Սզնի կովկասյան

բույսերի տեսակ
Սզնի կովկասյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Սզնի
Տեսակ Սզնի կովկասյան Հայաստանի դենդրոֆլորա
Լատիներեն անվանում
Crataegus caucasica C. Koch


Սզնի կովկասյան (լատին․՝ Crataegus caucasica C. Koch), Վարդազգիներ ընտանիքի, Սզնի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ, փոքր ծառ կամ թուփ է, 5—7 մ բարձրությամբ և 10 — 18 սմ բնի տրամագծով։ Ճյուղերը մուգ գորշավուն են, մոխրագույն բծերով։ Ընձյուղները մերկ են։ Փշեր չունի, կամ ունի ծոցային և տերևակալած փշեր։ Տերևները լայն ձվաձև են, կլորավուն կամ շեղանկյունաձև, սեպաձև կամ կլորավուն հիմքով, 5—7-աբաժան, հազվադեպ եռաբլթակ, անհավասարաչափ զույգ ատամնաեզր բաժիններով, մինչև 6 սմ երկարությամբ և 6—6,5 սմ լայնությամբ, անփայլ, ցրված մազմզուկապատ, ավելի ուշ՝ մերկ։ Ծաղկաբույլերը գրեթե հավասար են տերևների երկարությանը, կազմված են 5 — 15 ծաղիկներից, մերկ են։ Ծաղիկներն ունեն մինչև 2 սմ տրամագիծ, առէջները 17 —20 հատ են, սռնակները՝ 2 (հազվադեպ 1 կամ 3)։ Պտուղը կարճ էլիպսաձև է, մուգ ծիրանագույն, լրիվ հասունացածները մուգ մանուշակագույն, սպիտակ կետիկներով և դեղին պտղամսով։ Պարունակում է 2 կորիզ։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են հոկտեմբերին։Էկոլոգիական խումբը՝IX: Մշակության հավանական շրջանները Յա, 7 —14, 17։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում։ Հայաստանի սահմաններում հանդիպում է Ապարանում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, Վայքում, որտեղ աճում է ստորինից մինչև միջին լեռնային գոտիներում, նոսրանտառներում, լեռնային գետերի ու գետակների հովիտներում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 376։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սզնի կովկասյան» հոդվածին։