Սյունիքի գյուղացիական ապստամբություն

Սյունիքի գյուղացիական ապստամբություն, 10րդ դարի ընթացքում ժողովրդական ընդվզում Սյունիքի գավառի գյուղերում, մասնավորապես՝ Ցուրաբերդում, Տամալեքում և Ավելադաշտում[1], ընդդեմ եկեղեցական, ֆեոդալական կարգերի։

Պատմական ակնարկ խմբագրել

 
Մեծ Հայքի քարտեզ, Սյունիք

9-12-րդ դարերում Սյունիքը տիպիկ ֆեոդալական (ավատատիրական) երկիր էր, ինչպես այդ ժամանակ Բագրատունիների տիրապետության տակ գտնվող հայկական մյուս իշխանությունները։ Գոյություն ունեին երկու դասակարգեր՝ աշխարհիկ կամ հոգևոր հողատերեր և ճորտ, ստրուկ գյուղացիություն։ Այս կարգերի շնորհիվ մեծ հողատեր էր դարձել նաև Հայոց եկեղեցին։ Վանքերին մեծ կալվածատերերը և իշխանները նվիրում էին գյուղեր՝ իրենց բնակչությամբ, հողատարածքներով և ջրով։ Հենց Տաթևի վանքին, որը գտնվում էր Սյունիքում, X-րդ դարի սկզբին պատկանում էր 22 գյուղ[2]։ Վերջիններս ավելի դաժանորեն էին շահագործում հպատակ և ճորտ գյուղացիությանը։ 10-րդ դարում Սյունիքում դրամական շրջանառության ընդարձակման ու իշխանների կողմից եկեղեցիներին կալվածքներ նվիրելու սովորության մասին վկայում է Մաքենոցաց եկեղեցու վրա Սյունյաց Սուփան իշխանի թողած հետևյալ արձանագրությունը, որ վերաբերում է 901 թվականին.

«Ես Սուփան Սիւնեաց իշխան, շինեցի զՄաքենոցաց եկեղեցիս, և անխնայ՛աբար զարդարեցի պատուական и պասուք և աստուածային կտակարանաւք և ետու զսեփական տեղն մեր ի սա, որ ըստ անուան եկեղեցւոյս Աստուածածին ասի, ամենայն սահմանաւֆ՝ լերամբ և դաշտիւ, և ետու որս ձկանց, զԲողաշեն, սեղանոյն, և եւթ հարիւր դրամ ի Դեղձանագետոյ ղապավեն, երկու հարիւր դրամ ի Կաթկայ, երեք հարիւր յիսուն յԱնմեռեն, որ լինի ՌՄԾ (1250. Տ. Ս•) դրամ ․․․ »[3]։

9-րդ դարի վերջերին և 10-րդ դարի սկզբում Հայաստանն ակտիվ կերպով մտնում է միջազգային առևտրական ոլորտի մեջ։ Առևտրական հարաբերությունները զարգանում են նաև Սյունիքում։ Սյունյաց իշխանները, առավել ևս մեծ հարստությամբ հռչակված հոգևոր ֆեոդալները, կապվում են արտաքին շուկայի հետ և իրենց հպատակ գյուղացիներին ենթարկում դաժան շահագործման ձգտելով շատ մթերքներ կուտակել արտաքին շուկա հանելու համար։

9-12-րդ դարերում Սյունիքի ֆեոդալական հողատիրության համակարգում գոյություն է ունեցել կալվածքների մշակման երկու ձև։ Մի դեպքում հողատերն անձամբ ինքն էր վարում իր կալվածքների տնտեսությունը, ընդարձակում այն՝ գյուղացիների ծանր շահագործման միջոցով, մյուս դեպքում՝ ինքը հողատերը անձամբ չէր զբաղվում իր կալվածքների տնտեսության գործով, այն հանձնում էր գյուղացիներին, չմիջամտելով նրանց աշխատանքին։ Վերջին ձևով կարծես թե հողն անցնում էր գյուղական համայնքին և գյուղական համայնքի միջոցով որոշ չափով սահմանափակվում էր գյուղացիների շահագործումը հողատերերի կողմից։ Հիմնականում այս երկրորդ ձևով էլ վարում էին իրենց տնտեսությունը Սյունիքի աշխարհիկ ֆեոդալները 10-12-րդ դարերում։ Հոգևորական ֆեոդալներն ավելի շատ նախընտրում էին առաջին կարգը։ Այդ իսկ պատճառով գյուղացիների մեծ մասը չէին կարողանում հարմարվել նոր, ավելի դաժան պայմաններին, երբ նրանց հանձնում էին եկեղեղիներին։ Ապստամբության պատճառներից մեկը նաև դա էր[4]։

