Սիբիլլաներ
Սիբիլլաներ, առասպելական գուշակուհիներ (հատկապես ապագա կործանարար աղետների)։ Հունահռոմեական հեղինակները առաջին Սիբիլլաններ են համարում Դարդանոս Տրովացու դստերը, որի անունով կոչվել են հետագա բոլոր ժամանակների գուշակուհիները։ Բազմաթիվ Սիբիլլաններին միմյանցից զանազանել են բնակության վայրերով ու երկրներով (սամոսյան, դելոսյան, թրակիական, քաղդեական, պաղեստինյան, եգիպտական, պարսկական և այլն)։ Ըստ ավանդության՝ հռոմեական Կյումե քաղաքի սիբիլլան գրի է առել բազմաթիվ գուշակություններ և կազմել ստվար ժողովածու (9 գիրք)։
Որպես պետական գաղտնիք, այն պահվել է Կապիտոլիումի Յուպիտերի տաճարում՝ քրմերի (մեկնիչներ) հսկողության ներքո։ Դրանք աստիճանաբար համալրվել են Սիբիլլանի նոր գուշակություններով։ Մ.թ.ա 83 թվականին, երբ Կապիտոլիումի գրքերը հրդեհից ոչնչացել են, օգտագործվել են Պալատինյան բլրի Ապոլլոնի տաճարում պահվող սիբիլյան գրքերը։ 405 թվականին դրանք ևս ոչնչացվել են՝ որպես հակաքրիստոնեական գրքեր։ Պահպանվել է 12 սիբիլյան գիրք, որոնք բովանդակում են մթա II— մթ II դարերում հունահռոմեական, հուդայական և քրիստոնեական զանազան հրաշապատումներ, հավատալիքներ ու հայացքներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |