Սոցիալական ինտելեկտ
Սոցիալական ինտելեկտ (անգլ.՝ social intelligence), ընդունակությունների շարք, որը որոշում է սոցիալական փոխազդեցության հաջողությունը։ Ներառում է այլ անձի վարքագիծը հասկանալու ու սեփական վարքագիծը ընկալելու ընդունակությունները, ինչպես նաև կոնկրետ իրավիճակում համապատասխան կերպով գործելու կարողությունը[1]։
Սոցիալական ինտելեկտ հասկացությունը հաճախ կապվում է «էմոցիոնալ ինտելեկտ» հասկացության հետ՝ ենթադրելով, որ «էմոցիոնալ ինտելեկտ» հասկացության գաղափարն առաջացել է սոցիալական ինտելեկտից։ Այնուամենայնիվ, հեղինակների մեծ մասը կարծում է, որ այս հասկացությունները պարզապես համընկնում են[1]։ Սոցիալական ինտելեկտը հատվում է հաղորդակցման հմտությունների հետ։
Եզրույթն առաջին անգամ օգտագործել է Էդուարդ Լի Տորնդայքը[2], իսկ հետագայում իրենց աշխատություններում դրա զարգացմամբ զբաղվել են Գորդոն Օլպորտը[3], Ջո Փոլ Գիլֆորդը և մյուսները, ինչպես նաև ռուսաստանցի հետազոտողներ Մ․ Բոբնևան[4] և Վ․ Կունիցինան[5]։
Սահմանման մոտեցումներ
խմբագրելՍոցիալական ինտելեկտի բնույթը հասկանալու երեք մոտեցում կա․
- Սոցիալական ինտելեկտը որպես ինտելեկտի տեսակ։ Սա նշանակում է, որ սոցիալական ինտելեկտը հանդիսանում է ճանաչողական կարողություն, որը հավասար է ճանաչողական ինտելեկտի այնպիսի տեսակներին, ինչպիսիք են մաթեմատիկականը, բանավոր ինտելեկտը և այլն։
- Սոցիալական ինտելեկտը որպես գիտելիք, կարողություններ և հմտություններ, որոնք ձեռք են բերվել սոցիալականացման գործընթացում։ Սոցիալական ինտելեկտը այստեղ ներկայացված է ոչ թե որպես կարողություն, այլ որպես ձեռքբերովի հաջողություն (հոգեբանական ռեսուրսներ)։ Այս մոտեցումը քննադատվում է այն բանի համար, որ ցանկացած նվաճում և գիտելիքի ձեռքբերում ինչ-որ կերպ ենթադրում է կարողությունների առկայություն։
- Սոցիալական ինտելեկտը որպես անհատականության գիծ, որը պայմանավորում է հաջողությունը միջանձնային փոխազդեցության մեջ[6]։
Ուսումնասիրության պատմություն
խմբագրելՍոցիալական ինտելեկտի խնդիրն առաջին անգամ քննարկվել է 20-րդ դարի սկզբին Էդուարդ Տորնդայքի կողմից, որն առաջին անգամ շրջանառության մեջ է դրել «սոցիալական ինտելեկտ» եզրույթը՝ նշելու միջանձնային իրավիճակներում հաջողության հասնելու, խելամիտ և առկա իրավիճակին համապատասխան վարքագիծ դրսևորելու կարողությունը։ Բացի այդ, նա նաև հնարավոր էր համարում սոցիալական ինտելեկտի կառուցվածքում այլ մարդկանց կառավարելու ունակության առկայությունը[2]։
Բրիտանացի հոգեբան Ֆիլիպ Վերնոնը տվել է սոցիալական ինտելեկտի ամենալայն սահմանումը՝ բնորոշելով այն որպես մարդու՝ ընդհանրապես մարդկանց հետ շփվելու ունակությունը, հասարակության մեջ հեշտ ինքնադրսևորվելու կարողությունը, ինչպես նաև խմբում առկա տրամադրությունները հասկանալու և մարդկանց թաքնված բնավորության գծերն ըմբռնելու կարողությունը[7]։
Ըստ Գորդոն Օլպորտի՝ սոցիալական ինտելեկտը «սոցիալական պարգև» է, որը նպաստում է սահուն հաղորդակցությանը։ Օլպորտը սոցիալական ինտելեկտը բնորոշել է որպես մարդկանց աշխարհում փոփոխվող պայմաններին հարմարվելու կարողություն։ Նրա կարծիքով՝ սա այն 8 հատկանիշներից մեկն է, որոնք պայմանավորում են մարդկանց լավ հասկանալու կարողությունը[8]։
Օգյուստ Կոնտը և Հանս Յուրգեն Այզենկն իրենց հերթին ընդգծել են ինտելեկտի սոցիալական բնույթը, իսկ Կոնտը նաև հավելել է, որ սոցիալական ինտելեկտն այլ մարդկանց հասկանալու կարողությունն է, ինչպես նաև նրանց աչքերով քեզ տեսնելու կարողությունը[9]։
Ջո Փոլ Գիլֆորդը առաջին հետազոտողն էր, որը չափման տեսանկյունից մոտեցավ սոցիալական ինտելեկտի խնդրին։ Նա մշակեց սոցիալական ինտելեկտի թեստ և, ի լրումն, առաջարկեց, որ սոցիալական ինտելեկտը մի միավոր է, որը կախված չէ ընդհանուր բանական գործոնից, այլ կապված է վարքագծի մասին ինֆորմացիայի իմացության հետ[10]։
Ռոբերտ Սթերնբերգը սոցիալական ինտելեկտը մեկնաբանել է որպես այլ մարդկանց հետ լեզու գտնելու, իրեն նրանց տեղը դնելու, նրանց հասկանալու, ինչպես նաև նրանց զգացմունքները, տրամադրությունները և նրանց գործողությունների դրդապատճառները ճիշտ և քննադատաբար գնահատելու կարողություն[11]։
Խորհրդային հոգեբանության մեջ Մարգարիտա Բոբնևան առաջինն է նկարագրել սոցիալական ինտելեկտի ֆենոմենը։ Նրա կարծիքով` սոցիալական ինտելեկտը ձևավորվում է սոցիալականացման ընթացքում, այսինքն՝ ողջ կյանքի և այլ մարդկանց հետ շփման գործընթացում։ Բացի այդ, սոցիալական ինտելեկտի համատեքստում Բոբնևան նկարագրել է տիպավորման և անհատականացման միտումները։ Տիպավորման միտումը դրսևորվում է բոլոր մարդկանց համար ընդհանուր հատկությունների ձևավորման մեջ, մինչդեռ անհատականացման միտումը, ընդհակառակը, անձնական, անհատական փորձի կուտակման գործընթաց է[4]։
Յուրի Եմելյանովը սոցիալական ինտելեկտ հասկացությունը կապել է սոցիալական զգայունության հետ։ Նրա կարծիքով՝ ինտուիտիվ կերպով մարդն ինչ-որ կերպ զարգացնում է անհատական ունակություններ, որոնց հիման վրա նա կայացնում է որոշումներ և սոցիալական փոխազդեցության մեջ եզրակացություններ անում։ Այսպիսով, նա պնդում էր, որ սոցիալական ինտելեկտի զարգացմանը նպաստում է զգայունության առկայությունը[12]։
Վ. Կունիցինայի կարծիքով՝ սոցիալական ինտելեկտը գլոբալ կարողություն է, որը զարգանում է ինտելեկտուալ, անձնական, հաղորդակցական և վարքագծային հատկությունների հիման վրա[5]։
Ա. Յուժանինովան ևս սոցիալական ինտելեկտն անվանում է որոշակի կարողություն՝ նշելով, որ այդ կարողությունն արտահայտվում է 3 բաղադրիչով՝ սոցիալ-ընկալողական կարողություններ, սոցիալական երևակայություն, ինչպես նաև սոցիալական հաղորդակցման տեխնիկա[13]։
Սոցիալական ինտելեկտը Հանս Այզենկի ինտելեկտի կառուցվածքի մոդելում
խմբագրելՀանս Այզենկն առաջարկել է սխեմա (նկ. 1), որը միավորում է ինտելեկտի 3 տեսակ՝ կենսաբանական, հոգեչափական և սոցիալական։
Այս սխեմայի համաձայն` կենսաբանական ինտելեկտը ցուցիչ է, որը կապված է գլխուղեղի կեղևի կառուցվածքների և գործառույթների հետ (այսինքն` վարքագծի ֆիզիոլոգիական, նյարդաբանական, կենսաքիմիական և հորմոնալ հիմքերի հետ)։ Ըստ նրա՝ հոգեչափական ինտելեկտն արտացոլվում է ինտելեկտի հենց այն գործակցով (IQ), որը չափվում է թեստերի միջոցով։ Եվ վերջապես, Այզենկը սոցիալական ինտելեկտը նկարագրում է որպես սոցիալապես օգտակար հարմարվողականության դրսևորում, որը ներառում է այնպիսի կարողություններ, ինչպիսիք են բանականությունը, խնդիրների լուծումը, հիշողությունը, սովորելու ունակությունը, ռազմավարությունների մշակումը և շրջակա միջավայրին հարմարվելը։
Այսպիսով, Այզենկի ներկայացրած սխեմայում սոցիալական ինտելեկտի հասկացությունն ամենալայնն է, որը ներառում է կենսաբանական և հոգեչափական ինտելեկտի ավելի նեղ հասկացությունները[9]։
Սոցիալական ինտելեկտը Ջո Փոլ Գիլֆորդի ինտելեկտի մոդելի կառուցվածքում
խմբագրելՋո Փոլ Գիլֆորդը մշակել է ինտելեկտի կառուցվածքի խորանարդային մոդելը (նկ. 2), որտեղ իր տեղն է գտել նաև սոցիալական ինտելեկտը։
Այս կառուցվածքում ինտելեկտը նկարագրվում է երեք փոփոխականների տիրույթում՝ ներկայացված տեղեկատվության բովանդակությունը, տեղեկատվության մշակման գործողությունները և տեղեկատվության մշակման արդյունքները։
Հենց այս երեք կոորդինատների առանցքներն են նկարագրում ինտելեկտուալ կարողությունները, որոնք փոքր խորանարդիկների տեսքով արտացոլված են այս գծապատկերում։ Նմանապես, սոցիալական ինտելեկտը կարող է նկարագրվել այս երեք փոփոխականների տիրույթում։
Այս մոդելը սոցիալական ինտելեկտի համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ Գիլֆորդի ուշադրությունը կենտրոնացած էր գործողություններից մեկի՝ ճանաչողության վրա։
Այս ոլորտում նրա հետազոտությունները կենտրոնացած էին վարքագծային ճանաչողության վրա։ Այս կարողությունը ներառում է 6 գործոն.
- Վարքագծի տարրերի իմացություն․ համատեքստից վարքագծի բանավոր և ոչ բանավոր արտահայտումն առանձնացնելու ունակություն,
- Վարքագծի դասերի իմացություն․ տեղեկատվության հոսքում ընդհանուր հատկություններն ընկալելու ունակություն,
- Վարքագծային հարաբերությունների իմացություն․ վարքագծի վերաբերյալ տեղեկատվության միավորների միջև ծագող հարաբերությունները հասկանալու ունակություն,
- Վարքագծային համակարգերի իմացություն․ մարդկանց միջև փոխգործակցության իրավիճակների զարգացման տրամաբանությունը և կոնկրետ իրավիճակներում նրանց վարքագծի իմաստը հասկանալու ունակություն,
- Վարքագծային փոխակերպումների իմացություն․ նմանատիպ վարքագծի փոփոխվող իմաստը հասկանալու ունակություն,
- Վարքագծի արդյունքների իմացություն․ սկզբնական տեղեկատվության հիման վրա վարքագծի հետևանքները կանխատեսելու ունակություն[14]։
Սոցիալական ինտելեկտը Հովարդ Գարդների բազմակի ինտելեկտների կառուցվածքում
խմբագրելՀովարդ Գարդների կողմից առաջարկված բազմակի ինտելեկտների կառուցվածքում առանձնացնում են ինտելեկտների հետևյալ տեսակները, որոնք անմիջականորեն կապված են սոցիալական ինտելեկտի հետ.
- Ներանձնային ինտելեկտ․ սեփական ներքին հոգեկան գործընթացներին դիմելու, ինքն իրեն, իր հնարավորությունները, շարժառիթները, հույզերը հասկանալու կարողությունն է։
- Միջանձնային ինտելեկտ․ այլ մարդկանց զգացմունքներն ու մտադրությունները հասկանալու կարողություն[15]։
Մաքիավելյան ինտելեկտ
խմբագրելՄաքիավելյան ինտելեկտը հատուկ ինտելեկտուալ ունակություններն են, որոնք ապահովում են թիմում անհատի արդյունավետ գործունեությունը (կոալիցիաներ կազմելու, «սահմանված կարգը խախտողների» դեմ համատեղ դիմադրություն կազմակերպելու կարողությունը, սեփական հեղինակությունը և սոցիալական կարգավիճակը բարձրացնելու տարբեր հնարքները, «հայրենակիցների» արձագանքներն ու գործողությունները կանխատեսելը՝ հիմնվելով նրանց մտադրությունների, գիտելիքի և մտածելակերպի «մոդելավորման» վրա և այլն)[16][17]։
Կառուցվածք
խմբագրելՍոցիալական ինտելեկտի կառուցվածքում տարբեր հեղինակներ առանձնացնում են տարբեր բաղադրիչներ։
Յուժանինովան, օրինակ, առանձնացնում է հետևյալը.
- Սոցիալական ընկալման ունակություններ՝ ադեկվատ ինքնաճանաչման, մարդկանց աշխարհում սեփական դիրքը հասկանալու և դրանում գործելու կարողություն։ Այն ներառում է սեփական անհատական հատկանիշների, հոգեկան գործընթացների ընթացքի, ինչպես նաև հուզական հատկությունների և որակների ճիշտ ընկալումը։
- Սոցիալական երևակայություն՝ այլ մարդկանց արտաքին նշանները սինթեզելու և նրանց անձնական հատկությունների հիման վրա մոդելավորելու, ինչպես նաև որոշակի իրավիճակներում նրանց հետագա վարքագիծը կանխատեսելու կարողությունը։
- Սոցիալական հաղորդակցության տեխնիկա՝ ցանկացած իրավիճակում վարքագծի ճկունությունը, այն փոխելու, ինչպես նաև այլ անձի տեսանկյունից իրավիճակը տեսնելու և պատկերացնելու ունակությունը[13]։
Ըստ Օ. Ջոնի և Կ. Կոսմիտսկու՝ սոցիալական ինտելեկտը ներառում է հետևյալ բաղադրիչները.
- այլ մարդկանց զգացմունքների, մտքերի և մտադրությունների լավ ըմբռնում,
- մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու և նրանց հետ շփվելու լավ ունակություն,
- մարդկային փոխհարաբերությունների նորմերի ու կանոնների լավ իմացություն,
- այլ մարդկանց տեսակետը հասկանալու ունակություն,
- սոցիալական իրավիճակներում լավ հարմարվելու ունակություն,
- ջերմություն և ուշադրություն,
- նոր փորձառություններն ընկալելու ընդունակություն[15]։
Վ. Կունիցինան սոցիալական ինտելեկտի կառուցվածքը ներկայացրել է հետևյալ կերպ.
- հաղորդակցային և անձնական ներուժը մարդկային հատկությունների շարք է, որն օգնում է նրան շփվել և փոխգործակցել այլ մարդկանց հետ (կամ, ընդհակառակը, դժվարացնում է այդ փոխգործակցությունը),
- ինքնագիտակցության առանձնահատկությունները՝ ինքնահարգանքի զգացում, բարդույթներից ազատություն, նոր գաղափարների հանդեպ բաց լինելը,
- սոցիալական ընկալում, սոցիալական մտածողություն և երևակայություն, սոցիալական երևույթները հասկանալու կարողություն, ինչպես նաև մարդկանց մղող շարժառիթները,
- անհատի էներգետիկ բնութագրերը՝ տոկունություն, ակտիվություն, հյուծվածություն[15]։
Սոցիալական ինտելեկտի հարաբերակցությունն ինտելեկտի այլ տեսակների հետ
խմբագրելԱյս հարցում տարբեր հեղինակներ նույն կերպ տարբեր տեսակետներ ունեն։
Օրինակ՝ ըստ Դևիդ Վեքսլերի՝ սոցիալական ինտելեկտը կիրառելի է ընդհանուրի նկատմամբ և հանդիսանում է դրա մի մասը՝ դրսևորվելով սոցիալական ոլորտում։
Դևիդ Վեքսլերի, Էդուարդ Լի Տորնդայքի, Ջո Փոլ Գիլֆորդի և Մարգարիտա Բոբնևայի կարծիքով՝ ընդհակառակը, սոցիալական ինտելեկտն ընդհանուր ինտելեկտի մաս չի կազմում և կապված չէ դրա հետ։
Ռոբերտ Սթերնբերգը սոցիալական ինտելեկտը դասակարգել է որպես գործնական ինտելեկտի տարատեսակ։
Տարիքային առանձնահատկություններ
խմբագրելՆախադպրոցական և տարրական դասարանների տարիքում սոցիալական ինտելեկտն ակտիվորեն զարգանում է դերային խաղերի միջոցով, ինչպես նաև հասակակիցների հետ շփվելիս[18]։
Պատանեկության տարիքում ամենաակտիվը ձևավորվում են հաղորդակցական-անձնական ներուժը (որպես հաղորդակցվելու և շփման ընդհանուր միտում), ինքնագիտակցությունը և այլ մարդկանց հասկանալու կարողությունը (ներառյալ նրանց վարքագիծը կանխատեսելու կարողությունը)[5]։
Երիտասարդության տարիքում առաջին հերթին ձևավորվում է սեփական գործողությունների հետևանքները կանխազգալու և ուրիշների գործողությունների հետևանքները կանխատեսելու կարողությունը[19]։
Հասուն տարիքում սոցիալական ինտելեկտը ստանում է սոցիալական իմաստնության ձև։ Այս տարիքում առաջին հերթին ձևավորվում է նաև սեփական սխալները գիտակցելու կարողությունը[20]։
Չափման մեթոդներ
խմբագրելՍոցիալական ինտելեկտի չափման թեստը 1928 թվականին առաջին անգամ մշակել է Տ. Խանը։ Այն բազմագործոն էր և ենթաթեստերի համընդհանուր գնահատականը տալիս էր վերջնական միավորը։ Չափվում էին հետևյալ բաղադրիչները՝ սոցիալական իրավիճակներում դատողությունը, անունների և դեմքերի հիշողությունը, վարքագծի դիտարկումը, բառերի կամ դեմքի արտահայտությունների հետևում թաքնված ներքին վիճակների ճանաչումը, հումորի զգացումը, սոցիալական տեղեկատվությունը։
Գիլֆորդի բազմագործոն մոդելը դարձավ նաև սոցիալական ինտելեկտի չափման հիմքը, և հետագայում Գիլֆորդի սոցիալական ինտելեկտի թեստը դարձավ ամենահայտնիներից մեկը։ Ռուսական հոգեբանական գրականության մեջ ամենատարածված տեխնիկան Գիլֆորդի թեստի ադապտացված տարբերակն է, որն իրականացվել է Ե. Միխայլովայի կողմից[6]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություն
խմբագրել- ↑ 1,0 1,1 Ушаков Д.В. Социальный интеллект как вид интеллекта (русский) // Институт психологии РАН. — 2004. Архивировано из первоисточника 19 Հունիսի 2018.