10-րդ դարի սկզբում միջֆեոդալական կռիվները, Ատրպատականի Արաբական Էմիրության հաճախակի հարձակումները Սյունիքի վրա գյուղացիությանը դրել էին ծանր պայմանների մեջ։ Ապա վրա էր հասել անբերրիությունն ու սովը։

Ահա այս պայմաններում 906 թվականին հիմնվում է Տաթևի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը բոլոր միջոցներով ձգտում էր լայնացնել իր կալվածքները, ավելացնել ենթակա ճորտերի քանակը։ Տաթևի վանքի կառուցումից հետո շրջակա գյուղերից վանք են հավաքվում բազմաթիվ աբեղաներ, որոնք պետք է ապրեին ենթակա գյուղացիների հաշվին։ Վանքի օծման առթիվ նվիրաբերվում են հարակից շատ գյուղեր ու կալվածքներ։

Գյուղացիների շահագործումը սկսվել էր դեռ վանքի կառուցումից, վանքը բարձրացել է շինականներիл ձրի և ծանր աշխատանքով։ Տաթևի վանքին ենթակա շինականների ձրի աշխատանքով է կառուցվել նաև Վարարակի 12 կիլոմետր երկարություն ունեցող ջրանցքը Հաբանդ գավառում (Գորիսի շրջանում), տնկվել են մի շարք պտղատու այգիներ։ Տաթևի վանքում կենտրոնացվել և կուտակվել էր մեծ քանակությամբ հարստություն։ Ստեփանոս Օրբելյանի տվյալներով 10-րդ դարում, բացի վերը նշված կալվածքներից, Տաթևի վանքն ունեցել է մեծ քանակությամբ մանր և խոշոր եղջերավոր անասուն[5]։

Ապստամբություն խմբագրել

Տաթևի վանքի կառուցումը գյուղացիների համար դառնում է վերջին կաթիլ համբերության համար։ Այն ցուրաբերդցիների համար առիթ է հանդիսանում ընդվզում սկսելու։ Ցուրաբերդի (այժմ` Սվարանց) ժողովրդի այս ապստամբությունը կարելի է բաժանել երեք էտապի՝ 910-ական թվականների, 930-ական թվականների և ապա 990-ական թվականների ապստամբության։

Առաջին ապստամբություն խմբագրել

910-ական թվականներին ապստամբում են Տաթևի վանքին նվիրված ցուրաբերդցիները, որոնք հրաժարվում են ենթարկվել վանքին և նրա օրենքներին։ Ապստամբությունը սկսվելու ճիշտ թվականն անհայտ է։ Ստեփանոս Օրբելյանր ապստամբությունը նկարագրում է որպես 916 թվականին կատարված դեպք, Ղևոնդ Ալիշանը իր ուսումնասիրության մեջ ապստամբության սկիզբը համարում է 915 թվականը։ Ապստամբները ամրանում են Ցուրաբերդում։ Նրանք առաջին հերթին հաշիվ են տեսնում իրենց կեղեքող հոգևոր ֆեոդալների հետ և ապա զինված ջոկատներով հարձակվում Տաթևի վանքի վրա, սպանում աբեղաներից շատերին, ավերում վանքը, ժայռից թափում մյուռոնը, վերցնում վանքի գույքը և տանում Ցուրաբերդ։ Այդ ժամանակ այդտեղ եպիսկոպոս էր Հովհաննես Սյունեցին, ով այս դեպքերի մասին թողել է տարբեր արձանագրություններ։

