պատերազմից դուրս էր եկել ծայրաստիճան քայքայված։ Սրվել էին ներքին հակասությունները, ակտիվացել ծայրահեղական ուժերը։ Այս պայմաններում չափավոր սոցիալիստները ավելի ընդունելի էին համարվում։ 1919 թվականին նրանք էլ եկան իշխանության։ Երկիրը հռչակեցին ժողովրդավարական հանրապետություն՝ իր խորհրդարանով, նախագահով և վարչապետով (կանցլեր)։ Այն գոյատևեց մինչև 1932 թվական։ Հայտնի է նաև «Վայմարական հանրապետություն» անունով, քանի որ նստավայրը սկզբում Վայմար փոքրիկ քաղաքն էր։ Սակայն չափավոր սոցիալիստները չկարողացան պահել իշխանությունը։ Տնտեսական կայունացման պայմաններում աշխուժացան ձեռներեցներն ու հողատերերը։ Նրանք էլ իրենց ձեռքը վերցրին հանրապետության կառավարումը։ Դրությունը փոխվեց 1929 թվականին, երբ վրա հասավ տնտեսական մեծ ճգնաժամը։ Կառավարությունը չկարողացավ գտնել դրա հաղթահարման ուղիները։ Աշխուժացան նացիոնալ-սոցիալիստները՝ նացիստները։ Նրանց կուսակցությունն իր խնդիրն էր համարում պաշտպանել ազգի ոտնահարված իրավունքները և նրա տիրապետությունը հաստատել ողջ աշխարհում։ Խոստանում էր կառուցել սոցիալիզմ, որի դեպքում երջանիկ ու բարեկեցիկ կլիներ ամբողջ ազգը։ Նացիստների գաղափարները հրապուրում էին հուսալքված հասարակ գերմանացիներին։ Նրանց օժանդակում էին նաև խոշոր ձեռներեցները, որոնք ձգտում էին կայունության։ Պատահական չէ, որ 1930 թվականին ընտրություններում նացիստները հասան հաջողության։ Խորհրդարանում նրանց պատգամավորական խումբը երկրորդն էր։ 1933 թվականին նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերը նշանակվեց վարչապետ։ Իսկ հաջորդ տարի նա հռչակեց գերմանական ազգի առաջնորդ՝ ֆյուրեր, դարձավ «ցմահ վարչապետ» (նախագահի պաշտոնը լուծարվեց)։ Գերմանացիներին ստիպեցին հավատարմության երդում տալ նրան։ Հիտլերն ու նրա շրջապատը իրենց ձեռքում կենտրոնացրին ամբողջ իշխանությունը։ Փոխվեց երկրի պաշտոնական անվանումը. այն կոչվեց «Երրորդ կայսրություն» (Երրորդ ռայխ)։ Փակվեցին բոլոր հասարակական, կրոնական կազմակերպություններն ու կուսակցությունները, թերթերն ու ամսագրերը։ Գործում էր միայն նացիստական կուսակցությունը։ Այլախոհները ձերբակալվեցին։ Ստեղծվեց գաղտնի ոստիկանություն, որի հսկողության տակ էին բոլորը։ Արմատավորվեց Հիտլերի պաշտամունքը։ Հիտլերը չազգայնացրեց տնտեսությունը։ Տարբեր ճյուղերում պահպանվեցին մասնավոր ձեռնարկություններ։ Սակայն դրանք պետության վերահսկողության տակ էին։ Խոր ճգնաժամից հետո տնտեսությունը սկսեց զարգանալ։ 1933-1939 թվականներին Գերմանիայի համախառն արտադրանքը եռապատկվեց։ Վերացավ գործազրկությունը։ Բարելավվեցին աշխատավորների կենցաղային պայմանները։ Նացիստական Գերանիայի արտաքին քաղաքականությունը կառուցված էր բռնի ուժի գործադրման (ագրեսիա) վրա։ 1935-1939 թվականներին Գերմանիան նախ իրեն վերադարձրեց Հռենոսի երկրամասը, իսկ ապա բռնակցեց Ավստրիան և Չեխոսլովակիան։ Գերմանիան ռազմական դաշինքի մեջ մտավ Իտալիայի հետ։ Նրանք մասնակցեցին Իսպանիայում ծավալված քաղաքացիական պատերազմին (1936-1939 թվականներին), նպաստեցին այդ երկրում ֆաշիստական վարչակարգի հաստատմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նիկոլայ Հարությունյան, Գուրգեն Գեղամյան, Նորագույն պատմություն, Երևան, ««Զանգակ 97» ՍՊԸ», 2001 — 155, էջեր 155 — 155 էջ. — 69000 հատ։