Սուրբ Աստվածածին եկեղեցի (Սարակապ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, գտնվում է Հայաստանի Շիրակի մարզի Սարակապ գյուղի արևելյան։ Ընդգրկված Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Հայաստան, Սարակապ գյուղի արևելյան մասում |
Թեմ | Շիրակի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Ներկա վիճակ | կանգուն |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 7-րդ դար |
Կառուցման ավարտ | 1885-1887 թվականներ |
Գմբեթ | 1 |
Շինանյութ | սև տուֆ |
Նկարագրություն
խմբագրելԵկեղեցին ավերակ վիճակում դարեր շարունակ ծածկված է եղել հողով և միայն 19-րդ դարի երկրորդ կեսին պատահականորեն հայտնաբերվել և 1885—1887 թվականներ, նորոգվել ու վերածվել է գործող եկեղեցու։ Հուշարձանի նախնական կառուցվածքից պահպանվել է վաղ միջնադարի հայ ճարտարապետությանը բնորոշ սև տուֆի, սրբատաշ, խոշոր քարերից կրաշաղախ՛ով շարված երկաստիճան որմնախարիսխը։ Վերակառուցման ժամանակ պատերը բարձրացվել են որմնախարսխի պարագծով, հետևաբար, նույնությամբ պահպանվել է հնագույն կառուցվածքի հատակագծային հորինվածքը։ Պատերի վերակառուցված մասերը նույնպես տեղական սև, սրբատաշ տուֆից են՝ կրաշաղախով։ Պատերի շարվածքի մեշ օգտագործվել են հին շենքի որոշ քարեր, որոնցից մեկի վրա կա 13-րդ դարի արձանագրություն։ Եկեղեցին վերակառուցվել է մինչև գմբեթի թմբուկի ստորին շարքերը։ Ներկայիս փայտյա հարթ ծածկը հենվում է չորս փայտյա սյուների վրա։ Սարակապի Սուրբ Աստվածածին եկեղեցու հատակագիծն ունի աստղաձև, կենտրոնաձիգ հորինվածք՝ սիմետրիկ արեվելք-արևմուտք առանցքին[1]։
Հատակագծային հորինվածքի հիմքում ընկած է հավասարաթև խաչը, որի չորս թևերը ներսոլմ ավարտվում են աբսիդներով, իսկ դրսից ունեն ուղղանկյուն եզրանկար։ Միայն արևելյան՝ բեմի խաչաթևը դրսից բազմանիստ է (եռանիստ)։ Սակայն, ի տարբերություն քառախորան հուշարձանների, Սարակապի եկեղեցում աբսիդների միջև իրականացված են լրացուցիչ ծավալներ, որի պատճառով հիմնական՝ քառախորան հորինվածքի խաչաթևերը հեռացված են միմյանցից։ Կառույցի հյուսիս-արևմտյան և հարավարևմտյան անկյուններում այս լրացուցիչ ծավալներն ունեն մոտավորապես եռանկյան տեսք (ավելի ճիշտ՝ սեղանի և եռանկյան զուգակցման ձև), իսկ հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան անկյուններում այդ լրացուցիչ ծավալները հանդես են գալիս որպես անցում, նախամուտք դեպի բեմի աբսիդի երկու կողմերում գտնվող ավանդատները[2]։ Վերջիններս ուղղանկյուն են, թաղածածկ և արևելյան կողմում ավարտվում են կիսաշրջանաձև աբսիդներով։ Ավանդատների առկայության պատճառով Սարակապի հուշարձանը սիմետրիկ չէ հյուսիս-հարավ առանցքին։ Սակայն կարելի է ենթադրել, որ սկզբնական հորինվածքում ավանդատներ չեն եղել, այլ դրանք ավելացվել են 19-րդ դարի վերակառուցման ընթացքում։ Եռանկյունաձև ծավալների մասնակի արտահայտվելը հուշարձանի հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան անկյուններում և խաչաթևերի երկարությունների հավասարությունը, որի հետևանքով ավանդատները դեպի արևելք զգալիորեն դուրս են բեմի աբսիդի արևելյան ճակատի հարթությունից։ Հնագույն որմնախարիսխը տեղում երևում է մինչև ավանդատները։
