Սիրահարները I (կտավ, Մագրիտ)
«Սիրահարները I» (անգլ.՝ Lovers I), Ռենե Մագրիտի նշանավոր նկարներից, որը հեղինակը նկարել է 1928 թվականին։ Նկարում պատկերված կնոջ և տղամարդու դեմքերը խորհրդավոր կերպով ծածկված են սպիտակ սավանով։ Այն այժմ ցուցադրվում է Ավստրալիայի ազգային պատկերասրահում։ Սիրահարների շարքի 1928 թվականին նկարված երկրորդ նկարը՝ «Սիրահարներ II», գտնվում է Նյու Յորքում՝ կոլեկցիոներ Ռիչարդ Զայսլերի հավաքածուում։ Այս նկարում նույն կերպ ծածկած դեմքերով պատկերված կինը և տղամարդը արդեն համբուրում են միմյանց[1]։
Սիրահարները I ֆր.՝ Les amants | |
---|---|
տեսակ | Գեղանկար |
նկարիչ | Ռենե Մագրիտ |
տարի | 1928 |
բարձրություն | 54 |
լայնություն | 73 |
ուղղություն | սյուրռեալիզմ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Կանբերրա |
հավաքածու | Ավստրալիայի ազգային պատկերասրահ |
Ծանոթագրություններ |
Պատմական ակնարկ
խմբագրելԿան տարբեր վարկածներ, թե ինչից է ոգեշնչվել Մագրիտը այս նկարը նկարելիս։ Ռենեն էլ իր մի շարք սյուրռեալիստ հետևորդների նման հիացած էր Ֆանտոմասի կերպարով։ Վերջինս 1913 թվականին լույս տեսած վեպի խորհրդավոր հերոսն էր, որն ավելի ուշ հայտնվում է ֆրանսիացի ռեժիսոր և սցենարիստ Լուի Ֆյոյադի ֆիլմերում։ Ֆանտոմասի ինքնությունը երբեք չի բացահայտվում։ Նա միշտ հայտնվում է դեմքը սպիտակ կտորով կամ գուլպայով քողարկած[1]։
Մեկ այլ վարկածի համաձայն Ռենեն խիստ ազդված է եղել մոր ինքնասպանությունից։ 1912 թվականին, երբ նա դեռ 13 տարեկան էր, նրա մորը գտնում են Սամբրա գետում խեղդված։ Երբ նրա մարմինը հանում են գետից, Ռենեն ականատես է լինում այդ տեսարանին և տեսնում է մոր` գլխին փաթաթված թաց, սպիտակ գիշերազգեստը[1]։
Անձամբ Ռենեն հերքել է այս վարկածը։ Նա նշել է, որ այս նկարները զուտ իր սեփական երևակայության և որոշ չափով նևրոզի արտացոլումն են[1]։
Նկարագրություն
խմբագրել«Սիրահարները I» նկարում կինը և տղամարդը այնպես են պատկերված, ասես պատրաստվում են լուսանկարվել։ Առաջին հայացքից այն տպավորությունն է ստեղծվում, թե զույգը նկարվել է միգուցե որևիցե տոնի ժամանակ, ուրախ և ջերմ մթնոլորտում, քաղաքից դուրս, հավանաբար Նորմանդիայի ափին, սակայն ծովից հնարավորինս հեռու։ Բայց ավելի ուշադիր նայելիս կարելի է նկատել մուգ կանաչ, որոշ հատվածներում անգամ սև թփերը, ծառերը։ Նրանց գլուխները ամուր փաթաթված են սպիտակ, տեղ-տեղ ստվերից գորշացած կտորով։ Մտերմիկ և սիրային նկարի տպավորությունը միանգամից անհետանում է։ Ի հայտ է գալիս օտարացման, խեղդվելու, շնչահեղձության և անգամ մահվան պատկերը[1]։