Սթոունհենջ (անգլ.՝ Stonehenge), մեգալիթյան խոշոր կառույց Մեծ Բրիտանիայում՝ Լոնդոնից շուրջ 130 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Սոլսբերի քաղաքի մոտ, Էյվոն գետի ձախ ափին։ Երկար տարիներ է, ինչ այն իր վրա է բևեռում հնագետների ուշադրությունը։ Նրա մասին շատ է գրվել, և հորինվել են զանազան առասպելներ։ Այն անվանել են Արևի տաճար, հեթանոսական տաճար։ Կառուցել են քարի դարից բրոնզի դարին անցնելու ժամանակներում՝ մ.թ.ա. 1900-1400 թթ.։ Բաղկացած է տարբեր ժամանակներում նույն տեղում կանգնեցված երեք կառույցներից։ Առաջինը (թվագրվում է մ․թ․ա․ 1900—1700) շրջանաձև հողապատնեշ է և խանդակ (97,5 մ տրամագծով)։ Երկրորդը (թվագրվում է մ․թ․ա․ 1700—1550)՝ վաղեմի պատնեշի մեջ ուղղաձիգ դրված քարեր են (38 զույգ), որոնք կազմում են երկու համակենտրոն շրջան, դեպի ուր տանում է հողաշեն ճանապարհը։ Երրորդը (թվագրվում է մ․թ․ա․ 1550—1400)՝ սալերով պսակված, տաշված ուղղաձիգ քարեր են (8,5 մ բարձրությամբ, մինչև 28 ա քաշով), որոնք կազմում են 30 մ տրամագծով շրջան։ Շրջանի ներսում 5 տրիլիթներ են (սալով ծածկված երկու քար), որոնք շրջափակում են հորիզոնական դրված, այսպես կոչված, զոհասեղանի քարը։ Ինչպես ենթադրում են հետազոտողները, յուրաքանչյուր մեգալիթի փոխադրումով զբաղվել են գերաններով զինված 700 մարդ, որոնք քարը տեղափոխել են օրական 1,5 կիլոմետր։ Որոշ քարեր տեղափոխվել են գետով, 324 կմ հեռվից, անցնելով օրական 15 կմ։ Սթոունհենջ անկասկած հնագույն տաճար է, որը հավանաբար առնչվում է արևի պաշտամունքի հետ և խորհրդանշում է երկնակամարը։ Ըստ որոշ հետազոտողների՝ Սթոունհենջը եղել է հնագույն աստղադիտարան։ Սթոունհենջից համեմատաբար քիչ բան է մնացել, ավերել են և՛ ժամանակը, և՛ մարդը։ Այսօր այն ինչ-որ չափով նորոգված է։ Այցելուների թիվը Սթոնհենջում տարեկան հասնում է 300.000-ի։

Սթոունհենջ, Էյվբերի և կից հուշարձաններ
Stonehenge*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Սթոունհենջի կրոմլեխ
Երկիր Մեծ Բրիտանիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ i, ii, iii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1986  (10-րդ նստաշրջան)
Համար 373
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
Սթոունհենջի հատակագիծը
Սթոունհենջի դիրքը քարտեզի վրա

Տես նաև

խմբագրել
  ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 373
ռուս..անգլ..ֆր.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթոունհենջ» հոդվածին։