Սեքսոպաթոլոգիան Հայաստանում

Սեքսոպաթոլոգիա, Հայաստանում ձևավորվել է 1977 թվականից, երբ Երևանի քաղաքային 3-րդ կլինիկական հիվանդանոցի հիմքի վրա ստեղծվել է սեքսոլոգիական ծառայություն։ Այն, աստիճանաբար զարգանալով, վերածվել է կլինիկայի, բժշկության ինքնուրույն ճյուղի և 1980 թվականին քաղաքային 1-ին կլինիկական հիվանդանոցի տարածքում գործել է որպես ընտանիքի, ամուսնության և սեքսոպաթոլոգիայի հանրապետական կենտրոն (հիմնադիր՝ Լ. Միանսարյան), որը միավորվել է քաղաքային 2-րդ ծննդատան հետ՝ պահպանելով սեքսոլոգիական օգնության ֆունկցիոնալ ինքնավարությունը։ Հայաստանում սեքսոլոգիական ծառայության ցանցն ավելի է ընդարձակվել, երբ 1997 թվականին համալրվել է քաղաքային № 11 պոլիկլինիկայի հիմքի վրա գործող Վերականգնող, սեքսոպաթոլոգիայի քաղաքային կենտրոնով (հիմնադիր՝ Կ. Թոփչյան)։ 1998 թվականին ԵՊԲՀ-ում Մ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ բացվել են Սեքսոպաթոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի ամբիոն ու կլինիկա։ Ամբիոնի ստեղծմանը մեծապես նպաստել են Ռ. Դավթյանը, Գ. Գալստյանը, Կ. Սարաֆյանը։ Ամբիոնը ղեկավարել են Հայաստանի ԱՆ գլխավոր սեքսոպաթոլոգ Ա. Հակոբյանը (2000-2010), 2010 թվականից՝ Ս. Հակոբյանը։ Ամբիոնում ուսումնական գործընթացին, ԳՀ և բուժ-ախտորոշիչ աշխատանքներին զուգընթաց իրականացվում են սեքսոլոգիական, սեքսոլոգահոգեբուժական ու դատասեքսոլոգիական համալիր փորձաքննություններ։ Տպագրվել են նաև ուսումնամեթոդական ձեռնարկներ և դասագրքեր։ Ամբիոնում ուսումնասիրվում են շաքարային դիաբետով (Ա. Հակոբյան), նևրոզներով (Մ. Ձաքարյան), տղամարդու անպտղությամբ (Ս. Հակոբյան), սեռական դաստիարակության սխալներով պայմանավորված սեռական խանգարումները (Վ. Շահրամանյան), ԵՊԲՀ-ում սովորող տղաների մարմնասեռական զարգացման առանձնահատկությունները (Գ. Վարդանյան), սեռական ցանկության խնդիրները (Ն. Ներսիսյան), ՀՀ ԶՈՒ-ում ծառայողների գիշերամիզության ու սեռական խանգարումների փողկապվածության (Ա. Գրիգորյան) և այլ հարցեր։ Նշված ուղղություններով կատարվող հետազոտությունների մակարդակն ու ամբիոնում մշակված «Սեքսոլոգիա» առարկայի մեթոդաբանությունը և սեռական խանգարումների ախտորոշման, բուժման ու կանխարգելման սկզբունքների հստակ պատկերացումները վկայում են Հայաստանում ձևավորված և բարեհաջող զարգացող սեքսոպաթոլոգիական դպրոցի մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png