«Սարդոստայն (պատմվածք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սարդոստայն''' ({{lang-en|The Spider's Thread}}), պատմվածք, պատկանում է ճապոնացի գրող Ռյունոսկե Ակուտագավայի գրչ...»:
(Տարբերություն չկա)

07:03, 29 Հունիսի 2018-ի տարբերակ

Սարդոստայն (անգլ.՝ The Spider's Thread), պատմվածք, պատկանում է ճապոնացի գրող Ռյունոսկե Ակուտագավայի գրչին, գրվել է 1918 թվականին և առաջին անգամ տպագրվել մանկական ամսագրում (անգլ.՝ Akai Tori)[1]:

Համառոտ սյուժե

Մի անգամ՝ վաղորդայնին, Բուդդան զբոսնում էր դրախտային ջրաշուշաններով լեցուն լճակի ափին, երբ ականակիտ ջրերի խորքում նկատեց դժոխքը, որտեղ կային բազմաթիվ մեղսագործներ: Նրա թափառող հայացքը կանգ առավ Կանդատա անունով մի հանցագործի վրա, որը հայտնի էր իր գործած սարսափելի արարքներով և միայն մի բարի գործ էր կատարել իր ողջ կյանքի ընթացքում: Օրերից մի օր, անտառում հանդիպելով մի փոքրիկ սարդի, ավազակը ցանկանում է առաթուր տրորելով նրան անցնել, երբ հանկարծ մտածում է, որ գուցե պետք չէ տրորել կենդանի էակին: Եվ ահա սոսկ այս մեկ բարի գործի համար Բուդդան որոշում է փրկել մեղսագործին դժոխքի տանջանքներից: Վերցնելով սարդի հյուսած բարակ արծաթափայլ թելը՝ կապում է այն ջրաշուշաններից և իջեցնում տարտարոսի խորքերը:

Ականակիր խավարի ու համատարած լռության մեջ լսվում էին բազմաթիվ մեղսագործների տառապագին հառաչանքները: Կանդատան, գլուխը բարձրացնելով, տեսնում է դեպի իրեն իջեցված արծաթափայլ թելը և օգտվելով իրեն ընձեռված անակնկալ հնարավորությունից՝ բռնում է թելից և սկսում նրանով արագորեն մագլցել դեպի վեր: Ճանապարհի կեսին հոգնում է և որոշում շունչ քաշել, երբ հանկարծ նկատում է, որ մյուս հանցագործներն էլ են իր նման մագլցում թելով դեպի վեր: Սարսափում է հանցագործը և այն մտքից, որ բարակ թելը չի դիմանա այդքան մարդկանց ծանրությանը, սկսում է աղաղակել, թե սարդոստայնը միայն իրենն է, և ոչ ոք չի կարող կառչել նրանից: Նույն ակնթարթին սարդոստայնը պատռվում է և ավազակը ու մյուս հանցագործները կրկին հայտնվում են գեհենում՝ արյան ջրափոսում[1]:

Բուդդան այս ամենի ականատեսն էր և տեսնում է, թե ինչպես է Կանդատան դատապարտում ինքն իրեն՝ միայն սեփական անձի փրկության մասին մտահոգ լինելու համար: Մինչդեռ կյանքը դրախտում շարունակվում էր, ինչպես որ կար, և Բուդդան հոգոց հանելով շարունակում է իր զբոսանքը[1]:

Պատմվածքի ստեղծման նախապատմությունը

Ակուտագավան հայտնի է նրանով, որ իր շատ պատմվածքների համար տարբեր աղբյուրներից կարկատաններ էր անում, և այս առումով «Սարդոստայնը» նույնպես բացառություն չէ: 1917-18 թվականների ժամանակահատվածում նա անգլերեն թարգմանությամբ կարդում էր Ֆ.Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ»-ը, և «Սարդոստայն» պատմվածքը վերապատմած է վեպից վերցված կարճ առակից, որը հայտնի է «Սոխի առակը» վերնագրով: Առակում չար կինը իր ողջ կյանքի ընթացքում երբևէ որևէ բարի արարք չէր գործել, սակայն նրա պահապան հրեշտակը Տիրոջն ասում է, որ, այնուամենայնիվ, նա մի բարի գործ է կատարել.մի անգամ մուրացկանին մի գլուխ սոխ է տվել: Եվ ահա Տերն ասում է հրեշտակին, որ թող վերցնի այդ սոխը և օգտագործի այն՝ նրան դժոխքից դուրս բերելու համար: Հրեշտակը համարյա դուրս է քաշում կնոջը, սակայն մյուս մեղսագործները կախվում են նրանից՝ հույս ունենալով, որ իրենք էլ կարող են փրկվել: Այդ պահին նա գոռգոռում է նրանց վրա՝ ասելով, թե սոխը իրենն է, և միայն ինքը պետք է փրկվի, բայց սոխը պոկվում է նրա ձեռքից, և կինը ցած է ընկնում դժոխք, որտեղ էլ մնում է:

Պատմվածքի համար մեկ այլ աղբյուր է ծառայել նույնատիպ վերնագրով մի պատմություն, որ զետեղված է Կարմայում: Վաղ բուդդիզմի ծագումնաբանության մասին պատմող հինգ առակների պատմությունը տպագրվել է դեռևս 1895 թվականին Տոկիոյում:Կանդատայի կերպարը նա վերցրել է այդտեղից, որը չարագործ էր և իր վրա անեծք կրելով՝ պետք է տառապեր բուդդայական դժոխքում այնքան, մինչև իր վատ ճակատագիրը ավարտվեր: Այստեղ, այնուամենայնիվ, Կանդատան անմիջապես փրկության ուղի չուներ՝ դժոխքից հեռանալու, բայց դրա փոխարեն կարևորվում է այն միտքը, որ ցանկացած լավ արարք, ինչպես սարդին փրկելը, հնարավորություն կտա նրան՝ կրկին վեր բարձրանալու:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Kelly, Timothy M. «Akutagawa Ryûnosuke's "The Spider Thread": Translation and Commentary». Edogawa University. Վերցված է 31 March 2016-ին.