Սեյսմահետախուզություն, հետախուզության երկրաֆիզիկական մեթոդ, հիմնված է Երկրի կեղևի տարբեր միջավայրերում առաձգական (սեյսմիկ) ալիքների տարածման առանձնահատկությունների վրա։ Պայթեցումներից կամ մեխանիկական ներգործություններից առաջացած սեյսմիկ ալիքները, տարածվելով բոլոր ուղղություններով, թափանցում մեծ խորություններ (10 կմ և ավելի), անդրադառնում են և բեկվում տարբեր առաձգականություն ու խտություն ունեցող ապարների սահմանների վրա։ Այդ անդրադարձած և բեկված ալիքները մասնակիորեն վերադառնում են Երկրի մակերևույթ և գրանցվում սեյսմակայաններում։

Սեյսմահետախուզության մեջ կիրառվում են անդրադարձվող ալիքների մեթոդը (ԱԱՄ), բեկված ալիքների մեթոդը (ԲԱՄ) և պիեզոէլեկտրական էֆեկտը (Պէէ)։ ԱԱՄ-ը որպես առավել մանրամասն և ճշգրիտ մեթոդ ուսումնասիրում է նստվածքային շերտերը՝ կապված նավթի և բնական գազի որոնման ու հետախուզման հետ։ Այն կիրառվում է նաև որոշ մետաղային հանքավայրերի և ռեգիոնալ երկրաբանության մի շարք հարցերի ուսումնասիրության բնագավառում։ Օգտվելով ԲԱՄ-ից՝ կարելի է որոշել մեկ կամ մի քանի բեկող շերտերի խորությունը և ձևը։ Պէէ-ի միջոցով հայտնաբերում և հետամտում են պեգմատիտային մարմիններ ու քվարցային երակներ։ Սեյսմահետախուզությունը գլխավորապես օգտագործում է երկայնակի ալիքները, որոնց արագությունը ապարների մեջ տատանվում է 0,4-8 կմ/վրկ սահմաններում։ Սեյսմահետախուզություն կատարում են տրամատներով, որոնց վրա որոշակի հեռավորությամբ տեղադրվում են տատանումներ առաջացնող աղբյուրը և գրանցող սարքերը (սեյսմոգրաֆներ)։ Տատանումների աղբյուր են ծառայում ոչ խոր հորատման անցքերում պայթեցումները և վիբրացիոն սարքերը։ Երկրաբանահետախուզական աշխատանքների տնտեսական արդյունավետությունը բարձրացնելու նպատակով սեյսմահետախուզություն կատարվում է երկրաֆիզիկական այլ մեթոդների հետ, այն հնարավորություն է տալիս ուսումնասիրելու Երկրի կեղևի խորքային կառուցվածքը ընդհուպ մինչև Մոհորովիչիչի մակերևույթը՝ կիրառելով խորքային սեյսմիկ զոնդում։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 285