Սիբեխ սիբեխանման

բույսերի տեսակ
Սիբեխ սիբեխանման
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Հովանոցավորներ
Տեսակ Սիբեխ սիբեխանման
Լատիներեն անվանում
Falcaria falcarioides


Սիբեխ սիբեխանման (լատին․՝ Falcaria falcarioides), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Երկամյա, թույլ ճյուղավորված խոտաբույս է, որն ունի 30-50 սմ բարձրություն։ Տերևները կաշենման են, արմատամերձները ամբողջական տափակացած կոթուններով են և ունեն ձվաձև երկարավուն կամ գծային-երկարավուն տեսք՝ հիմքում սրտաձև տերևաթիթեղով։ Ծածկոցը և ծածկոցիկը բացակայում են։ Պտուղները նեղ են, երկարավուն[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում աճում է Երևանի ֆլորիստիկական շրջանում ⟨Արարատ ավանի շրջակայք, Այղրլիճ⟩, նաև Անատոլիայում և Արևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-900 մ բարձրությունների վրա, աղակալված հողերում և խոնավ մարգագետիններում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Այն ներկայումս աճում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում։ Սևանի ֆլորիստիկական շրջանում նույնպես աճելէ, բայց հավանաբար անհետացել է լճի ցամաքեցումից հետո։ Ընդհանուր արեալը խիստ մասնատված է։ Տեսակին կապված գյուղատնտեսական գործունեության (մելորացիա, ճահիճների աղազրկում և չորացում, բուսականության այրում) հետ տարածման ու բնակության շրջանների կրճատման վտանգ է սպառնում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր մեկ կարգավիճակով՝ որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվեցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Արարատի ճահիճները ներկայումս առանձնացվել են որպես բնության հուշարձան, սակայն ոչ մի կոնկրետ գործողություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիբեխ սիբեխանման» հոդվածին։