Ապստամբությունը շատ լայն բնույթ է կրել, որի հետևանքով Հովհաննես եպիսկոպոսը և աբեղաների մի մասը փախել են ապստամբության վայրից, բայց ոչ Սյունիքից դուրս, հավանաբար՝ Սյունիքի Բաղք գավառը։ Ապստամբների ձեռքից փախած Սյունյաց Հովհաննես եպիսկոպոսը դիմում Է Սյունյաց Սմբատ իշխանի օգնությանը, իսկ վանքի 500 միաբանները ցրվում են և թաքնվում Սյունիքի գյուղերում։ Քանի որ Սյունիքը շրջապատված էր բարձր լեռներով ու խորը ձորերով, ապստամբները հնարավորություն չեն ունեցել կապ պահպանել Հայաստանի մյուս վայրերի ապստամբների հետ։ Ապստամբները մինչև 916 թվականը պահպանել են իրենց նախկին իրավունքները՝ չենթարկվելով Տաթևի վանքին։ Իրենց դիրքերն ամրապնդելուց հետո Սյունյաց իշխանները 916 թվականին սկսում են ճնշել ապստամբությունը։ Տեղի են ունենում համառ մարտեր. ապստամբ գյուղացիները պարտություն են կրում Սմբատ իշխանի կազմակերպված զորքերի կողմից։ Նա գրավում Է ապստամբության կենտրոն Ցուրաբերդը և ավերում այն, ցուրաբերդցիների հողերը կրկին հանձնում Տաթևի վանքին։ Ապստամբության ճնշումից հետո Սմբատ Սյունին մի քանի այլ իշխանների հետ Տաթև Է բերում Հովհաննես եպիսկոպոսին՝ կրկին նրան հանձնելով Տաթևի վանքը։

Ապստամբության առաջին էտապում ցուրաբերդցիներից հետ չեն մնացել նաև հարևան Տամալեք գյուղի գյուղացիները։ Այդ մասին տեղեկություներ մեզ նորից հայտնել է Ստեփանոս Օրբելյանը։ Տամալեքի ապստամբները գործել են ավելի համարձակ, դիմադրել են առավել համառությամբ։ Այդ ապստամբությունը նույնպես ճնշվել է 916 թվականին։

Այսպիսով, առաջին ապստամբությունը սկսվել է 910-ական թվականների սկզբներին և վերջնականապես ճնշվել 916 թվականին, որից հետո Սյունիքի գյուղացիական շարժումը որոշ ժամանակ թուլանում է։

Երկրորդ ապստամբություն խմբագրել

Երկրորդ շրջանում՝ 930-ական թվականներին (Սյունյաց եպիսկոպոս Հակոբ Դվինեցու (918-958 թթ.) ժամանակ) նախ ապստամբում են Ավելադաշտ գյուղի շինականները։ Ավելադաշտում հավաքվել են նաև շրջակա գյուղերի ապստամբ գյուղացիները, որոնց թվում էին նաև ավերված ցուրաբերդցիները։ Այս անգամ ևս ապստամբները հարձակվում են Տաթևի վանքի վրա, փախուստի մատնում միաբաններին և ավերում վանքը հարակից շենքերով։ Տամալեքի գյուղացիները, որ ակտիվորեն մասնակցել էին 910-ական թվականների ապստամբությանը, գրեթե պահպանել են իրենց նախկին իրավունքները։ Սյունյաց Հակոբ Դվինեցի եպիսկոպոսը, ապստամբության առաջին փուլի պարտությունից հետո, փորձում է գրավել Տամալեք գյուղի հողերը և ճորտացման ենթարկել այդ գյուղի գյուղացիներին, որի պատճառով էլ նրանք ավելի մեծ ակտիվություն են հանդես բերում։ Ապստամբությունն այնքան լայն չափեր է ընդունում, որ Հակոբ Դվինեցի եպիսկոպոսը խուճապահար դիմում է Սմբատ իշխանի օգնությանը, իսկ վերջինս արագ կերպով հավաքելով իր զորագնդերը, դաժանորեն ճնշում է ապստամբությունը։ Ապստամբության ճնշումից հետո Սմբատ Սյունին և տիկին Սոֆիան 1000 դահեկանով գնում են Տամալեքը և նվիրում Տաթևի վանքին, իսկ բնակիչներին, որոնք չէին ցանկանում ենթարկվել Տաթևի վանքին, բռնությամբ հեռացնում են գյուղից։ Հակոբ Գվինեցի եպիսկոպոսի վկայությամբ այս նոր ապստամբությունը տևել է 20 տարի։ Այդ ցույց Է տալիս, որ Սմբատ Սյունու կողմից ապստամբությունը ճնշելուց հետո, գյուղացիական ելույթները շարունակվել են նաև հետագայում՝ 940-ական թվերին։

Երրորդ ապստամբություն խմբագրել

Երրորդ ապստամբությունը տեղի է ունեցել 10-րդ դարի վերջին տասնամյակում՝ Սյունյաց թագավորության շրջանում։ 10-րդ դարի երկրորդ կեսի ֆեոդալական մասնատվածության պայմաններում Հայաստանում ստեղծվում են մի քանի մանր ֆեոդալական թագավորություններ, այդ թվում և 970 թվականին՝ Սյունիքում։ Երկրորդ ապստամբության ճնշումից հետո մի քանի տասնամյակի ընթացքում գյուղացիները կրկին կենտրոնանում են լեռնային հարմար դիրք ունեցող Ցուրաբերդում, վերականգնում գյուղն ու բերդը։ Ցուրաբերդում հավաքված գյուղացիները 990-ական թվականներին կրկին ոտքի են ելնում ընդդեմ ճորտացման և հողազրկման։ 990-ական թվականներին Սյունյաց թեմի եպիսկոպոս Հակոբն ընդարձակում է Տաթևի վանքի կալվածքները և ծանրացնում ճորտ գյուղացիների շահագործումը, որի դեմ գյուղացիները պատրաստվում են ապստամբության։ 999 թվականին ապստամբները, Ցուրաբերդից դուրս գալով, շարժվում են Տաթևի վանքի վրա։ Ապստամբած ջոկատներին միանում են Տաթևի վանքի ճորտ գյուղացիները։ Ապստամբները դատաստան են տեսնում միաբանների մի մասի հետ, վերցնում վանքի գանձերը, տեղափոխում Ցուրաբերդ։ Հակոբ եպիսկոպոսը մեկնում է Սյունյաց թագավորության կենտրոն՝ Կապան, օգնություն խնդրում Վասակ թագավորից։ Կապանից վերադառնալիս ապստամբների մի ջոկատ «Խորնացուրայի» մոտ հարձակվում է նրա վրա և սպանում։ Հակոբ եպիսկոպոսին փոխարինող Գրիգոր եպիսկոպոսի խնդրանքով 1000 թվականին Սյունյաց Վասակ թագավորը թագուհի Շահանդուխտի հորդորով մի զորագունդ է հանձնում իշխանաց-իշխան Սևադային և ուղարկում ապստամբությունը ճնշելու։ Սևադան արագ գործողություններով վերջնականապես ճնշում է ապստամբությունը, ապստամբների մեծ մասին սրի քաշում և հիմնահատակ ավերում ապստամբության կենտրոն Ցուրաբերդը։

Ամփոփում խմբագրել

Այսպիսով, ավարտվում է Սյունիքի գյուղացիական ապստամբությունը։ 11-12-րդ դարերում Սյունյաց իշխանները Տաթևի վանքին հանձնում են նոր գյուղեր, այն դառնում է ամենախոշոր կալվածքներ և մեծ քանակությամբ ճորտեր ունեցող վանքերից մեկը Հայաստանում։ Սյունիքի՝ 10-րդ դարի գյուղացիական ապստամբությունը, որն ընդմիջումներով, իր երեք փուլերով տևեց մոտ 100 տարի, ճնշվել է մեծ դժվարությամբ։ Այդ ապստամբությունը սուր սոցիալական շարժում էր շահագործվող գյուղացիության կողմից ընդդեմ աշխարհիկ և հոգևոր ֆեոդալների։

Առնչություններ Թոնդրակյան շարժման հետ խմբագրել

Մատենագիրները վերոհիշյալ ապստամբությունները կապում են Թոնդրակյան շարժման հետ, որը Հայաստանում ծավալվել է 9-11-րդ դդ. և նույն ժամանակաշրջանում էլ ճնշվել է։ Թոնդրակյանները ծայրահեղականներ էին, որոնց գործունեությունն ուներ սոցիալական դրդապատճառներ։ Նրանք մերժում էին Եկեղեցու ծիսակատարություններն ու արարողությունները, ինչպես նաև հավասարություն էին քարոզում դասերի, կնոջ ու տղամարդու միջև։ Թոնդրակյանների գաղափարները հարում էին Պավլիկյան շարժմանը (Հայաստանում ծավալվել է 7-9-րդ դդ.)` նրանց գաղափարախոսությանն ավելացնելով երկնային կյանքի ու եկեղեցու իշխելու իրավունքի ժխտումը։ Պավլիկյան շարժումը արձագանք է գտել նաև Սյունյաց աշխարհում։ Շարժման վերջին շրջանին բնորոշ է եղել աթեիզմի տարրերի և դասակարգային պայքարի քարոզումը։

Այս շարժումները թուլանալով` 10-րդ դ. վերջին դադարել են գործել, սակայն սոցիալական պայքարը դեռ շարունակվել է գյուղացիների շրջանում (ինչպես, օրինակ, Տաթևի դեպքում), մինչև 11-րդ դ. (1050-1053 թթ.), երբ վերջնականապես ջախջախվել է թոնդրակյան շարժումը։

Քննադատություն խմբագրել

Ապստամբությունների և շարժման մասին կարծիքը և դրա փոփոխությունները կարելի է պայմանականորեն բաժանել 3 փուլի։

Առաջին փուլը ժամանակակիցներն են, ովքեր հիմնականում հանդես էին գալիս ֆեոդալական, հոգևոր արժեքների պաշտպանությամբ։ Մատենագիրների, հոգևորականների աշխատություններում և գրություններում (ժամանակի եպիսկոսպոսների՝ Հովհաննես Սյունեցու, Հակոբ Դվինեցու, Գրիգոր Սյունեցու, իշխանների՝ Սուփանի, Սմբատի, Վասակի, պատմիչների՝ Ստեփանոս Օրբելյանի) ժողովրդի ապստամբությունները կտրականապես մերժվում են, ներկայացվում բացառապես բացասական երանգով։ Նրանց անվանում են «ավազակներ» և «չարագործներ», իսկ գյուղացիական ապսաամբությունը ճնշող Սյունյաց իշխանները հոգևորականության կողմից արժանանում են «աստվածասեր» և «աստվածապաշտ» տիտղոսների[4]։

Մխիթար Գոշը օրինականացնում է այն, որ արարչի կողմից ազատ ստեղծված մարդիկ պարտավոր են ծառայել իրենց տերերին, այսինքն ճորտացվել։ «Դատաստանագրքի» «Յաղագս դատաստանաց շինականաց» գլխում նա գրում է.

«Ազատ յԱրարչէն եղեւ մարդկայինս բնութիւն այլ ծառայեալ տէրանց յաղագս պիտոյից եղեւ հողոյ և քրոյ։ Եւ զայս պատշաճ կարծեմ դատաստան — զի թողեալ զտէրունիսն ազատէ ու և կամեսցի կալ։ Ապա թէ այսմ ոչ ներէ ոքի տէրեանցն եւ բռնադատէ զգնացեալսն անդրէն դաոնալ, զկնի մահուան հօրն ազատեն որդիք ծնեալք այլուր եւ ոչ անդձ»։

Արդեն խորհրդային ժամանակներում, երբ մերժվում էին կրոնական և եկեղեցական դոգմաները, իսկ դասակարգային հավասարությունը պետական գաղափարախոսության հիմնաքարերից էր, ապստամբած ժողովրդին համարում էին օրինակելի կերպարներ և գովաբանում էին։

Արդեն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ մեր ժամանակներում, առաջին պլան բերվեցին նորից եկեղեցին և նրա շահերը։ Պատմության, գրականության դասագրքերում պավլիկյան և թոնդրակյան շարժումներն անվանվում են աղանդավորական, իսկ ապստամբության մասին խոսվում է շատ հպանցիկ կամ չի խոսվում ընդհանրապես։

Օգտագործված գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ներսիսյան, Մկրտիչ. «История армянского народа» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  2. «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 11, հումանիտար հոսքեր». fliphtml5.com. էջ 19. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  3. Կոստանյան, Կարապետ Հովսեփի, ed. (1913). Վիմական տարեգիր։ Ցուցակ ժողովածոյ արձանագրութեանց հայոց. Ս.-Պետերբուրգ: Գիտութեանց ճեմարանի Կայսերականի.(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 Տ․ Սահակյան. «ՀԱՅԿԱԿԱՆ UUՌ ԳԻՏՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ» (PDF).(չաշխատող հղում)
  5. Օրբելյան, Ստեփանոս. «Պատմություն տանն Սիսական» (PDF).