Սուրբ Աստվածածին եկեղեցի (Տաթևի վանք)

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Տաթևի վանք), Տաթև վանական համալիրի երեք եկեղեցիներից մեկը։ 1087 թվականին համալիրի պաշտպանական համակարգի հյուսիս-արևմտյան անկյունում, մուտքի և դամբարանի ծածկերի վրա, իբրև երկրորդ հարկ կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին[1][2]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՏաթև
Մասն էՏաթևի վանք
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Գրիգոր եպիսկոպոսը (1058-1116) վանքի «Մեծ դարպաս» կոչված գլխավոր մուտքն արևմտյան կողմից տեղափոխում է արևելյան կողմ։ Այս նոր կամարակապ դարպասի վրա եպիսկոպոսը 1087 թվականին կառուցում է Սուրբ Աստվածածին երկհարկանի դամբարան-եկեղեցին։ Սյունյաց ճարտարապետական դպրոցի հուշարձանների շարքում յուրահատուկ տեղ են գրավում երկհարկանի դամբարան-եկեղեցիները։ Սյունիքում հայտնաբերված է համանման երեք հուշարձան, ընդ որում բոլոր դեպքերում պահպանված է կոմպոզիցիոն միևնույն սկզբունքը. առաջին հարկի դամբարանի վրա բարձրանում է երկրորդ հարկի մատուռ-եկեղեցին։ Բոլոր երեք դամբարան-եկեղեցիները, (Եղեգնաձորի շրջանում գտնվող Ցաղացքարի վանքը, Վահանավանքը և Տաթևի վանքը), խիստ կերպով տարբերվում են միմյանցից և ունեն միանգամայն տարբեր հատակագծային և տարածական լուծումներ։ Սուրբ Աստվածածին եկեղեցու առաջին հարկը հիմնականում նախատեսվել է որպես դամբարան նշանավոր իշխանների և հոգևորականների համար, իսկ բուն եկեղեցին, որտեղ բարձրանում են քարե աստիճաններով, երկրորդ հարկում է (գմբեթավոր, առանց խորանի փոքրիկ մի եկեղեցի)։

Գրիգոր եպիսկոպոսի կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցիով ամբողջացել է[3]։

1931 թվականի ապրիլի 27-ին ութ բալանոց երկրաշարժի հետևանքով Տաթև վանական համալիրը հիմնովին վերածվում է ավերակների, իսկ 1968 թվականին՝ քանդվել նոր սեյսմիկ ցնցումներից։ 1970-ական թվականներից սկսվել է համալիրի շինարարական աշխատանքները, ավարտվել են Սուրբ Աստվածածին[4] և Սուրբ Գրիգոր եկեղեցիների

Կառուցվածք

խմբագրել

Եկեղեցու կառուցվածքի ճարտարապետական ձևերը նման են X-XI դարերում ընդունված մոտիվներին, և ուշագրավ է, որ մի շարք զարդաձևեր համարյա նույնությամբ վերցված են Առաքելոց գլխավոր եկեղեցուց։ Այսպես, օրինակ` արևելյան լուսամուտի երեսակալը գրեթե նույնությամբ կրկնում է այն զարդաձևերը, որոնք այնքան լայն օգտագործում են գտել գլխավոր եկեղեցում (ոճավորված տերևներ, նշաձև զարդամոտիվներ և այլն)։ Ուշագրավ է նաև եկեղեցու ութանիստ, նուրբ որմնասյուներով ձևավորված թմբուկը, և բացառված չէ, որ այստեղ ևս իրենց դրսևորումն են գտել Առաքելոց եկեղեցու թմբուկի ձևերը։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայկական Հանրագիտարան». encyclopedia.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  2. «Տաթևի վանք». matyan.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  3. «Տ. ՎԱՉԵ ԱԲԵՂԱ ՄԿՐՏՉՅԱՆ ՏԱԹԵՒ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԻՄՆՈՒՄԸ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 17-ին.
  4. «Տաթևի վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցի». yerevancard.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել