Սիսիփոս (հին հունարեն՝ Σίσυφος), ըստ հին հունական առասպելաբանության՝ եղել է Կորնթոս քաղաքի հիմնադիրը և թագավորը։

Եղել է խարդախ և շահախնդիր, ուստի և մահից հետո աստվածների կողմից պատժվել է իր հանցանքների համար։ Աստվածները նրան դատապարտել են հավերժորեն սարն ի վեր գլորել ծանր մի ժայռ, որը հազիվ գագաթին հասած, դարձյալ գլորվում էր ցած և նա ստիպված էր ամբողջ աշխատանքն սկսել սկզբից։ Այստեղից էլ առաջացել է «Սիզիփոսյան աշխատանք» արտահայտությունը՝ անօգուտ աշխատանք իմաստով։

Մեկնաբանություններ խմբագրել

Ըստ արեգակնային տեսության Սիզիփոս թագավորը ամեն օր արևելքում ծագող արևի սկավառակն է, որը երեկոյան մայր է մտնում արևմուտքում[1]։ Այլ փիլիսոփաներ նրան համեմատում են վեր բարձրացող և թափվող ալիքների կամ ալեկոծության հետ[1]։ Մ․թ․ա․ 1-ին դարում, էպիկուրյան փիլիսոփա Լուկեցիոսը մեկնաբանում է պատմությունը որպես իշխանափոխության և փառքի փոփոխություն[2]։ Սյորեն Կիերկեգորը գտնում է, որ Սիզիփոսի պատմությունը վերաբերվում է այն ամենին, ինչ անձը սիրում է՝ «Զվարճալի է, որ հոգեկան հիվանդություն ունեցող անձը կարող է պատահական քար վերցնել և համարել այն փող ու միևնույն ժամանակ Դոն Ժուանը կարող է ունենալ 1003 սիրեկան, որոնց քանակը նշանակում է, որ նրանք արժեք չունեն։ Դրա համար «սեր» բառը տարբեր նշանակություն ունի բոլորի համար»[3]։ Ֆրիդրիխ Ուելքերը համարում է, որ այս պատմությունը խորհրդանշում է մարդու գիտելիքի ձգտման անհուսալիությունը, իսկ Սողոմոն Ռայնախը[4] գտնում է որ Սիզիփոսի քարը խորհրդանշում է Սիզիփեումի (Կորնթոսի ամրոցի) կառուցումը։ 1942 թվականի իր «Սիզիփոսի առասպելը։ Էսսե աբսուրդի մասին» էսսեում, Ալբեր Կամյուն Սիզիփոսի մեջ տեսնում է մարդու կյանքի և գոյության աբսուրդային բնույթը․ Կամյուն եզրակացնում է՝ «Սիզիփոսին պետք է երջանիկ պատկերացնել», քանի որ «հենց միայն գագաթներ նվաճելու համար թափված ջանքերը բավական են, որ լցնեն մարդու սիրտը»։

Տրված հանձնարարության իմաստի կորստի հետևանքով աշխատողների ունեցած վիճակն անվանում են «սիզիփոսյան վիճակ»։ Գիտափորձերից կատարած երկու հիմնական եզրակացությունները հետևյալն են՝ մարդիկ ավելի լավ են աշխատում, եթե աշխատանքը իմաստալից է թվում և մարդիկ թերագնահատում են իմաստի և մոտիվացիայի միջև եղած հարաբերությունը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Chisholm, Hugh, ed. (1911). «Sisyphus» . Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press.
  2. De Rerum Natura III
  3. Stages on Life's Way, 1845 p. 293
  4. Revue archéologique, 1904
  5. Ariely, Dan (2010). The Upside of Irrationality. ISBN 0-06-199503-7.