Սուրբ Աստվածածին եկեղեցի (Դեդոփլիսծղարո)

եկեղեցի

Դեդոփլիս-Ծղարոյի Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Կախեթի մարզի Դեդոփլիսծղարո քաղաքում։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԿախեթի մարզ և Դեդոփլիս Ծղարո

Պատմություն խմբագրել

Եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվել են 1883 թվականին, սակայն դրամական միջոցների սղության պատճառով աշխատանքներն ընդհատվել են[1]։ 1884 թվականին եկեղեցին եղել է կիսաշեն վիճակում[2], իսկ մեկ տարի անց արդեն նշվել է՝ «Սբ. Ա(ստուա)ծածնի եկեղեցի Հայոց Ցարսկի-Կօլօդցի նորաշէն»[3]։ Օծման արարողակարգը տեղի է ունեցել 1885 թվականի մայիսի 11-ին[4]։ Եկեղեցու կառուցման գործում իրենց դերակատարությունն են ունեցել Գրիգոր քահանա Մատինյանցը և երեցփոխ Արտեմ Օթարյանը[5]՝ «...Օթարեանը ջերմ մասնակցութիւն է ունեցել եկեղեցու կառուցման գործում, ծախսելով և իր փողերը, գեղարուեստական ճաշակով զարդարել է և ներկել տուել եկեղեցին, ծախսելով մօտ 1500 ր., որը հաւաքել էր կշէռքի կապալից կօպէկ-կօպէկ»[6]։

1893 թվականին եկեղեցու գավթում թաղված ուսանող Նիկողայոս Պաատյանի հայրը՝ սղնախեցի 2-րդ կարգի վաճառական Դավիթ Պաատյանը, որդու հիշատակը հավերժացնելու մտադրությամբ 1906 թվականին սկսել է զանգակատուն կառուցել։ Շինարարությունը ձգձգվել է մինչև 1910 թվականը և մնացել անավարտ, քանի որ ինքն էլ սպանվել է Սուրամում[7]։ Մեկ այլ աղբյուրի համաձայն զանգակատան կառուցումն ավարտվել է 1910 թվականին (բացի զանգից), ծախսը կազմել է 1500 ռուբլի[8]։

Եկեղեցու և դպրոցի նորոգման համար 1913 թվականին ծախսվել է 200 ռուբլի[9][10]։

1911-1916 թվականներին քահանան եղել է Հակոբ Գրիգորյանը[10][11][12]։

Մի շարք նվիրատուներ եկեղեցուն նվիրել են բուրվառ (Ծղալոբ Բեժանյանը), գրքակալ (Հովհաննես Թանդիլյանը), խաչվառ (Ստեփան և Լևոն Ամիրյանցները) և արծաթե մասնատուփ (Գրիգոր Դավթյանը)[12]։

Եկեղեցու շուրջը տարածված է ավերված գերեզմանոցը, որտեղ կա սրբատաշ սալատապան (չափերը՝ 75 x 67 սմ)՝ ռուսերեն հետևյալ արձանագրով՝

  Под симъ камнемъ покоится прахъ княгини Ефемии Араловой, родившаяся 1822 года, 19-го марта, скончалась 1884 года 11-го января.
- Թարգմ. Ներքո վիմիս հանգչում է իշխանուհի Եֆիմիա Արալովի մարմինը, ծնված 1822 թ. մարտի 19-ին, վախճանված 1884 թ. հունվարի 11-ին
 

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել