«Սոմբրա Նեգրա» («Սև ստվեր» իսպ.՝ Sombra Negra, նաև հայտնի է «Էլ Կլան դե Պլանտա» (իսպ.՝ El Clan de Planta), Սալվադորում կազմակերպված հանցավոր խմբավորումների ներկայացուցիչների նկատմամբ ինքնադատաստան իրականացնող մի քանի «մահվան ջոկատներից» կազմված ռազմականացված խմբավորում[1][2]։ Խմբավորման կազմում ընդգրկված են Սալվադորի ուժային կառույցների՝ զինված ուժերի և ոստիկանության նախկին ներկայացուցիչներ, որոնք որդեգրել և հավատարիմ են ինքնադատաստանի գաղափարախոսությանը՝ համարելով, որ ոստիկանությունն ու զինված ուժերն ամբողջությամբ ներծծված են կոռուպցիայով և ի վիճակի չեն վերացնել հանցավորությունը[3]։

Սոմբրա Նեգրա
իսպ.՝ Sombra Negra
ՏեսակՌազմականացված խմբավորում
ՂեկավարԱնհայտ
Ղեկավար կենտրոնԱնհայտ
Ստեղծման տարեթիվ(1989թ․) 1994թ
ՀամախոհներՍալվադորի աջ ծայրահեղ ռազմականացված խմբավորումներ
Հակառակորդներ«Մարա Սալվատրուչա» հանցավոր խմբավորում,
18-րդ փողոցի հրոսակախումբ հանցավոր խմբավորում,
ՖՄԼՆ կուսակցությունՍալվադորի կառավարություն

Սալվադորի կառավարությունը ամեն կերպ հերքել է իր կապը «Սոմբրա Նեգրա» ռազմականացված խմբավորման հետ[4]։ Միևնույն ժամանակ իրենց իրավապաշտպան հռչակած կազմակերպությունները, ինչպիսին է «Տուտելա Լեգալ» (Tutela Legal) կաթոլիկ հումանիտար օգնության կազմակերպությունը, պնդում են, որ խմբավորումը հասարակության համար վտանգավոր է, քանի որ որդեգրել է ինքնադատաստանի գաղափարախոսությունը[3], սակայն, ըստ պնդման, ստանում է Սալվադորի զինված ուժերի և ոստիկանության բարձրաստիճան որոշ պաշտոնյաների հավանությունն ու լուռ աջակցությունը[5], ինչպես նաև երկրի շարքային բնակիչների համակրանքը, որոնք հավանություն են տալիս «հասարակության անցանկալի տարրերի» ոչնչացմանը[4]։

Պատմություն խմբագրել

«Սոմբրա Նեգրա» ռազմականացված խմբավորման գոյության մասին առաջին անգամ հայտնի է դարձել 1994 թվականի դեկտեմբերին Սան Միգել դեպարտամենտում, որտեղ նկատվում էր հանցավորության մակարդակի աճ և բռնությունների հերթական ալիք։ 1995 թվականի դրությամբ ռազմականացված խմբավորման որոշ անդամներ հայտնել են, որ իրենց կողմից սպանվել է 17 մարդ, ովքեր կատարել են լրջագույն հանցագործություններ և խուսափել քրեական պատասխանատվությունից[5]։ Միևնույն ժամանակ, համաձայն «Դը Բալթիմոր Սան» (The Baltimore Sun) պարբերականի՝ «Սոմբրա Նեգրա» խմբավորումն իրականացրել է նվազագույնը 36 սպանություն։ Ըստ պարբերականի պնդման՝ խմբավորման ներկայացուցիչները հաճախ սպառնում էին նաև դատավորներին[3]։

«Սոմբրա Նեգրա» ռազմականացված խմբավորման բնութագրիչներից է սպանվածի կապված ձեռքերը կամ մատները, աչքերը կտորով փակելը։ Բոլոր կրակոցներն իրականացվել են ծոծրակին, որպեսզի մահը արագ լինի։ Խմբավորման անդամները գործողությունների ընթացքում կրում են սև դիմակ, որպեսզի հնարավոր չլինի նրանց ճանաչել։ Նրանք Գործողության վայր են մեկնում առանց պետհամարանիշի ավտոմեքենաներով, որոնց ապակիները մգեցված են[5]։ Որոշ անհատներ, ովքեր իրենց ներկայացնում էին «Սոմբրա Նեգրա» խմբավորման ներկայացուցիչ, հայտնել են, որ խմբավորման անդամներ են հանդիսանում նաև բանակային դիպուկահարներ և պայթուցիչների մասնագետներ[3]։ Իրականացված բոլոր սպանությունները «Սոմբրա Նեգրան» պատճառաբանվում է այն հանգամանքով, որ Սալվադորի ոստիկանությունը ի վիճակի չէ պայքարել հանցավորության դեմ և պարտադրել քաղաքացիներին պահպանել օրենքը, իսկ իրենք «մաքրում» են հասարակությունը «անցանկալի տարրերից» ի դեմս հանցավոր խմբավորումների[1][5]։

«Սոմբրա Նեգրա» խմբավորման երդվյալ թշնամիների թվում են «Մարա Սալվատրուչա» (հայտնի նաև MS-13 անունով), «18-րդ փողոցի հրոսակախումբ» հանցավոր խմբավորումները[5]։ MS-13 հանցավոր խմբավորման անդամները մարմնի վրա ունենում են դաջվաձքներ, ինչը նրանց «Սոմբրա Նեգրայի» համար դարձնում է հեշտ բացահայտվող թիրախ։՝ «Մարա Սալվատրուչայի» անդամներից Ֆերնանդո Ռամիրեսը, ում պետք է արտահանձնեին Սան Սալվադոր, անհանգստանալով, որ իրեն դաջվաձքներից կբացահայտեն ու հաշվեհարդար կտեսնեն, խնդրել էր մարմնի վրայից հեռացնել դրանք[6]։

Քրեական գործեր խմբագրել

1995 թվականին Սան Միգելում ձերբակալվում է 16 անձ, այդ թվում՝ ոստիկանության բարձրաստիճան 4 պաշտոնյա, որոնց մեղսագրվում էր «Սոմբրա Նեգրայի» անդամ լինել։ 1995 թվականի նոյեմբերին նրանցից 7-ը, այդ թվում՝ 2 ոստիկան, ապացույցների բացակայության պայմաններում ամբողջությամբ արդարացվեցին։ 1996 թվականի հունիսին ևս 6-ը, այդ թվում՝ 2 ոստիկան, նույնպես արդարացվեցին։ Մնացած 3-ը կանգնեցին դատարանի առաջ և 1997 թվականին ամբողջությամբ արդարացվեցին։ 1997 թվականին Սալվադորի ոստիկանությունը հայտնում է, որ հաջողվել է դադարեցնել ռազմական խմբավորման գործունեությունը և որ սպանությունները հետագա տարիներին կտրուկ նվազել են[5].

Սակայն 1998 թվականի դեկտեմբերից մինչև 1999 թվականի հունվար ամիսը Սալվադորում գրանցվել են անչափահասների հանցավոր խմբերի մի քանի տասնյակ անդամի սպանություններ, որոնց իրականացումը վերագրում են «Սոմբրա Նեգրային»։ Այդ սպանությունների հետ իրենց առնչության մասին հայտնել են միանգամից վիգիլանտիստական երկու խումբ, որոնք ներկայացել են «Բնաջնջման խումբ» (իսպ.՝ Grupo de Exterminio) և «Ժողովրդի աչք» (իսպ.՝ La Voz del Pueblo) անուններով։ 1998 թվականի սեպտեմբերին Սանտա Անա դեպարտամենտում սկսվել են անչափահաս հանցագործների նկատմամբ հարձակումներ։ Այդ սպանությունների պատասխանատվությունը ստանձնել է «Լոս Չիկոս Բուենոս 666» (իսպ.՝ Los Chicos Buenos 666) անունը կրող խմբավորումը՝ հանցագործ տարրերից սպառնալից ձևով պահանջելով վայր դնել զենքերը։ Այդ սպանությունները հետաքննելիս ոստիկանությունը սկզբնական շրջանում ենթադրում էր, որ դրանք հանցավոր երկու խմբավորումների վիճաբանությունների հետևանք են։ Սակայն Սալվադորի դատախազությունը այլ կարծիքի էր՝ վերագրելով դրանք վիգիլանտիստներին։ Դատախազության այդպիսի դիրքորոշումը հայտնել էր Մեխիկանոս ենթաշրջանի գլխավոր դատախազ Դուգլաս Մելենդեսը[5]։

Մեր օրեր խմբագրել

Երկարատև դադարից հետո՝ 2014 թվականին Սալվադորում կրկին սկսվեցին հանցագործների նկատմամբ զինված հարձակումներ և սպանություններ, իսկ փողոցների շինությունների պատերին հայտնվեցին «Մահ գանգստերներին» (իսպ.՝ Muerte para mareros) գրություններ[1]։ Հարձակումներից մեկը տեղի է ունեցել տներից մեկի վրա, որտեղ գտնվել են յոթ մարդ, այդ թվում՝ «Մարա Սալվատրուչա» խմբավորման չորս անդամ։ Հարձակումն իրականացվել է M16 ինքնաձիգներով զինված անհայտ անձանց կողմից, որոնց հագին եղել է սև գույնի համազգեստ։ Տանը գտնվող յոթ անձանցից չորսը ենթարկվել է կտտանքների, այնուհետև բոլորը սպանվել են գլխին արձակած կրակոցից։ Հարձակման հաջորդ օրը ամբողջ Սալվադորի տարածքում տարածվեցին տեղեկատվական թերթոններ, որոնց մեջ կոչ էր արվում «Մարա Սալվատրուչա» հանցավոր խմբավորմանը հինգ օրվա ընթացքում դադարեցնել իրենց գործունեությունը՝ հակառակ դեպքում սպառնալով սպանություններով[7]։ Սալվադորի գլխավոր դատախազ և մարդու իրավունքների պաշտպանության լիազոր ներկայացուցիչ Դավիդ Մորալեսը հայտնել է, որ հնարավոր է հարձակման հետ կապ ունի «Սոմբրա Նեգրա» խմբավորումը։ Նա նաև հայտնել էր, որ հանցավոր շրջանակներում հաճախակիացել են ռազմականացված խմբավորման հետ համագործակցության մեջ մեղադրվողների բռնաբարությունները[8]։

2016 թվականի մարտ ամսին «Սոմբրա Նեգրա» խմբավորումը «Մարա Սալվատրուչա» հանցավոր խմբավորման չոր անդամների բռնում է, բեռնատարով տեղափոխում Սան Անտոնիո Սիլվա և ֆուտբոլի դաշտում գնդակահարում[7][9]։

2019 թվականի հունվար ամսվա 19 օրերի ընթացքում տեղի ունեցան ավելի քան 200 սպանություն, որոնց իրականացման պատասխանատվությունը ստանձնեց «Սոմբրա Նեգրան»։ Վերջինը հայտարարել է, որ այդ կերպ փորձում է օգնել շարքային քաղաքացիներին հաղթահարել վախի մթնոլորտը։ Նրանք նաև հայտարարել են, որ սպանված հանցագործները իրենց կողմից հավասարեցվում են ահաբեկիչներին[10]։ Նույն թվականի հունվարի 25-ին Լա Պաս դեպարտամենտի Պարաիսո դե Օսորիո բնակավայրում հայտնաբերվել է «Մարա Սալվատրուչա» հանցավոր խմբավորման անդամի դիակ, որի ձեռքերը կապված էին, բերանում կտորե գունդ և մարմնի վրա հանցագործների հասցեին սպառնալիքներով գրություններ։ Նրան սպանել էին գլխին կրակոցով[11][12]։ Նմանատիպ դեպք է գրանցվել Սան Միգել դեպարտամենտի Սան Խորխե բնակավայրում[11]։

Միջազգային կապեր խմբագրել

Ենթադրվում է, որ «Սոմբրա Նեգրա» խմբավորումը գործունեություն է իրականացնում ոչ միայն Սալվադորի տարածքում, այլ հարևան Հոնդուրասում և Գվատեմալայում՝ փորձելով վերացնել կազմակերպված հանցավորությունը «Կենտրոնական Ամերիկայի հյուսիսային եռանկյունու» երկրների տարածքում[7]։ Սակայն կա նաև վարկած, որ Հոնդուրասում կազմակերպված հանցավորության դեպ պայքարում են տեղացիներից կազմված խմբերն առանց «Սոմբրա Նեգրայի» օգնության։ Այդպիսով, Հոնդուրասի երկու բանտերում առաջացած հրդեհի հետևանքով մահանում են 164 բանտարկյալ, ովքեր «Մարա Սալվատրուչա» հանցավոր խմբավորման անդամներ էին։ Կենդանի մնացածները մեղադրում էին բանտի պահակախմբին դիտավորության մեջ, իսկ իրենց իրավապաշտպան համարող գործիչները պնդում, որ հանցագործներին չօգնելու հրամանը տվել է կառավարությունը[4]։

Թեմատիկան մասսայական մշակույթի մեջ խմբագրել

«Սոմբրա Նեգրայի» գործունեությունը թափանցել է նաև մասսայական մշակույթ։ Ամերիկյան «Վախեցեք քայլող մեռյալներից» հեռուստասերիալի հերոսներից մեկը՝ Դանիել Սալազարը, հանդիսանում էր «Սոմբրա Նեգրա» ռազմականացված խմբավորման նախկին անդամ[13]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 James Bargent (2014 թ․ մայիսի 23). «Has Gang Violence in El Salvador Sparked a Death Squad Revival?». Insight Crime. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.(անգլ.)
  2. «PNC niega estar involucrada en grupos exterminio» (իսպաներեն). La Prensa Grafica. 2014 թ․ մայիսի 23. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.(իսպ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 «'Black Shadow' vigilante group creates new climate of fear in El Salvador». The Baltimore Sun. 1995 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին.(անգլ.)
  4. 4,0 4,1 4,2 «Латиноамериканские банды» ((ռուս.)). latino-america.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 «Question and Answer Series – El Salvador: Re-emergence Of "Social Cleansing" Death Squads» (PDF). USCIS. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հունիսի 27-ին.(անգլ.)
  6. «MS-13 Leader Sentenced to 60 Years in Federal Prison for Racketeering Conspiracy, Armed Robbery and Gun Violation». United States Department of Justice. 2009 թ․ մայիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 13-ին.(անգլ.)
  7. 7,0 7,1 7,2 «Sombra Negra, The Vigilante Group That's Taking Back The Streets From MS-13». Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.(անգլ.)
  8. «Procurador de Derechos Humanos: "El reportaje de El Faro vuelve inexcusable que la Policía y la Fiscalía investiguen la matanza de San Blas"». 2015 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 2-ին.(իսպ.)
  9. «MS-13 Doesn't Fear Trump, Rival Gangs, or the Police, But They are Terrified of la Sombra Negra». Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.(անգլ.)
  10. «Reaparece la Sombra Negra para Vengarse de Pandilleros en El Salvador» (իսպաներեն). 2019 թ․ հունվարի 25. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.(չաշխատող հղում)(իսպ.)
  11. 11,0 11,1 «Sombra Negra Adjudica Muerte Hombre Vinculos Pandillas Cuando Salia Unidad Salud Paz». Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.(իսպ.)
  12. «Sombra Negra se Adjudcia Otra Ejecución en el País». Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.(իսպ.)
  13. Stephanie Dube Dwilson (2017 թ․ հունիսի 18). «Fear the Walking Dead: What Is Sombra Negra?». heavy.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 15-ին.(անգլ.)