- ↑ 2,0 2,1 Thorndike E.L. Intelligence and its uses // Harper’s Magazine.. — 1920. — № 140. — С. 227-235.
- ↑ Хрящева Н.Ю. Психогимнастика в тренинге. — Речь, 2014.
- ↑ 4,0 4,1 Бобнева М.И. Психологические проблемы социального развития личности. — 1979.
- ↑ 5,0 5,1 5,2 Куницына В.Н. Социальная компетентность и социальный интеллект: структура, функции, взаимоотношение // Теоретические и прикладные вопросы психологии. — 1995.
- ↑ 6,0 6,1 Люсин Д.В., Ушаков Д.В. Социальный интеллект, теория, измерение, исследования. — Институт психологии РАН, 2004.
- ↑ Филипповская Т.В. Знание и социальный интеллект: социологический подход к осмыслению взаимосвязи // Cyberleninka. — 2012. — № 6. Архивировано из первоисточника 2 Ապրիլի 2021.
- ↑ Allport, G. W. Pattern and growth in personaliti. — Holt Rinehart and Winston, 1961.
- ↑ 9,0 9,1 Айзенк Г.Ю. Интеллект: Новый взгляд // Вопросы психологии.. — 1995. — № 1. — С. 111-131.
- ↑ Гилфорд Дж. Структурная модель интеллекта. — Психология мышления, 1965. — 456 с.
- ↑ Стернберг Р. Практический интеллект. — Питер, 2002. — С. 272.
- ↑ Брудный, А.А., Шрейдер Ю.А. Коммуникация и интеллект // Генетические и социальные проблемы интеллектуальной деятельности. — Алма-Ата, 1975. — С. 245.
- ↑ 13,0 13,1 Фатихова Л.Ф., Харисова А.А. Практикум по психодиагностике социального интеллекта детей дошкольного и младшего школьного возраста: учебно-методическое пособие. — 2010.
- ↑ Кудинова И.Б., Вотчин И.С. Социальный интеллект как предмет исследования // Cyberleninka. — 2005. — № 4. Архивировано из первоисточника 19 Մարտի 2022.
- ↑ 15,0 15,1 15,2 Лунёва О.В. Основные модели социального интеллекта // Cyberleninka. — 2012. — № 3. Архивировано из первоисточника 25 Մարտի 2020.
- ↑ Humphrey, N. K. (1976). «The social function of the intellect» (PDF). P. P. G. Bateson & R. A. Hinde (eds.). Growing points in ethology. Cambridge: Cambridge University Press. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Byrne & Whiten, A. Machiavellian intelligence. // Oxford: Oxford University Press. — 1988.
- ↑ Шилова О.В. Развитие социального интеллекта у старших дошкольников и первоклассников в процессе общения со значимым взрослым. — 2009.
- ↑ Князева Н.Н. Изучение социального интеллекта у школьников и студентов // Юбилейная международная научно-практич. конф., посвященная 200-летию Д.П. Ознобишина. Самара, 2004.
- ↑ Иванов А.А. Возрастные аспекты социального интеллекта // Научные исследования в образовании. — 2009. — № 1.