Սարակապի եկեղեցին ունի երկու մուտք՝ հարավից և արևմուտքից։ Այժմյան մուտքերը կամարակապ վերջավորությամբ ուղղանկյուն բացվածքներ են՝ երկու կողմերում պարզունակ իմպոստներով։ Լուսամուտները սակավաթիվ են, սակայն բավական լայն։ Եկեղեցու ներքին տարածությունը լուսավորվում է բեմի, հարավ-արևելյան անկյան և եռանկյունաձև ծավալների արևմտյան պատերում տեղադրված լուսամուտներով (մեկական նեղ լուսամուտ ունեն նաև ավանդատները)։ Հուշարձանը զուրկ է հարդարանքից։ Ողջ պարագծով, նույն բարձրությամբ ընթացող քիվը բաղկացած է սոսկ կորագիծ վերջավորությամբ սալիկից[3]։
Եկեղեցու հորինվածքի մեջտեղում բարձրացել է գմբեթը, որի թմբուկը հիմքում ութանկյուն է եղել։ Գմբեթատակ ութանկյունը ստացվում է աբսիդների և եռանկյունաձև խորշերի անկյունների միջև ձգվող կամարներով։ Սակայն այդ ութանկյունը կանոնավոր չէ, որը բխում է հյուսիսային և հարավային աբսիդների անկանոնությունից (դրանք հատակագծում ոչ թե կիսաշրջանաձև են, այլ՝ կիսաձվաձև)։ Պետք է ենթադրել, որ դա 19-րդ դարի վերակառուցման ժամանակ աբսիդների կիսաշրջանաձև նախնական հատակագծերի աղավաղման հետևանք է։ Գմբեթարդներով են ծածկվում ինչպես խաչաթևերի չորս աբսիդները, այնպես էլ եռանկյունաձև խորշերը[4]։
Սարակապի հուշարձանի արտաքին տեսքը բխում է ներքին տարածական հորինվածքից և միանգամայն հարազատ է նրան։ Եռանկյունաձև խորշերը դրսից ունեն նույն եզրագիծը, իսկ խաչաթևերը ոչ թե կիսաշրջանաձև են, այլ ուղղանկյուն։ Եռանկյունաձև ծավալները ստեղծում են լույս ու ստվերի ուժեղ խաղ և զգալիորեն աշխուժացնում հուշարձանի զուսպ արտաքին կերպարը։ Այս նպատակին են ծառայում նաև դրանց և խաչաթևերի անկյուններում իրականացված փոքր, եռանկյունաձև կտրվածքով որմնասյուները, որոնք եղել են և նախնական հորինվածքում (այդ ելուստները արտահայտվում են նաև հնագույն որմնախարսխում)։ Խաչաթևերի անկյուններում նման ելուստների առկայությունը բնորոշ Է վաղ միջնադարի հայ ճարտարապետությանը և հանդիպում են հատկապես փոքր խաչաձև գմբեթավոր եկեղեցիներում (Փարպի,Ծփնի, Զարինջա, Քարաշամբ, Արտաշավան)։
Եռանկյունաձև լրացուցիչ ծավալների հիմնական նպատակը կառույցի ներքին, տարածության ընդարձակումն Է։ Խաչաթևերի միմյանցից հեռացնելը հնարավորություն Է տվել ներսում ստանալ բավական մեծ, առանց հենակետերի միասնական տարածություն՝ ծածկված գմբեթով (վերջինիս ներքին տրամագիծը հասնում Է մոտ 8 մետրի)։ Միաժամանակ եռանկյունաձև ծավալները լրացուցիչ կոշտություն, կայունություն են հաղորդում կառույցի ողջ ծավալատարածական հորինվածքին, դրանով իսկ բարձրացնելով նրա սեյսմակայունությունը։ Սարակապի հուշարձանի հորինվածքի ստեղծման համար ելակետ Է հանդիսացել վաղ միջնադարից Հայ ճարտարապետությանը քաջ հայտնի քառախորան եկեղեցու տիպը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Հովսեփ Եղիազարյան, Շիրակի Լեռնահովտի պատմական հուշարձանները, Երևան, 1975, էջ 54
- ↑ Հովսեփ Եղիազարյան, Շիրակի Լեռնահովտի պատմական հուշարձանները, Երևան, 1975, էջ 55
- ↑ Գ. Գրիգորյան, Վազ միջնադարի հայկական քառախորան հուշարձանները (ՀՍՍՀ ԳԱ «Լրաբեր», 1976, հ 1),
- ↑ Տիրան Մարության, Ավանի տաճարը և համանման հուշարձանները, Երևան, 1976։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Աստվածածին եկեղեցի (Սարակապ) կատեգորիայում։ |